Շիրակի թեմի առաջնորդը կռիվ է գցել ընդդիմության շարքերում
ANALYSISՀայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի վերջին հարցազրույցը կրկին կրքեր է բորբոքել ընդդիմադիր շարժման շարքերում։ Աջապահյանը հայտարարել է, թե երկրորդ և երրորդ նախագահները պետք է հեռանան. Բագրատ Սրբազանի անհաջողության պատճառն իրենք են։ «Պիտի լինի նոր «Հանրապետական» կուսակցություն, թող «Հանրապետական» կուսակցությունը 40 կտորի բաժանվի, ոչ մի վնաս չկա դրանից հայ ժողովրդին, արդեն իրենց գոյությունն է, որ բերեց այս աղետին»,-ասել է նա՝ համոզմունք հայտնելով, որ եթե նախկին նախագահները քաղաքական ասպարեզից հեռանան, պայքարը անպայման կհաջողվի։
Շիրակի թեմի առաջնորդի կարծիքով՝ մայիսյան հրապարակը լեփ-լեցուն էր, քանի որ Բագրատ Սրբազանը քաղաքական ուժերի հետ չէր նույնացվում։ Վերջին հանրահավաքից օրեր առաջ շարժման առաջնորդը խորհրդարան էր գնացել, հանդիպել ընդդիմադիր խմբակցություններին, այնտեղ էլ լրագրողներին ասել, որ երկրորդ ու երրորդ նախագահների հետ փակ հանդիպում է ունեցել։ «Այդ մարդիկ իրենց քաղաքական ներգրավվածությամբ խանգարում են Բագրատ Սրբազանին»,- նշել էր Շիրակի թեմի առաջնորդը։
Կարելի է համաձայնվել, կամ չհամաձայնվել նրա կարծիքի հետ, հազար ու մի փաստարկ բերել՝ հերքելու կամ հաստատելու նրա խոսքերը, բայց Շիրակի թեմի առաջնորդին թիրախավորելու այն կեղտոտ գործընթացը, որ սկսվել է նրա հարցազրույցից հետո, իսկապես անթույլատրելի է։
Մարդիկ, որոնք Նիկոլ Փաշինյանին են մեղադրում Հայ առաքելական եկեղեցու ու նրա սպասավորների դեմ արշավ իրականացնելու մեջ, երեկվանից իրենք ոչ պակաս փնթի արշավ են սկսել եկեղեցու ազդեցիկ հայրերից մեկի դեմ՝ լի վիրավորանքներով։ Ի վերջո, քաղաքական կռապաշտությունն է, որ աղետներ է բերել Հայաստանին։ Հարկավոր է քննարկել, քաղաքական միտք գեներացնել, հասկանալ խնդիրները, դրանց լուծման ուղիները, այլ ոչ ընդդիմախոսին, սեփական կուսակցապետին քննադատողին ցեխին հավասարեցնել։ Դրանով վնասում են ոչ թե Սրբազան Հորը, այլև իրենք իրենց։
Մարգարիտա Մարգարյան