Ի՞նչ է ակնարկում Էրդողանը
SOCIETYԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեային մասնակցելու նպատակով ԱՄՆ կատարած այցի շրջանակում բանակցություններ կվարի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Թուրքական «Sabah» թերթի տեղեկություններով, Էրդողանը երկկողմ հանդիպումներ կունենա աշխարհի բազմաթիվ առաջնորդների հետ և մեծ մասին կընդունի Նյու Յորքում թուրքական դիվանագիտության խորհրդանիշ համարվող «Թուրքական տանը», որը գտնվում է ՄԱԿ-ի կենտրոնակայանի դիմաց:
Մինչ այդ Էրդողանը ելույթ է ունեցել Նյու Յորքում թուրք-ամերիկյան ազգային ղեկավար կոմիտեի կազմակերպած ճաշկերույթի ժամանակ, կրկին թիրախավորել հայկական լոբբիին։
«Դուք բոլորից լավ գիտեք՝ ինչ անհարմարություններ են առաջացել թուրք-ամերիկյան հանրության շրջանում։ Պետք է զգոն լինենք այն մտածելակերպի նկատմամբ, որը փորձում է թունավորել մեր երեխաների և երիտասարդների միտքը՝ դպրոցական ծրագրերը լցնելով անհիմն զրպարտություններով: Ձեր միասնությունն ու համակարգումն ամերիկացի քաղաքական գործիչներին թույլ կտան իմանալ պատմական ճշմարտությունը։ Հարցերի քաղաքական օգտագործումը, որոնցով պետք է զբաղվեն պատմաբանները, և տարբեր լոբբիների օգտագործումը չեն նպաստի ո՛չ թուրք-ամերիկյան, ո՛չ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված մեր ջանքերին»,-ասել է Էրդողանը։
Թուրքիայի նախագահը նաև հայտարարել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն հաստատելու կարևոր հնարավորություն են ստացել։
«Տարածաշրջանի երկրների միջև տարաձայնությունների վերացումը, ինչպես նաև խաղաղության և բարիդրացիության հաստատումը մեր հիմնական սկզբունքներից են։ Թուրքիան կարևոր է համարում, որ բոլոր պետությունները հարգեն միմյանց ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և միջազգային իրավունքը։ Այսօր ժամանակակից աշխարհն իմ թվարկած սկզբունքների կարիքն ունի»,-ասել է Էրդողանը։
Այցով Նյու Յորքում է նաև Նիկոլ Փաշինյանը, ելույթ է ունենալու Գլխավոր ասամբլեայի նիստում, նաև հանդիպումներ է ունենալու։ Էրդողնաի հետ հանդիպումը կարող էր կայանալ ՄԱԿ-ի շենքում, բայց «Թուրքական տուն» այցելելու հրավերն ընդունելը նշանակում է անցնել Թուրքիայի նախագահի թրի տակով։ Փաշինյանն, իհարկե, վաղուց է անցել այդ թրի տակով, բայց այժմ էլ ցանկանում է Հայաստանի Հանրապետությունը դարձնել միջազգային հարաբերությունների մանրադրամ։
Ալինա Հովհաննիսյան