«Տարակուսելի» խմիչք, որն ունի աշխարհում ամենաթունդ տեսակը. տարեկան 10 մլն շիշ՝ ընդամենը 35 աշխատակցով. «Փաստ»
ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ«Փաստ» օրաթերթը գրում է.
Մեր երկրում (և ոչ միայն մեր) Ավստրիայի ազգային խմիչքի մասին թեկուզ ինչ-որ բաներ գիտեն միայն քչերը։ Մարդկանց մեծամասնությունը երբեք չի էլ լսել դրա մասին, այդ պատճառով էլ պատմենք ավստրիական Stroh ռոմի մասին (կարդացվում է Շտրո): Գուցե շատերին հետաքրքիր լինի այն, որ Ավստրիայում կա նման ըմպելիք: Այդ ըմպելիքն ստեղծվել է դեռ 1832 թվականին Սեբաստիան Շտրոյի կողմից։ Եվ նա հազիվ թե սպասեր, որ իր մտահղացումը հայտնի կմնա ավելի քան 190 տարի: Այդ ժամանակ հարավային Ավստրիայում ալկոհոլի արտադրությունը սաղմնային փուլում էր, և երիտասարդ Սեբաստիան Շտրոն որոշեց դառնալ առաջին գործարարներից մեկը, ով բացեց ալկոհոլի արտադրության սեփական ձեռնարկությունը։ Նրա մահից հետո Stroh ռոմի արտադրությունը դարձավ ընտանեկան բիզնես, որը կայուն աճում էր:
Հարկ է նշել, որ հետագայում համաշխարհային շուկա դուրս գալուց հետո էլ այդ խմիչքի որակը ոչ մի կերպ չի տուժել։ Այսօր ընկերության գլխամասային գրասենյակը գտնվում է Կլագենֆուրտ քաղաքում։ Շատերի համար «ավստրիական ռոմ» արտահայտությունը տարակուսանք է առաջացնում։ Իրոք, Ավստրիան (այն ժամանակ՝ Ավստրո-Հունգարիան) երբեք հարավային գաղութներ չի ունեցել, իսկ ռոմը սովորաբար արտադրում են շաքարեղեգից։ Այն ժամանակներում ռոմ արտադրողները հաճախ փոխարինում էին շաքարեղեգի մելասի համը տարբեր խոտաբույսերի խառնուրդներով և ներկանյութեր ավելացնում։ Նման «ռոմային» հավելումներով ալկոհոլային հիմքը կոչվում էր Inlanderrum:
Ներկայում Stroh ռոմի արտադրության մեջ օգտագործվում է շաքարեղեգի ենթամթերք: Ստացված ռոմը հնեցվում է տակառներում 3 տարի։ Հիմա Շտրոյի մի քանի տեսակներ արտադրվում են տարբեր չափերի շշերով։ Նրանք ունեն թվային նշում, որը ցույց է տալիս խմիչքի մեջ ալկոհոլի պարունակությունը: Արտադրվում են Stroh 38, 40, 54, 60, 80: Stroh 80-ը աշխարհի ամենաթունդ ռոմն է: Ընդ որում, անգամ այլ տեսակի ալկոհոլային խմիչքներից քչերը կարող են համեմատվել նրա հետ թնդությամբ։ Բնականաբար, Շտրոյի ամենաթունդ տեսակները չեն սպառվում իրենց մաքուր տեսքով, թեև արտադրողն ինքը խորհուրդ է տալիս չնոսրացնել այն: Շատ դեպքերում Շտրոն տարբեր կոկտեյլների բաղադրիչ է: Ի դեպ, Ավստրիայում հայտնի B-52 կոկտեյլը պատրաստվում է հենց այդ՝ համեմված ռոմի հիման վրա։
Դրանից հաճախ պատրաստվում են Jagartee (որսորդական թեյ) և պունչ։ Բացի այդ, այն ավստրիական թխվածքների անբաժանելի բաղադրիչն է։ Չնայած այն հանգամանքին, որ Շտրոն դեռ այնքան էլ հայտնի չէ շատ երկրներում, բայց այն մեկ անգամ չէ, որ արտերկրում տարբեր մրցանակների է արժանացել։ Առաջին անգամ ընկերությունը ոսկե մեդալ է ստացել 1900 թվականին Փարիզի ալկոհոլային ցուցահանդեսում։ Իսկ այն փաստը, որ ընկերությունն ունի ընդամենը 35 աշխատակից, չի խանգարում նրան տարեկան արտադրել մոտ 10 միլիոն շիշ ռոմ և ուրախացնել նուրբ ալկոհոլի սիրահարներին աշխարհի հիսուն երկրում։
ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



