«Ֆիլմը մեծահասակները երեխաների հետ կդիտեն առանց լարվածության, լեզուն գռեհիկ չէ ու մաքսիմալ պահպանպանված է ցենզուրան». Գրիգոր Դանիելյան
LIFEՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արդեն տեղեկացրել ենք, որ «Դեպի ճամբար-հատուկ ջոկատ» գեղարվեստական ֆիլմը հոկտեմբերի 3-ից կլինի բոլոր կինոթատրոններում: Ֆիլմի պրոդյուսեր, սցենարիստ և դերասան Գրիգոր Դանիելյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այս ֆիլմը տարիքային սահմանափակում չունի, այն հետաքրքիր կլինի նաև մեծահասակների համար:
«Ի սկզբանե մենք որոշել ենք, որ ֆիլմը որպես առանձին միավոր պետք է հետաքրքիր լինի բոլորի համար, տարիքային շեմը կինոթատրոններում նշված է 12+, բայց, եթե անկեղծ լինեմ, ապա 6 տարեկաններն էլ կարող են դիտել ու հաստատ իրենց համար էլ հետաքրքիր կլինի։
Մենք հաշվի ենք առել նաև, որ այս ֆիլմը պետք է հետաքրքիր լինի մեծերի համար ու արդյունքում՝ (մեր գնահատականով) դա մեզ մոտ ստացվել է, իհարկե, ամենաճիշտ գնահատականը կտա մեր հանդիսատեսը»:
Գրիգորի կարծիքով՝ ֆիլմը մեծահասակները երեխաների հետ կդիտեն առանց լարվածության. «Երբ մենք հեռարձակում էինք «Դեպի ճամբար» հեռուստասերիալը, բազմաթիվ արձագանքներ էի ստանում մեծ տարիքի ներկայացուցիչների կողմից, որոնցում նշում էին, որ իրենք երեխաների հետ սիրով դիտում են ֆիլմը, ամենակարևորը՝ առանց լարվելու, քանի որ լեզուն գռեհիկ չէ, ու մաքսիմալ պահպանպանված է ցենզուրան։
Ըստ Գրիգորի՝ ֆիլմը հետաքրքիր կլինի նաև նրանց համար, ովքեր մինչ այդ նախագծին չեն հետևել:
Ֆիլմում ներգրավել են ինչպես հին կերպարներից շատերին, այնպես էլ նոր դեմքերի:
«Հին կերպարներից շատերը նկարահանվել են, ի դեպ, Ռաֆայել Երանոսյանն է վերադարձել: Դե Գարիկ Սեփխանյանը կա, Վահագն Գալստյանը՝ իր անվտանգության աշխատակցի դերով, Մարիամ Ալեքսանյանը, ով մարմնավորում է ոստիկանի, Հռիփսիմե Ելինյանը (հարուստի երեխայի ծնող): Իհարկե, մեր ֆիլմին միացավ նոր կազմ ևս՝ Լևոն Հարությունյան, Սուրեն Թումասյան, Լիլի Էլբակյան, Լիլիթ Սարգսյան, Սամվել Թոփալյան, Յուլյա Ֆինկ, Վաչե Երիցյան և Տիգրան Գյուլումյան։ Քաստինգ որպես այդպիսին չենք ունեցել, ի սկզբանե պատկերացրել ենք, որ տվյալ դերը լավագույնս կմարմնավորի այսինչ դերասանը, հետո աշխատել ենք դերի վրա և ունեցել ենք հրաշալի արդյունք»:
Գրիգորի խոսքով՝ անհամբերությամբ սպասում է, թե երբ ֆիլմը կհանձնեն հանդիսատեսի դատին.
«Պրեմիերայից հետո մենք չենք սահմանափակվելու Երևան քաղաքով։ Ֆիլմը ցուցադրվելու է Հայաստանի գրեթե բոլոր մարզերում, շատ քաղաքներում առաջին դիտումներին ներկա ենք գտնվելու նաև մենք։ Ավելի ուշ՝ նոյեմբերի 3-ին, ԱՄՆ-ում՝ Լոս Անջելեսում կկայանա ֆիլմի ամերիկյան պրեմիերան։ Նախատեսում ենք նաև ցուցադրություններ եվրոպական երկրներում ու Ռուսաստանի Դաշնությունում։ Առայժմ հստակ քաղաքների անուններ չեմ կարող տալ, բայց մենք բազում նամակներ ենք ստանում արտերկրում ապրող մեր հայրենակիցներից, ովքեր նույնպես ցանկանում են դիտել ֆիլմը, սակայն չեն կարող. մենք ամեն ինչ կանենք, որ արտերկրում ապրող մեր հայրենակիցները նույնպես վայելեն մեր աշխատանքը»,- ամփոփեց Գրիգոր Դանիելյանը:
Ավելի վաղ, Tert.am Life-ն անդրադարձել էր ֆիլմի նկարահանումներին և ներկայացրել բեքսթեյջ լուսանկարներ ու հարցազրույցներ ստեղծագործական թիմի հետ: