«Ապրումներս աննկարագրելի են, շատ եմ լարվում». Ռոզի Ավետիսովան՝ այսօր սպասվող պրեմիերայի ու բարդ դերի մասին
LIFEՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Ապրումներս աննկարագրելի են, ամեն առաջնախաղից առաջ շատ եմ լարվում, քանի որ առաջին անգամ ես հանձնում աշխատանքդ հանդիսատեսի դատին»,- խոսելով «Թատրոն տանիքում»-ում այսօր սպասվող պրեմիերայի մասին՝ Tert.am Life-ի հետ զրույցում ասաց դերասանուհի Ռոզի Ավետիսովան:
Աշնան առաջին պրեմիերան՝ «Կամելիազարդ տիկինը» Ալեքսանդր Դյումա որդու ամենահայտնի ստեղծագործության բեմադրությունն է:
Գլխավոր հերոսուհին՝ Մարգարիտան, ում մարմնավորում է Ռոզի Ավետիսովան, սիրում էր կամելիաներ, քանի որ դրանք հոտ չունեն, խաղող շաքարի մեջ, քանի որ դրանք համ չունեն, և հարուստ տղամարդկանց, քանի որ նրանք անսիրտ են: Այնուամենայնիվ, զգացմունքներից փախչելու ցանկության ետևում թաքնված էր փխրուն հոգի, որը փափագում էր իրական սիրո:
«Մոտ 40 օր ենք աշխատել գործի վրա, շատ կարճ ժամկետներում, բայց կարծում եմ, ինտենսիվ աշխատանքի շնորհիվ վերջնական արդյունքն այնպիսին է, ինչպիսին բոլորս ակնկալում էինք: Ամեն օր 6-7 ժամ աշխատել ենք նյութի վրա, դաժան շրջան է եղել օգոստոսը»,- պատմեց դերասանուհին: Նրա խոսքով՝ դերի առաջարկը ստացել է թատրոնի տնօրեն Շողերից, բայց գաղափարը, որ «Կամելիազարդ տիկին» բեմադրվի, եղել է իրենը:
«Սա իմ 4-րդ ներկայացումն է տանիքում, սովոր եմ արդեն այս ֆորմատին և օտարություն չեմ զգում, պարզապես դժվար է դասական գործերը տանիքում ռեալիզացնել: Շատ բաներ տարածքը թույլ չի տալիս, բայց երբեմն էլ հետաքրքիր լուծումների հնարավորություն է տալիս, եթե ռեժիսորը ստեղծագործող է: Օգտագործել ենք տանիքի բոլոր հնարավոր կողմերը, որպեսզի ստանանք այն, ինչ ուզում ենք»:
Դերասանուհու խոսքով՝ «Կամելիազարդ տիկինը» դասական թատրոնում և այս բեմում լիովին տարբեր են: «Կարծում եմ՝ հանդիսատեսին շատ կհետաքրքրի հենց այս ֆորմատի մեջ: Այս գործն ու հերոսուհուն առանձնահատուկ սիրում էր իմ լուսահոգի վարպետը՝ Վահե Շահվերդյանը, և հատկապես իր մահից հետո ես շատ մեծ ցանկություն ունեցա խաղալ մի բան, ինչը ինքը շատ էր սիրում և շատ կուզեր ինձ այդ դերում տեսնել: Առաջ մղող պատճառը դա է եղել, որ հենց այս գործն եմ ընտրել: Թեև նմանատիպ հերոսուհիների շատ բարդ ու հետաքրքիր է խաղալ»,- անկեղծացավ Ռոզի Ավետիսովան:
Ամփոփելով նա նշեց, որ ողջ ստեղծագործական կազմը՝ ռեժիսոր Մհեր Զաքարյանի գլխավորությամբ շատ բարդ ու սիրուն աշխատանք է տարել: Ու մենք՝ բոլորս երեխայի պես հավատում էինք այն ամենին, ինչ անում էինք: Թիմում բոլորն իրենց տեղում են, մեկը մյուսին օգնում ու լրացնում են ամբողջությամբ: