Փեզեշքիանն ու Մակրոնը քննարկել են իրավիճակը Գազայում և Լիբանանում
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը և նրա ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնը քննարկել են Իսրայելի և լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման միջև ռազմական գործողությունները դադարեցնելու և հրադադար հաստատելու ուղիները։ Այս մասին հայտնում է ԻՌՆԱ-ն:
Փեզեշքիանը և Մակրոնը կիրակի երեկոյան հեռախոսազրույց են ունեցել՝ մտքեր փոխանակելով հարավային Լիբանանում իրավիճակի շուրջ, որտեղ Իսրայելի ռեժիմը ցամաքային գործողություն է սկսել և շարունակում է ինտենսիվ օդային հարվածները։
Իրանի նախագահն ասել է, որ իր երկիրը միշտ ցանկացել է, որ տարածաշրջանում պահպանվի անվտանգությունը և ողջունում է հրադադարը: Նա ընդգծել է, որ Իրանը զսպվածություն է դրսևորել այն բանից հետո, երբ Իսրայելը հուլիսին Թեհրանում սպանեց պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեին՝ հույս ունենալով, որ Գազայում հնարավոր կլինի հրադադար հաստատել և անմեղ մարդկանց հետագա սպանությունները կդադարեցվեն: Սակայն, հավելել է Փեզեշքիանը, Իսրայելի ռեժիմն ակտիվացրել է հարձակումները Գազայում և հակամարտությունը տարածել Լիբանան՝ ցույց տալով, որ չի հարգում մարդասիրական կամ միջազգային օրենքները։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը ողջունում և աջակցում է ցանկացած առաջարկ, որը կվերականգնի հանգստությունը, խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում»,- ասել է Փեզեշքիանը և կոչ արել ֆրանսիացի գործընկերոջը շարունակել ջանքեր գործադրել եվրոպական այլ երկրների հետ աշխատանքում՝ ստիպելու Իսրայելին դադարեցնել պատերազմը Գազայի հատվածում և Լիբանանում:
Իրանի նախագահը նաև «դրական» է որակել Ֆրանսիայի կողմից Լիբանանում Իսրայելի հանցագործությունների վերջին դատապարտումը և զենքի էմբարգոն:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր հերթին Թեհրանին կոչ է արել նպաստել տարածաշրջանում լարվածության դեէսկալացիային, հաղորդում է Agence France-Presse-ը՝ հղում անելով Ելիսեյան պալատին։
«Մակրոնն ընդգծել է Իրանի պատասխանատվությունը ընդհանուր դեէսկալացիայի պահպանման համար և կոչ է արել օգտագործել իր ունեցած ազդեցությունն իրավիճակն ապակայունացնող խաղացողների վրա, որոնք վայելում են Թեհրանի աջակցությունը»,- ասվում է տեքստում։