ՔՊ-ն պատրաստվում է իշխանությունը խլել Գյումրիում
ANALYSISԳյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության միանգամից հինգ անդամ մանդատը վայր դնելու դիմում է գրել։ Կուսակցությունից անունները չեն նշում, պնդում են, որ ավագանու անդամներն իրենք են որոշել մանդատները վայր դնել՝ Գյումրիի ավագանիում խմբակցության գործունեությունն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով սկսված կուսակցական վերադասավորումներին ընդառաջ։
«Քաղպայմանագիրը» Գյումրիում ընդդիմություն է դարձել ութ ամիս առաջ՝ խզելով կոալիցիոն հուշագիրը «Բալասանյան» դաշինքի հետ։ Այժմ էլ որոշել է ամրացնել շարքերը, ավագանու խմբակցությունը՝ Գյումրիի իշխող խմբակցության դեմ նոր արշավ սկսելու համար։
ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ, ավագանու սեփական խմբակցության նկատմամբ առանձնապես մեծ հավատ չեն ունեցել, կարծում են՝ որոշները գործարքների են գնացել «Բալասանյան դաշինքի» հետ։
Օրեր առաջ ՔՊ վարչությունում են քննարկել ավագանու հարցը, հանգել մի քանի անդամների մանդատաթափ անելու որոշմանը։ Այդուհանդերձ, Շիրակի մարզի ՔՊ-ականները վստահ չեն, որ շատ բան է փոխվելու։ Կամ պիտի արտահերթ ընտրություններ պարտադրեն, իսկ այդ դեպքում ՔՊ-ի հաղթանակն ամենևին էլ երաշխավորված չէ, կամ զբաղվեն սիրելի գործով՝ «անասնագողությամբ»։
Ըստ ամենայնի, որոշվել է ընտրել երկրորդ տարբերակը, գողանալ ավագանու անդամներ այլ խմբակցություններից, մեծամասնություն ձևավորել և վերցնել քաղաքապետի պաշտոնը։ Ըստ մեր աղբյուրի, սեպտեմբերին արդեն կզբաղվեն այդ գործով։
Էլիզա Գալստյան