«Ռոբերտ Աբաջյանի նման տղերք ենք տվել, ինչպե՞ս կարող եմ չծառայել»․ Արմեն Մինասյան
VIDEO«Մեծերին հարգում էր, բարի էր, չափից շատ ծնողասեր»,-այսպես է որդուն նկարագրում Գյուլնար Խաչատրյանը՝ Iravaban.net-ի «Արցախյան պատերազմի անմահ զոհերը» շարքի շրջանակներում։
Արմեն Մինասյանը ծնվել է 2001 թվականի հուլիսի 6-ին Վարդենիկում։
Սիրելի աղջիկ, բիզնես պլաններ, մեծ երազանքներն ու նպատակները սրտում պահած 2020 թվականի հունվարի 7-ին նա զորակոչվել է բանակ՝ ծառայելու հայրենիքին։ Արմենն ուներ իր հերոսին, որի պատկերն ունենալով է մեկնել ծառայելու։ Ասել է՝ Ռոբերտ Աբաջյանի նման տղերք ենք տվել, ինչպե՞ս կարող եմ չծառայել։ Արմենը ծառայել է Ջրականում։
«Լավ է ծառայել, ոչ մի բանից չի տրտնջացել։ 6 ամիս ծառայելուց հետո տուն չկարողացավ գալ համավարակի պատճառով։ Մենք էլ չենք կարողացել գնանք։ Վարորդ է եղել։ Ընկերներն ասում են, որ ոչ մի բանից չի վախեցել։ Նրանցից մեկը պատմել է՝ մենք այդպիսի ֆիլմ նույնիս չէինք տեսել։ Պատերազմի օրերին տղաս կարողացել է զենք վնասազերծել, իր վրա է վերցրել հարվածը, որ ընկերներին ոչինչ չլինի։ Այնպիսի ճարպկությամբ է վարել մեքենան, որ մի քանի անգամ փրկվել են շրջափակման մեջ ընկնելուց։ Ինչքան զանգում էի, ասում էր՝ մամ ջան, լավ է լինելու»,-պատմում է մայրը։
Ծառայակից ընկերը, ով 6 ամիս կոմայի մեջ է եղել, գիտակցության գալուց հետո Արմենի ծնողներին պատմել է, որ իրենք շրջափակման մեջ են եղել, ամեն կողմից թշնամի է եղել։ Նստել են մեքենան ու չեն հասցրել տեղից շարժվել, մեքենան պայթեցրել են, ողջ են մնացել երկու հոգի։ Արմենը զոհվել է հոկտեմբերի 30-ին։
Մանրամասները՝ տեսանյութում։