Աբխազիայի նախագահը պետական հեղաշրջման փորձ է որակել ընդդիմության գործողությունները
INTERNATIONAL NEWSԱբխազիայի նախագահ Ասլան Բժանիան ընդդիմության գործողությունները գնահատել է որպես պետական հեղաշրջման փորձ և կոչ արել բնակչությանը չտրվել սադրանքներին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա հայտարարել է Апсныпресс-ին տված հարցազրույցում:
«Հիմա ժամանակն է, երբ մենք պետք է հոգ տանենք մեր երկրի մասին, մեր հայրենիքը վտանգի տակ է: Նման բարդ իրավիճակում մեր հայրենիքը հայտնվեց հեղաշրջման փորձ կատարած մարդկանց գործողությունների հետևանքով: Դեռ ուշ չէ հետ կանգնել»,- ասել է Բժանիան՝ քաղաքացիներին հորդորելով չմասնակցել անօրինական և չարտոնված հանրահավաքներին։
Նրա խոսքով՝ նախագահական ընտրությունները կարող են ելք լինել ճգնաժամից։
«Կողմերը մշտապես վկայակոչում են ժողովրդի կարծիքը՝ ասելով, որ իրենք ունեն մեր քաղաքացիների աջակցությունը, ընտրությունները ցույց կտան, թե ում է նախագահի պաշտոնում ուզում ունենալ Աբխազիայի բազմազգ ժողովուրդը»,- նշել է նա։
Աբխազիայում իշխանությունների և ընդդիմության միջև առճակատումը սկսվել է Ռուսաստանի Դաշնության հետ ներդրումային համաձայնագրի պատճառով, որը նախատեսում է Աբխազիայում բնակարանների կառուցում։
Ընդդիմության կողմնակիցները կարծում են, որ դրա իրականացումը կբերի բնակարանների գների բարձրացման, ինչպես նաև հանրապետության փոքր և միջին բիզնեսի համար ռիսկերի։ Խորհրդարանը պետք է վավերացներ փաստաթուղթը նոյեմբերի 15-ին, սակայն բողոքի ցույցերի բռնկման պատճառով դա հետաձգեց։
Ընդդիմության կողմնակիցները գրավել են Սուխումի կառավարական շենքերի համալիրը, այդ թվում՝ նախագահական նստավայրը՝ պահանջելով նախագահի հրաժարականը։