Ադրբեջանը պահպանել է Աղավնոյի կարմիր կտուրները, տներ ավելացրել. 2 տարի առանց Աղավնո
INTERVIEWՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Եթե Ադրբեջանին հաջողվեց հայ դավաճանների օգնությամբ, աջակցությամբ հասնել իրենց մեծ երազանքին, ապա համոզված եմ` մեր ազգային միասնության ու հավատքի շնորհիվ մենք էլ 5 տարվա մեջ կարող ենք վերականգնվել, ուղղել մեր մեջքը, հասնել մեր նպատակներին։ Մեր ուզածն ի՞նչ է, մեր տունն ենք ուզում, այն հողը, որին սերունդներ եմ տվել և համարում եմ իմ ու երեխաներիս հայրենիքը»,- MediaHub-ի հետ զրույցում ասում է Աղավնո համայնքի ղեկավար Անդրանիկ Չաուշյանը։
Հայաստանում նրան ասել են՝ «դու արցախցի չես, Արցախում չես ծնվել, սփյուռքահայ ես», իսկ իր պատասխանը եղել է կարճ ու հստակ․ «Ես չեմ ծնվել Արցախում, Արցախն է ծնվել իմ մեջ»։
Չաուշյանը, որ այժմ ապրում է Հայաստանում, չի կորցնում վերադարձի հավատը։
«Թեկուզ ինձ ռևանշիստ կոչեն, ինչ ուզում է ասեն, ես իմ երեխաներին խոստացել եմ, որ վերադառնալու ենք, քանի որ մեր կամքով չենք հեռացել։ Մենք ամեն ինչ արեցինք գյուղը հայկական պահելու համար, ոչ մի բնակիչ չլքեց իր տունը։ Սակայն, մեր պայքարը ավարտվեց անարդյունք։ Աղավնոյի հանձնումից կարճ ժամանակ անց տեսանք ինչ կատարվեց։ Մենք դա բացառելու համար էինք ուզում գյուղը պահել։ Աղավնոն գլխավոր դարպասն էր»,- ափսոսում է գյուղապետը։
Աղավնոն թշնամուն հանձնվեց 2 տարի առաջ այս օրերին։ Հիմա, Արցախն ամբողջապես հայաթափվելուց հետո, Անդրանիկ Չաուշյանը մտահոգվում է Հայաստանի ապագայի համար։ Սիրտը ցավում է, որ իշխանությունը որդեգրել է պարտվողական, զիջողական քաղաքականությունը։
«Մենք սկզբից հավատացինք իշխանություններին՝ «Արցախը Հայաստան է և վերջ», 44-օրյա պատերազմից հետո լսեցինք՝ «Տեղ գյուղից էն կողմ Ադրբեջան է», հետո ռուս խաղաղապահները եկան։ Մենք համոզում էինք մեզ, որ ռուս-ուկրաինական պատերազմի հանգուցալուծումից հետո ինչ որ բան կփոխվի մեր կյանքում, բայց տեսանք այն, ինչ կատարվեց մեզ հետ։ Արցախում հիմա հայ չկա։ Հիմա մտահոգվում եմ, որ նույն սցենարը կիրականացվի նաև Հայաստանի մարզերում, մանավանդ, որ Ալիևի ախորժակը չի փակվել ու անընդհատ խոսում է Սյունիքի մասին»։
Աղավնոյի վարչական ղեկավարը հաճախ է Google ծրագրով հետևում գյուղում կատարված աշխատանքներին։ Կարմիր կտուրներով գյուղի նախագիծը նույնն է, միայն տների քանակն են շատացրել, գյուղը մեծացրել։
«Վերջին օրերին սակայն, անհետացել է Աղավնոյի մուտքում կառուցված պայքարի ու հաղթանակի խորհրդանիշ համարվող Սրբոց Նահատակաց եկեղեցին»,- հավելեց Չաուշյանը։
Հունան Թադևոսյան