«Տաքսու մեջ միշտ սցենար եմ մտածում». Ռուբեն Եսայանը՝ նոր գրքի, լավ ընտանիք ունենալու երազանքի, Էլեն Սաֆարյանի հետ «սիրավեպի» և պարելուց ամաչելու մասին
LIFEՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուբեն Եսայանի առաջին՝ «Թունելից 13 կմ հեռավորության վրա» գրքի հիման վրա նկարահանվող ֆիլմը պատրաստ կլինի 2025 թ-ի 2-րդ կեսին, իսկ 2-րդ՝ «Վանականներն ունեն գաղտնիք» գրքի էկրանվորում կլինի թե ոչ՝ կախված է առաջինի հաջողությունից:
Վերջին 2 տարում ամենավաճառված գրքերի հեղինակ Ռուբեն Եսայանի հաջորդ գիրքը լույս կտեսնի 2025թ-ի 1-ին կեսին. «գիրքն արդեն գրում եմ, այն առաջին գրքիս շարունակությունն է»:
Tert.am Life-ի բլից հարցերին այս անգամ պատասխանել է երիտասարդ գրող, վիդեո բլոգեր Ռուբեն Եսայանը:
-Սկզբունք, որին երբեք չեք դավաճանի:
-Զբաղվել այնպիսի գործով, որը չեմ սիրում:
-Ի՞նչ կփոխեիք Ձեր արտաքինի մեջ:
-Մազերս է մի քիչ սպիտակել, կսևացնեի:
-Ձեր բնավորության ո՞ր գիծը կփոխեիք հնարավորության դեպքում:
-Շտապելը, չնայած դա երբեմն օգնում է:
-Հաջողության հասնելու համար ի՞նչն է առանցքային. աշխատասիրությո՞ւն, ծանո՞թ, խե՞լք:
-Անպայման պետք է զբաղվել այն գործով, որը սիրում ես:
-Տաքսու մեջ հնչող վատ երաժշտությունը խնդրում եք անջատե՞լ, թե՞ ստիպված լսում եք:
-Տաքսու մեջ միշտ սցենար եմ մտածում, ու ինչ-որ բան չի խանգարում, ես կարողանում եմ աղմուկի մեջ կենտրոնանալ:
-Ինչի՞ մասին եք երազում:
-Լավ ընտանիք ունենալու:
-Իսկ ի՞նչ տիպի մարդկանց հետ ընդհանրապես չեք շփվի:
-Գուցե շաբլոն հնչի, բայց որոնք անկեղծ չեն:
-Ի՞նչ փոխեց Ձեր կյանքում հայտնիությունը:
-Մեծ հաշվով՝ հնարավորություններ տվեց, իսկ փոքր հաշվով՝ երբեմն սահմանափակում է հանրային վայրերում դրսևորվելու համար:
-Ամենամեծ սուտը, որ լսել եք Ձեր մասին:
-Որ գրքերս գրվել է արհեստական բանականությամբ:
-Ամաչկո՞տ եք: Ի՞նչ իրավիճակ պիտի լինի, որ ամաչեք:
-Ժամանակին ավելի ամաչկոտ էի, բայց հանրային գործունեությամբ զբաղվելը մեծ մասամբ դա վերացրեց: Բայց ամենաշատը ամաչում եմ պարելուց, որովհետև չեմ կարողանում:
-Վատ մեկնաբանություններին ինչպե՞ս եք արձագանքում:
-Ժամանակին շատ էմոցիոնալ, բայց հիմա, որոնք անառողջ են, բացարձակ ուշադրություն չեմ դարձնում, իսկ առողջ քննադատությունները շատ կարևոր են:
-Երևանում Ձեր ամենասիրելի հատվածը ո՞րն է:
-«Մոսկվա» կինոթատրոնի հատվածը:
-Էլեն Սաֆարյանի և Ձեր «սիրավեպի» մասին խոսակցություններին ինչպե՞ս կարձագանքեք:
-Վստահաբար, կասեմ, որ նման բան չկա: