Դա վրաց ժողովրդի ընտրությունն է. Մոսկվան չի միջամտել. Կրեմլը՝ Վրաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքների մասին
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը վճռականորեն մերժում է իր դեմ ուղղված մեղադրանքները՝ կապված Վրաստանի խորհրդարանական ընտրություններին միջամտության հետ։ Այս մասին գրում է ekhokavkaza.com-ը:
«Մենք կտրականապես մերժում ենք նման մեղադրանքները։ Դրանք շատ երկրների համար ստանդարտ են դարձել, գրեթե անմիջապես Ռուսաստանին մեղադրում են միջամտության համար։ Ո՛չ, դա ճիշտ չէ: Ոչ մի միջամտություն չի եղել։ Մեղադրանքները բացարձակապես անհիմն են»,- լրագրողներին ասել է Պեսկովը։
Մեկնաբանելով Վրաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքները՝ նա ասել է, որ «դա վրաց ժողովրդի ընտրությունն է»։
«Այժմ շատ կարևոր է, որ ոչ մի երրորդ երկիր չմիջամտի այս ընտրությունների արդյունքներին։ Նույն տիկին նախագահը (Սալոմե Զուրաբիշվիլի - խմբ.) ասաց, որ չի ճանաչում այս ընտրությունների արդյունքները։ Ես չգիտեմ, թե արդյոք Վրաստանի նախագահի իրավասությունների շրջանակում է ճանաչել կամ չճանաչել ընտրությունները: Ամեն դեպքում, այս ամենը ներքին վրացական խնդիր է»,- ասել է Պեսկովը։
Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը ստացել է ձայների 53,93 տոկոսը, ընդդիմադիր «Կոալիցիա հանուն փոփոխությունների» քաղաքական միավորումը՝ 11,04%, «Միացյալ ազգային շարժում»-ը՝ 10,17%, «Ուժեղ Վրաստան»-ը՝ 8,8%, «Գախարիան հանուն Վրաստանի»-ն՝ 7,8%։ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, «Կոալիցիա հանուն փոփոխությունների»-ն, «Միացյալ ազգային շարժում»-ը և «Ուժեղ Վրաստան»-ն չեն ճանաչել ընտրությունների արդյունքները։ «Գախարիան հանուն Վրաստանի» կուսակցությունը կարծում է, որ «Վրացական երազանք»-ը ճնշել է Վրաստանի քաղաքացիների կամքը, իսկ ընտրությունների հրապարակված արդյունքները չեն արտացոլում վրաց ժողովրդի կամքը։ «Կոալիցիա հանուն փոփոխությունների»-ն և «Միացյալ ազգային շարժում»-ը հայտարարել են, որ հրաժարվում են աշխատել նոր խորհրդարանում։ Զուրաբիշվիլին և ընդդիմության առաջնորդները վերջին ընտրությունները որակել են «ռուսական հատուկ օպերացիա» և «ՊԱԿ-ի հատուկ գործողություն»։