BMW-ի վարորդը ներկայացել է ոստիկանություն
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ավելի վաղ հայտնել էինք, որ 2024 թվականի հուլիսի 26-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 15-րդ կիլոմետր հատվածում՝ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ջաջուռ բնակավայրի վարչական տարածքում, իրար են բախվել BMW X3 3.01 մակնիշի և HONDA FTT 1.3 մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով HONDA FTT 1.3 մեքենայի վարորդը և վերջինիս կինը տեղում մահացել են, իսկ նրանց 8-ամյա որդին, ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գյումրի բժշկական կենտրոն», որտեղ, գիտակցության չգալով, ևս մահացել է:
BMW X3 3.01 մակնիշի ավտոմեքենայի վարորդը դեպքի վայրից դիմել էր փախուստի:
Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, Քննչական կոմիտեից Iravaban.net-ին հայտնեցին, որ BMW-ի վարորդը՝ Շիրակի մարզի բնակիչ 41-ամյա Արմեն Տոնոյանը ներկայացել է ոստիկանություն։ Նա ձերբակալվել է։
Փախուստի դիմած վարորդը հատել էր ՀՀ սահմանը, նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում։
Միջնորդություն է հարուցվում դատարան՝ նշված անձի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերահաստատելու վերաբերյալ։
Արմեն Տոնոյանը մեղադրվում է այն բանում, որ դեպքի ժամանակ ավտոմեքենան վարելով նշված ճանապարհահատվածով, տեխնիկական տեսանկյունից թույլ է տվել ճանապարհային երթևեկության կանոնների խախտում և կատարել է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի պահանջներին հակասող գործողություններ:
Չպահպանելով ճանապարհային երթևեկության կանոնները՝ հոծ գծի առկայության պայմաններում չի իրականացրել տրանսպորտային միջոցի աջակողմյան երթևեկություն և, հատելով հոծ գիծը՝ դուրս է եկել հանդիպակաց երթևեկության ուղեմաս, ինչի հետևանքով բախվել է դիմացից եկող ավտոմեքենային՝ դառնալով երեք մարդու մահվան պատճառ։
Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live