«Եթե զանգեցի, ուրեմն լավ ա սաղ, եթե չէ, իմացի՝ մենք էլ չկանք»... չզանգեց. Ջերմուկի մարտերից անցել է 2 տարի
INTERVIEWՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
2 տարի է անցել Ջերմուկի մարտերից:
Սեպտեմբերի 13-ից 15–ը թեժ մարտեր էին Հայաստանի սահմանի երկայնքով. ադրբեջանական զինված ուժերը ինտենսիվ հրետակոծում էին Կապանի, Գորիսի, Ջերմուկի, Վարդենիսի հարակից համայնքները։ Ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունեցավ մարդկային ու տարածքային կորուստներ, և ՀՀ սուվերեն տարածքից որոշ հատվածներ մինչ օրս Ադրբեջանի հսկողության տակ են։
Վալերի Սեյրանի Սարգսյանը Ջերմուկի մարտերում է զոհվել: Վալերիի մայրը՝ տիկին Նելլին, MediaHub-ի հետ զրույցում ասաց՝ «վաղը կլինի 2 տարի, ինչ տղաս զոհվել է»։
Սարգսյանը 44 տարեկան էր, իր դուստրն ու 3 որդիները մինչ օրս չեն համակերպվում հոր կորստի հետ: «Վալերին զոհվել է Իշխանասարում, Գորիսի պոլկում էր ծառայում, կապիտան էր։ Սեպտեմբերի 12-ին, ժամը 22:00–ի կողմերը վերջին անգամ խոսեցի տղուս հետ, ասաց՝ «մամա, մի մտածի, տեղս լավ ա, մենակ մեր պոստն ա մնացել, բայց դեռ մենք ողջ ենք, եթե զանգեցի, ուրեմն լավ ա սաղ, եթե չէ, իմացի՝ մենք էլ չկանք»»,– մեզ հետ զրույցում հիշում է վերջին զրույցը որդու հետ մայրը:
Տիկին Նելլին ասաց, որ որդու զոհվելու մասին լուրը իրեն հայտնել է հարսը։ «Պոստից զոհվել էին երկու հոգի, որոնցից մեկը տղաս էր։ Իմացել ա, որ բեսպիլոտնիկը իրենց ուղղությամբ է գալիս, դուրս է եկել, իր վրա է վերցրել կրակը, մնացածը ողջ են մնացել»,- արցունքները զսպելով պատմեց նա:
Որդու նպատակներից մեկն էր, որ իր զավակները շարունակեն իր ճանապարհը, դառնան զինվորական։ «Մեծ ու միջնեկ տղաները ասում են՝ «ուզում ենք պապայի նման լինենք զինվորական, իր գիծը տանենք», փոքրն էլ ընդամենը երկու տարեկան է։ Վալերին Իշխանասարում է զոհվել։ Ինքներս Բաքվի փախստական ենք. եկանք Շուշի, 17 տարեկանում բանակ գնաց, ամբողջ կյանք եղել է զինվորական, 44–օրյա պատերազմում գյուղի ժողովրդին է տարհանել, դրա համար գովասանագիր էլ է ստացել»,– պատմեց մայրը։
Հիշում է՝ որդին իր պարտքն ու կյանքի նպատակն էր համարում հայրենիքին ծառայելը, արյան գնով տուն կառուցելը․․․
Նշենք, որ 2022 թվականի երկօրյա մարտերի սկիզբը դրվել էր 2021-ի մայիսի 12-ին, երբ Ադրբեջանի զինված ուժերը մեծաքանակ զինվորականներով և զինտեխնիկայով հատել են Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքը Սյունիքի մարզի Սև Լճի, ապա նաև Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա և Կութ բնակավայրերի տեղամասերում, գրավել Հայաստանից մոտ 41 քառակուսի կիլոմետր տարածք։ Եվրախորհրդարանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահներից երկուսը՝ Միացյալ Նահանգները և Ֆրանսիան, կոչ էին արել Ադրբեջանին դուրս բերել իր զորքերը միջազգայնորեն ճանաչված հայկական տարածքներից, սակայն, Ադրբեջանը մինչ օրս ոչ միայն հետ չի քաշել իր զորքը, այլև ամեն անգամ առիթը բաց չի թողնում սպառնալ նոր պատերազմով։
Մարիաննա Արամյան