Կապանի մշակույթի կենտրոնում շնորհակալական խոսք հայտնեցին ԶՊՄԿ-ին՝ մարզիկների և մարզիչների կողքին լինելու համար
SOCIETY2024 թ. օգոստոսի 23-ից մինչև սեպտեմբերի 1-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայացավ քիքբոքսինգի աշխարհի առաջնությունը, որին մասնակցության հրավեր էր ստացել նաև Հայաստանի քիքբոքսինգի ազգային հավաքականը: Հանրապետության դրոշի ներքո հանդես եկան Հայաստանի տարբեր մարզերի ուժեղագույն, այդ թվում Սյունիքի մարզի քիքբոքսինքի պատանի մարզիկները: Սյունիքի մարզի «Գարեգին Նժդեհ» ակումբը (գլխավոր մարզիչ, ՀՀ վաստակավոր մարզիչ՝ Արա Սարգսյան, մարզիչ ՀՀ քիքբոքսինգի ֆեդերացիայի փոխնախագահ Վիկտոր Խաչատրյան) այդ կարևոր մրցմանը ներկայացել էր յոթ մարզիկով։ Նրանցից երկուսը հայրենի քաղաք վերադարձան մեդալներով և գավաթով։ Սերժ Պապյանը (մինչև 32 կգ քաշային կարգ) քիք լայթ մարզաձևում հաղթող դարձավ, իսկ լայթ մրցաձևում արժանացավ արծաթե մեդալի, Տիգրան Դավթյանը (մինչև 37 կգ քաշային կարգ) լայթ մրցաձևում կանգնեց պատվո պատվանդանի երրորդ հարթակին՝ ստանալով բրոնզե մեդալ։
Սեպտեմբերի 2-ին Կապանի մշակույթի կենտրոնի մերձակա հրապարակում փոքրիկ տոնախմբություն էր։ Ծափողջույններով և գոտեպնդող բացականչություններով կապանցիները դիմավորեցին Սերժին և Տիգրանին, նրանց մարզիչներին։ Տոնական սեղան էր բացվել. հնչեցին շնորհավորանքներ, բարեմաղթանքի խոսքեր մարզիկների և մարզիչների հասցեին։ Երախտագիտություն հայտնվեց ակումբի պատվավոր նախագահ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանին և ընդհանրապես կոմբինատի ղեկավարությանը՝ մարզիկների և մարզիչների կողքին լինելու, միջազգային մրցաշարերի մասնակցությունը հովանավորելու համար։
Վահրամ Օրբելյան