Հայաստանի ԱԳՆ-ն նոր է հասկացել, որ Ադրբեջանը խաղաղության օրակարգ չի ուզում
ANALYSIS«Արդյո՞ք Ադրբեջանը հրաժարվում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունն Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա ճանաչելու պայմանավորվածություններից: Արդյո՞ք Ադրբեջանը հրաժարվում է Խաղաղության օրակարգից»: Այս հարցադրումներն է անում ՀՀ ԱԳՆ-ն՝ իր մամուլի խոսնակի շուրթերով, ասես, հենց նոր է գլխի ընկել, որ Բաքվին խաղաղության որևէ պայմանագիր էլ հարկավոր չէ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ Ջրականում սպառնալիքների հերթական խմբաքանակն է արտանետել, Հայաստանին զգուշացրել «վերջ տալ վտանգավոր խաղերին, չզինվել, այլապես այդ ամենը լավ չի ավարտվելու»։
Բաքվի պահանջներն օրեցօր ավելանում են, սպառնալիքներն ավելի վտանգավոր դառնում, իսկ օդից ընկած հայաստանյան իշխանություններն էլ երբեմն-երբեմն իրականությունն ըմբռնելու թույլ փորձեր են անում։
Անի Բադալյանը գրել է, թե պաշտոնական Երևանն արդեն բազմիցս և ամենաբարձր մակարդակով հայտարարել է, որ որևէ հարևանի նկատմամբ ագրեսիվ մտադրություններ չունի, ճանաչում է նրանց բոլորի տարածքային ամբողջականությունը և տարածքային պահանջներ չունի։ «Ինչ վերաբերում է սպառազինություններին, ՄԱԿ-ի կանոնադրությունը յուրաքանչյուր պետության ինքնապաշտպանության իրավունք է վերապահում։ Ավելին, միջազգային իրավունքը յուրաքանչյուր պետության իր քաղաքացիներին պաշտպանելու պարտավորությամբ է օժտում։ Հայաստանը սպառազինություն և տեխնիկա ձեռք է բերում միայն ինքնապաշտպանության իրավունքը և սեփական քաղաքացիների պաշտպանության պարտավորությունն իրացնելու նպատակով։ Սրան զուգահեռ՝ Ադրբեջանի հարձակողական զինատեսակներով սպառազինման ծավալներն անգամներով ավելին են, ինչի մասին հաճախ հայտարարում է Ադրբեջանի նախագահը»,- նշել է նա։ «Մի՞թե Ադրբեջանն ագրեսիա է նախապատրաստում Հայաստանի Հանրապետության նկատմամբ»,- հարցնում է ԱԳՆ խոսնակը։ Նոր հասկացա՞ք, ոչ այնքան սիրելի ԱԳՆ։
Նարինե Մանուկյան