ԱՄՆ-ն հաստատում է, որ Հայաստանը դիմել է «միջուկային համաձայնագրին» միանալու համար
ECONOMICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Միացյալ Նահանգներն ուսումնասիրում է Հայաստանի դիմումը՝ միանալու «123-րդ համաձայնագրին», որի հաստատման պարագայում Հայաստանը կարող է ստանալ ամերիկյան քաղաքացիական միջուկային տեխնոլոգիաներ․ այս մասին ՍիվիլՆեթին տված գրավոր մեկնաբանությունում ասել է Պետդեպարտամենտի խոսնակը։
ԱՄՆ դաշնային օրենքի համաձայն՝ ԱՄՆ կառավարությունը պետք է ստորագրի Միացյալ Նահանգների ատոմային էներգիայի գործակալության ակտի 123-րդ բաժինը, որը սահմանում է այլ երկրների քաղաքացիական միջուկային տեխնոլոգիաներ փոխանցելու անհրաժեշտ պայմանները։ ԱՄՆ-ն նման գործարքներ ունի 48 երկրների և տարածքների հետ՝ ըստ Պետդեպարտամենտի 2022-ին թարմացված տվյալների:
Եթե Հայաստանը միանա «123-րդ համաձայնագրին», դա կարող է ճանապարհ հարթել Հայաստանում ամերիկյան տեխնոլոգիաներով նոր ատոմակայան նախագծելու և կառուցելու համար, որը կփոխարինի Մեծամորի՝ դեռ խորհրդային ժամանակաշրջանում կառուցված ատոմակայանին:
«ԱՄՆ կառավարությունը չի կիսում բանակցային գործընթացի մանրամասները, բայց մենք կարող ենք ասել, որ Պետդեպարտամենտը պատշաճ ուշադրություն է դարձնում «123-րդ համաձայնագրին» միանալու Հայաստանի խնդրանքին»,- երեքշաբթի ՍիվիլՆեթին տված գրավոր մեկնաբանությունում ասել է Պետդեպարտամենտի խոսնակը։
«Թեև մենք չենք կարող տրամադրել այլ երկրների հետ ԱՄՆ կառավարության բանակցությունների ներքին գործընթացի մանրամասները՝ Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի հետ քաղաքացիական միջուկային համագործակցությունը խորացնելու հնարավորությունները»,- նշվում է պատասխանում։