Էրդողանը գնում է Սադամ Հուսեյնի հետքերով․ Իսրայելի ԱԳ նախարար
INTERNATIONAL NEWSԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին հայտարարել էր, որ պաղեստինցիներին աջակցելու նպատակով Թուրքիան կարող է մտնել Իսրայել, ինչպես դա արել է Լիբիայի և Արցախի պարագայում։
Հատկանշական է, որ Էրդողանն իր խոսքում չի հստակեցրել, թե խոսքն ինչ աջակցության մասին է։
«Մենք պետք է շատ ուժեղ լինենք, որպեսզի Իսրայելը չկարողանա անհեթեթ գործողություններ անել Պաղեստինում։ Ինչպես մտանք Ղարաբաղ, ինչպես մտանք Լիբիա, նույնը կարող ենք նրանց նկատմամբ անել»,- սևծովյան տարածաշրջանի Ռիզե քաղաքում հայտարարել է Էրդողանը, այնուհետև վստահեցրել՝ չկա որևէ պատճառ, թե ինչու իրենք չեն կարող դա անել։
Թուրքիայի նախագահի հայտարարությանն արձագանքել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը։ Նա մասնավորապես Էրդողանին համեմատել է Սադամ Հուսեյնի հետ։
«Էրդողանը գնում է Սադամ Հուսեյնի հետքերով և սպառնում է հարձակվել Իսրայելի վրա։ Պարզապես թող հիշի, թե ինչ կատարվեց այնտեղ և ինչպես ավարտվեց»,- գրել է նա։