Արևային էներգիան կարող է դառնալ Բրազիլիայի տնտեսական աճի շարժիչներից մեկը
ECONOMICSԲրազիլիայի արևային էլեկտրակայաններն արտադրել են 15 գիգավատ էլեկտրաէներգիա։ Միաժամանակ արդյունաբերության զարգացման համար ներդրվել է ավելի քան 64 միլիարդ ռեալ (11,3 մլրդ դոլար)։ Այս մասին ասվում է Բրազիլիայի արևային ֆոտոգալվանային ասոցիացիայի (Absolar) զեկույցում։
Արդյունաբերության զարգացման շնորհիվ ստեղծվել է ավելի քան 452 հազար աշխատատեղ։ Միաժամանակ պետական բյուջե է մուտքագրվել 21,3 մլրդ ռեալ (3,7 մլրդ դոլար):
Երկրի բոլոր նահանգներում գործում են ամենամեծ արևային էլեկտրակայանները։ Էներգիայի այս աղբյուրն առավել ակտիվորեն օգտագործվում է Բրազիլիայի հյուսիս-արևելքում: Նրա օգնությամբ արտադրվում է էլեկտրաէներգիայի 58,6 տոկոսը։ Հարավ-արևելյան տարածաշրջանում արևային էներգիային բաժին է ընկնում էլեկտրաէներգիայի արտադրության 40,3 տոկոսը, հարավում՝ 0,5 տոկոսը, հյուսիսում և կենտրոնական-արևմուտքում՝ 0,3-ական տոկոս:
Absolar-ի գործադիր տնօրեն Ռոդրիգո Սաուայայի խոսքով՝ արևային էներգիայի օգտագործման ավելացումը կարող է լրացուցիչ խթան հանդիսանալ Բրազիլիայի տնտեսության զարգացման համար։ «Արևային էներգիայի զարգացումն ապահովում է կայուն զարգացում, նվազեցնում տնային տնտեսությունների ծախսերը և բարելավում Բրազիլիայի արտադրական հատվածի մրցունակությունը: Այս գործոնը գնալով ավելի է ազդում ազգային տնտեսության զարգացման վրա, ինչպես նաև ապահովում է էկոլոգիայի ոլորտում երկրի ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումը»,- ասել է Absolar-ի ներկայացուցիչը։
Հայաստանում արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը»։
Անահիտ Սարգսյան