Հայաստան մեկնողները մնացել են Դոհայի օդանավակայանում, ապահովվել են միայն սնունդով. ինչպե՞ս կվերադառնան Երևան
INTERVIEWՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկ Իրանը շուրջ 200 բալիստիկ և թևավոր հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ: Դեռ օգոստոսից Իրանը զգուշացնում էր, որ կպատասխանի Իսրայելին և ահա երեկ երեկոյան Իրանի պատասխանը տեղ հասավ: «Իրանը ռազմատենչ պետություն չէ, բայց հաստատակամորեն դիմակայում է ցանկացած սպառնալիքի»,- նշել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
Այսօր Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Իսրայելի դեմ ռազմական գործողությունները ավարտված են։
Իրանի պատասխանից տուժել են հազարավոր մարդիկ, այդ թվում՝ հայեր։ Այդպես, բացի այն, որ Իրանն էր չեղարկել բոլոր չվերթները, նաև Կատարից՝ մայրաքաղաք Դոհայից չվերթները չեղարկվել են։ Իսկ Դոհան, հիշեցնենք, կարևոր տրանզիտային կետ է Երևանից և դեպի Երևան թռիչքների համար:
MediaHub-ին ահազանգած քաղաքացին նշեց, որ երեկ երեկոյան Դոհա–Երևան չվերթը չեղարկել են, և մարդիկ չգիտեին՝ ի՞նչ անեն, և ինչո՞ւ է չեղարկվել թռիչքը: Որոշ ժամանակ անց հայտնի է դարձել պատճառը՝ Իրան-Իսրայել հակամարտություն։
«Չեղարկվել է ոչ միայն մեր չվերթը դեպի Երևան, այլ 10–ից ավելի չվերթներ տարբեր ուղղություններով, անժամկետ։ Մարդիկ գիշերը փաստի առաջ կանգնեցին, Դոհայի օդանավակայանում աշխատողները նշում էին՝ «ֆորսմաժորային իրավիճակ է», մեզ սնունդով ապահովեցին, սակայն հյուրանոց չհատկացրեցին, և ամբողջ գիշեր մենք օդանավակայանում ենք անցկացրել»,– նշեց ահազանգած քաղաքացին։
Նա բողոքեց, որ խոսքն ամենահայտնի ավիաընկերություններից մեկի՝ «Qatar Airways»-ի մասին է, որն անգամ հյուրանոց չի հատկացրել փաստի առաջ մնացած մարդկանց։
«Դեռ հայտնի չէ, թե ինչպես ենք վերադառնալու Երևան, ասել են կա՛մ ուրիշ թռիչքով, գուցե ուրիշ քաղաքով կվերադառնանք Երևան, կա՛մ միգուցե երեկոյան մեծ ինքնաթիռ կհատկացնեն, և երկու թռիչքների ուղևորները միանգամից կվերադառնան Երևան»,- նշեց նա։
Հավելելով՝ մեր զրուցակիցն ասաց, որ ոչ միայն Հայաստան մեկնող քաղաքացիներն են մնացել ամբողջ գիշեր օդանավակայանում, այլ նաև բոլոր չեղարկված թռիչնքերի ուղևորները, և դեռ պարզ չէ՝ ինչպես են բոլորին ուղարկելու իրենց ուղղություններով։
Հիշեցնենք, երեկ համացանցում բուռն քննարկվում էր, թե ինչպես է Իսրայելը պատասխանելու Իրանին: Ըստ տեղի լրատվամիջոցների՝ Իսրայելը պատրաստվում է պատասխանել Իրանին։
Մասնավորապես, Իսրայելի ռազմաօդային ուժերը 48 F-16I «Sufa» և F-15I «Ra'am» կործանիչներ են օդ բարձրացրել՝ նախապատրաստվելով Իրանի առանցքային թիրախների վրա հրթիռային հարվածներ հասցնելուն։ Այս գործողությունը կարող է պատասխան լինել իսրայելական օբյեկտների վրա Թեհրանի վերջին հրթիռային հարձակումներին: Ըստ իսրայելական աղբյուրների՝ հարվածները կհասցնեն ռազմավարական թիրախներին, այդ թվում՝ ռազմական բազաներին և ենթակառուցվածքներին, որոնք կապված են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և Իրանի միջուկային ծրագրի հետ։
Մարիաննա Արամյան