MediaHub-ն երկու շաբաթից ավելի է, ինչ ուշադրության կենտրոնում է պահում Երևանի Հակոբ Օշականի անվան 172 հիմնական դպրոցում՝ հայտնի «փոսի դպրոցի» շուրջ տեղի ունեցող իրավիճակը: Հիշեցնենք, տևական ժամանակ է դասերն այս դպրոցում հեռավար են: Պատճառը այն է, որ Օրբելի 23 հասցեում 30 հարկանի շենքի հիմք է գցվում, և այդ աշխատանքների արդյունքում դպրոցում որոշակի տատանումներ ու ցնցումներ են առաջանում։

Այսօր ևս մենք գրել էինք, որ դպրոցում դասերը դեռ հեռավար են, ծնողներն էլ բողոքում են, քանզի ոտնահարվում են երեխաների կրթություն ստանալու իրավունքը: Մեր այս հրապարակումից ժամեր անց ՄԻ պաշտպան Անահիտ Մանասյանը հանդես եկավ հայտարարությամբ, որում, ի թիվս այլ խնդիրների, բարձրաձայնել է նաև այս խնդիրը, թեև հստակ դպրոցի անուն չի նշվել: 

Ահա ՄԻՊ հայտարարությունը. «Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին շարունակվում են ներկայացվել բազմաթիվ բողոքներ՝ ՀՀ տարբեր բնակավայրերում, հատկապես՝ մայրաքաղաքում իրականացվող մեծածավալ շինարարական աշխատանքների հետևանքով քաղաքացիներին պատճառվող անհարմարությունների և իրավունքների խախտումների վերաբերյալ: 

Մասնավորապես, քաղաքացիներն իրենց դժգոհությունն են արտահայտում շինարարական և քանդման աշխատանքների հետևանքով առաջացող բարձր աղմուկի, փոշու, անվտանգային հարցերի, ինչպես նաև շինաշխատանքները ոչ աշխատանքային և հանգստյան օրերին իրականացնելու, արդյունքում` իրենց իրավուքների խախտումների վերաբերյալ: 
Առավել մտահոգիչ է այն, որ որոշ դեպքերում ներկայացված բողոքներում բարձրացվում է այն հարցը, որ այդ  աշխատանքների հետևանքով խաթարվում է նաև հարևանությամբ գտնվող դպրոցներում դասապրոցեսների բնականոն ընթացքը: Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ կրթության իրավունքի պատշաճ իրացումը երեխայի` Սահմանադրությամբ երաշխավորված հիմնարար իրավունքն է, որի իրացման ապահովման առաջնային և կարևորագույն օղակներից են հանրակրթական ուսումնական հաստատությունները:
Պաշտպանն ընդգծում է, որ ճանաչելով յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունքը՝ պետության ջանքերը պետք է նպատակաուղղված լինեն յուրաքանչյուր երեխայի կրթության պատշաճ իրացման ապահովմանը:

Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ քննարկվող ամբողջ ոլորտում պետության կողմից կա´մ մշակված չեն գործիքակազմեր, կա´մ դրանք չեն կիրառվում անհրաժեշտ և բավարար մեթոդաբանությամբ` արդյունքում հանգեցնելով քաղաքացիների տարատեսակ իրավունքների խախտումների:

Վերոգրյալի հաշվառմամբ՝ անհրաժեշտ է հրատապ քայլեր ձեռնարկել նշված խնդիրների լուծման ուղղությամբ»:

Մենք ողջունում ենք, որ Անահիտ Մանասյանը և ՄԻՊ աշխատակազմը ակտիվ հետևում են մամուլի հրապարակումներին և արձագանքում դրանց: Եվ հույս ունենանք, որ Պաշտպանի կողմից խնդրին արձագանքելը որոշակիորեն կարագացնի խնդրի լուծումը:

Մարիաննա Արամյան