Մինչև 2030 թ. դեկտեմբերի 31-ը կազատվեն շահութահարկի վճարումից. նախագիծ. «Փաստ»
SOCIETY«Փաստ» օրաթերթը գրում է.
Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է փոփոխություն կատարել Հարկային օրենսգրքում: Հարկային օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, մինչև 2024 թ.-ի դեկտեմբերի 31-ը ներառյալ ընդգրկված հարկային տարիների համար շահութահարկի վճարումից ազատվում են գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղված շահութահարկ վճարողները՝ իրենց կողմից գյուղատնտեսական արտադրանքի իրացումից ստացվող եկամտի, ինչպես նաև այլ ակտիվների իրացումից ստացվող և այլ եկամուտների մասով, եթե այլ ակտիվների իրացումից ստացվող և այլ եկամուտների տեսակարար կշիռը համապատասխան հարկային տարվա համախառն եկամտի մեջ չի գերազանցում տասը տոկոսը:
Այլ ակտիվների իրացումից ստացվող և այլ եկամուտների տեսակարար կշիռը համապատասխան հարկային տարվա համախառն եկամտի մեջ տասը տոկոսը գերազանցելու դեպքում այս մասով նախատեսված արտոնությունը գործում է միայն գյուղատնտեսական արտադրանքի իրացումից ստացվող եկամտի մասով: Գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղվող շահութահարկ վճարողների համար մինչև 2024 թ.-ի դեկտեմբերի 31-ը շահութահարկի վճարումից ազատելու մասին պահանջը սահմանվել է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մինչև նշված ժամկետը գյուղատնտեսության ոլորտում պետք է սահմանված լինեին համատարած հաշվառման մեխանիզմներ, մինչդեռ դրանք դեռևս սահմանված չեն, ինչի արդյունքում գյուղատնտեսության ոլորտում ձևավորվող եկամուտների արդյունավետ հաշվառում հնարավոր չի լինի ապահովել:
Ըստ նախարարության, նշված ժամկետը չերկարացնելու դեպքում գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսվարողները շահութահարկի վճարումից խուսափելու նպատակով կարող են դադարեցնել իրենց իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կարգավիճակը, իսկ այլ ֆերմերային տնտեսություններ խուսափեն գրանցվելուց։ Նախագծով առաջարկվող փոփոխությամբ, գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղվող տնտեսվարողները մինչև 2030 թ.-ի դեկտեմբերի 31-ը կազատվեն շահութահարկի վճարումից։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում