Հութիներն իրենց վերահսկողության տակ են վերցրել Սանայում ՄԱԿ-ի գրասենյակը
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հութիներն օգոստոսի 3-ին իրենց վերահսկողության տակ են վերցրել Սանայում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի վարչության (ՄԻԳՀՎ) գրասենյակը` առգրավելով այնտեղ գտնվող փաստաթղթերն ու փոխադրամիջոցները:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ասվում է ՄԻԳՀՎ-ի ղեկավար Ֆոլքեր Թյուրքի՝ օգոստոսի 13-ի հայտարարության մեջ:
«Առանց թույլտվության ՄԱԿ-ի գրասենյակ մուտք գործելը և ուժով փաստաթղթերն ու ունեցվածքը վերցնելը լիովին հակասում են ՄԱԿ-ի արտոնություններին և անձեռնմխելիությանը: Դա նաև լուրջ գրոհ է ՄԱԿ-ի մանդատն իրականացնելու կարողության վրա, ներառյալ մարդկանց իրավունքների խրախուսման ու պաշտպանության առումով, որոնց պաշտպանությանն է կոչված իմ գրասենյակը»,- ասված է փաստաթղթում։
Թյուրքի պարզաբանմամբ՝ այս իրավիճակը տեղի է ունեցել օգոստոսի 3-ին, ՄԱԿ-ի աշխատակիցներին ստիպել են հանձնել փաստաթղթերը, ավտոմեքենաներն ու գրասենյակի բանալիները։
«Անսար Ալլահ»-ի (հութիներ) ուժերը պետք է անհապաղ ազատեն տարածքը և վերադարձնեն ողջ ունեցվածքը»,-հավելել է գերագույն հանձնակատարը:
Նա ընդգծել է, որ հունիսի 6-ին և 7-ին Եմենում ձերբակալվել է ՄԱԿ-ի 13 աշխատակից, այդ թվում՝ ՄԻԳՀՎ-ի 6 աշխատակից։ ՄԱԿ-ի ևս 2 աշխատակից հութիների կողմից ձերբակալվել է 2021 թ. նոյեմբերից մինչև 2024 թ. հունիսն ընկած ժամանակաշրջանում։ Բացի այդ, ըստ հաղորդագրության, հութիները ձերբակալել են հասարակական կազմակերպությունների և դեսպանատների ավելի քան 50 աշխատակցի։
Ձերբակալված աշխատակիցներին ազատ արձակելու՝ Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների բազմաթիվ կոչերն անտեսվել են։