«Նոր ալիք»-ից Եվրատեսի՞լ. Անահիտ Հակոբյանը՝ տարած հաղթանակի, առաջիկա պրեմիերայի և անելիքների մասին
LIFEՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Նոր ալիք» երգի մրցույթում տարած հաղթանակից հետո Անահիտ Հակոբյանը վերադարձել է հայրենիք ու նոր շնչով շարունակում է աշխատել։
MediaHub-ի հետ զրույցում երգչուհին անկեղծացավ, որ գրաֆիկն այնքան գերծանրաբեռնված է, որ նույնիսկ մոռանում է հանգստանալու մասին։ Անահիտն իր հանդիսատեսի համար մեծ անակնկալ է պատրաստել։
«Սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ Անկախության օրը, հանդիսատեսի դատին կհանձնեմ իմ նոր երգը։ Այժմ պատրաստվում եմ պրեմիերային։ Երգը կոչվում է «Հայ երկինքը», այն երգ ու աղոթք է»,- նշեց երգչուհին։
«Նոր ալիք» հեղինակավոր երգի մրցույթին Անահիտը գնացել է պատրաստված։ Ասում է՝ «հենց հաղթանակի համար էի գնացել»։ Երգչուհին 6 տարեկանից սկսել է հանդես գալ բեմերում, մասնակցել երաժշտական տարբեր հեռուստանախագծերի։ Անահիտ Հակոբյանը 20 տարի բեմում է։ Նշենք, որ նա իր վերջին մեծ հաղթանակը նվիրել է իր հայրիկին, որը կյանքից հեռացել է մեկ տարի առաջ։
«Հայրս շատ էր սիրում իմ կատարումները: Միշտ ասում էր, որ ես իր փայլող աստղն եմ։ Հիմա ինքն է իմ աստղը, որ ուղեկցում է ինձ ու լուսավորում ճանապարհս։ «Նոր ալիքում» տարած հաղթանակն ինձ տվեց առաջ գնալու ստիմուլ։ Մասնագիտական գիտելիքներ, սեփական ուժերի նկատմամբ արդարացված հավատ, ավելի լայն հորիզոններ նվաճելու տեսլական։ Այսինքն` հիմա ավելի պարտավորված 2-3 անգամ ավելի եմ աշխատում։ Նույնիսկ չեմ հասցրել հաղթանակս վայելել»,- ասում է Անահիտը, ընդգծում, որ իր համար մեծ պատիվ էր ներկայացնել Հայաստանը, առավել ևս հաղթանակ բերելը։
«Չեմ պատկերացրել, որ օդանավակայանում ինձ այդպես կդիմավորեն, ինչ խոսք հաճելի զգացողություն էր»։
Հարցին՝ արդյո՞ք իրեն պատկերացնում է եվրատեսիլյան բեմում, երգչուհին նախընտրեց չպատասխանել: «Գիտե՞ք, դա այն հարցն է, որին չէի ցանկանա անդրադառնալ. կլինի այն, ինչ կլինի շուտով, Աստված առաջ»,- հավելեց նա։
Անահիտ Հակոբյանն ընտրյալ ունի։ Օրերս նա հրապարակել է տեսանյութ, որտեղ չի մերժել սիրելիի ամուսնության առաջարկը։