«Բարդ է ստեղծագործել Արցախը կորցնելուց հետո, բայց երգը ապրելու մասին է». Լյոկան՝ նոր երգի ու տեսահոլովակի, 3 տուն կորցնելու ու չհանձնվելու մասին
LIFEՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Շատ երկար եմ աշխատել այս երգի վրա, որը նաև Երևանի մասին պատմող ֆիլմի սաունդթրեկն է: Ֆիլմի պրոդյուսերը Էդգար Բաղդասարյանն է, նա 5 ֆիլմ է նկարել Երևանի կյանքի ու տարբեր իրավիճակների մասին, մի ֆիլմում կա նաև Արցախի տեղահանման թեման: Եվ Էդգարը վստահեց ինձ այս պատասխանատու գործը»,- Tert.am Life-ի հետ զրույցում պատմեց Լյոկան, ով շուտով հանդիստեսի դատին կհանձնի նոր երգն ու տեսահոլովակը:
Լացը ոչինչ չի փոխի, սա է ասելիքը
Արցախի բարբառով է, երգի խոսքերի հեղինակը Լևոն Աթաբեկյանն է՝ Շուշիից, բանաստեղծությունը գրվել է 1911թ-ին, կոչվում է «Լաց մի ինիլ», որը թարգմանաբար նշանակում է «Մի լացիր»: Երգում տարբեր թեմաներից է խոսվում, վերջում ասում է՝ ամեն ինչի վերջը սա է, լաց մի ինիլ: Երգը սփոփանքի նման մի բան է, այն ավելի շատ ապրելու մասին է: Երբ երգն առաջարկեցի, Էդգարն էլ, Մուրզոն էլ միանգամից հավանեցին: Արա Թորոսյանն էլ ֆանտաստիկ գործիքավորում է արել: Մեզ թվում է, որ երգը բավական ստացված է, որովհետև տխուր թեմաների մասին է խոսում, բայց պոզիտիվ նոտայի վրա է, լացը ոչինչ չի փոխում. սա է գլխավոր ասելիքը: Ֆիլմը սեպտեմբերի 20-ից հետո կցուցադրվի բոլոր կինոթատրոններում, իսկ տեսահոլովակի պրեմիերան կլինի սեպտեմբերին 15-ին: Տեսահոլովակում օգտագործվել է ֆիլմի կադրերից, որը հիմնականում արվել է Երևանում:
Բարդ է ստեղծագործել Արցախը կորցնելուց հետո
Իրականում բարդ է ստեղծագործել Արցախը կորցնելուց հետո, բայց ես մտածում եմ՝ ավելի ճիշտ է իրականության աչքերի մեջ նայել ու շարունակել ապրել: Որքան էլ բարդ էր, ու պահ կար, երբ չէի ուզում այլևս շարունակել ստեղծագործել, բայց հետո հասկացա, որ սա իմ պայքարի ձևն է: Իմ ստեղծագործությունները հիմնականում ապրելու մասին են, ուժի, չկոտրվելու ու շարունակելու մասին: Ինձ թվում է, ես իրավունք չունեի չանելու, որովհետև սա էլ իմ պատերազմն է, որտեղ ես փորձում եմ աննահանջ շարունակել, իսկ ապրումներս աննկարագրելի են: Սա միջոց է մեր սերունդներին փոխանցել, որ պետք է ոչ թե լացել, տանջվել, այլ շարունակել պայքարել ու չհանձնվել:
Ուզում եմ 4-րդ տունս կառուցել
Հիմա վարձով ապրում եմ Երևանում, բայց ձեռք եմ բերել հողատարածք, որտեղ ուզում եմ 4-րդ տունս կառուցել, չեմ հանձնվում: Այս պահին զբաղված եմ նոր ալբոմով, որը կոչվում է «Կյանք», յ-ն ջնջած՝ «Կանք», բառախաղ է: Հոկտեմբերի 20-ին 1-ին անգամ Հայաստանում ունենալու եմ շատ մեծ մենահամերգ և 1-ին ալբոմի շնորհանդես:
Արցախցիներին՝ մերոնց, ու առհասարակ բոլորին խորհուրդ կտամ երբեք ու ոչ մի պարագայում չհանձնվել, ես իմ փորձից եմ ասում, որ դա հնարավոր է, ուղղակի պետք է սթափ լինել, սառը դատել ու երբեք չհրաժարվել երազանքից ու նպատակից: Ես կորցրել եմ 3 տուն, բազմաթիվ անգամ փրկվել եմ մահից, բայց չեմ կորցրել իմ հույսը և հավատը: Դա ամենակարևորն է: