Ողբերգական դեպք՝ Մարտունի քաղաքում. «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել 24-ամյա հեծանվորդին. վերջինը հիվանդանոցի ճանապարհին մահացել է
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ օգոստոսի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21:10-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 24-ամյա Ալիկ Ե.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Մարտունի քաղաքի Մյասնիկյան փողոցի 47 հասցեի մոտ՝ «ՎՏԲ» բանկի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել հեծանվորդ՝ 26-ամյա Արթուր Գ.-ին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամաներ Մարտունու բժշկական կենտրոնի շտապօգնության բրիգադը, տուժածին առաջին բուժօգնություն են ցուցաբերել Մարտունու թիվ 33 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ապա շտապօգնության բժիշկները վրաերթի ենթարկվածին տեղափոխել են հիվանդանոց, ով շտապօգնության ավտոմեքենայում գիտակցության չգալով մահացել է։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Ներսիկ Գրիգորյանի և վաշտի հրամանատար Սերգեյ Զաքարյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են պարեկները։Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ստեփան Հակոբյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Մարտունու թիվ 33 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել և գազազրկել են «Mercedes»-ը և սահմանազատել տարածքը։
Դեպքի մասին ոստիկանության Մարտունու բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Մարգարյանի, Մարտունու քննչական բաժնի պետ Արթուր Ավագյանի, բաժնի պետի տեղակալ Քոչար Քոչարյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Քաջիկ Դանիելյանի գլխավորությամբ։