Գոռ Խաչատրյան - Գոհար Հարությունյան զույգը՝ Եվրոպայի չեմպիոն
SPORTՉեխիայի Պլզեն քաղաքում անցկացվող հրաձգության վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնությունում Գոռ Խաչատրյանն ու Գոհար Հարությունյանը վազող թիրախ միքս մրցաձևում դարձել են չեմպիոններ։
Խաչատրյան - Հարությունյան զույգը 378 միավորով, 2-րդ տեղից դուրս է եկել կիսաեզրափակիչ, որտեղ 7:5 հաշվով, իսկ եզրափակչում 6:4 հաշվով հաղթանակներ են տարել՝ նվաճելով Հայաստանի թիմի 5-րդ ոսկե մեդալը այս առաջնությունում։
Ավելի վաղ Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Գոռ Խաչատրյանը խառը վազք մրցաձևի անհատական պայքարում նվաճել էր հաղթողի կոչումը։
Խառը վազք մրցաձևի մեծահասակների առաջնության կանանց անհատական պայքարում Գոհար Հարությունյանը 375 միավորով գրավել էր առաջին տեղը։
Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր էր դարձել Արուսյակ Գրիգորյանը՝ 373 միավոր արդյունքով։
Գոհար Հարությունյան - Լիլիթ Մկրտչյան - Արուսյակ Գրիգորյան թիմային եռյակը խառը վազք մրցաձևում 1112 միավոր արդյունքով դարձել էր Եվրոպայի չեմպիոն։
Խառը վազք մրցաձևի թիմային պայքարում Գոռ Խաչատրյան - Հայկ Մինասյան - Համլետ Կարենյան եռյակը 1082 միավորով դարձել էր արծաթե մեդալակիր։
Նույն մրցաձևի աղջիկների պայքարում Մարի Ղազարյան - Անահիտ Սարգսյան - Աիդա Ազատյան եռյակը 1021 միավորով նույնպես նվաճել էր արծաթե մեդալ։
10մ վազող թիրախ մրցաձևի կանանց պայքարում ոսկե մեդալակիր էր դարձել Գոհար Հարությունյանը։
Գոհար Հարությունյան - Լիլիթ Մկրտչյան - Արուսյակ Գրիգորյան թիմային եռյակը 1649 միավոր արդյունքով դարձել էր Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր։
Երիտասարդների թիմային պայքարում Գոռ Խաչատրյան - Հայկ Մինասյան - Համլետ Կարենյան եռյակը 1618 միավորով դարձել էր փոխչեմպիոն։
Նույն մրցաձևի աղջիկների պայքարում Մարի Ղազարյան - Անահիտ Սարգսյան - Աիդա Ազատյան եռյակը 1510 միավորով նվաճել էր բրոնզե մեդալ։