Կայացավ «Տարվա երգ» 2024-ը. հայտնի դարձան տարվա լավագույնները
LIFEՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկ՝ դեկտեմբերի 1-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հայտնի դարձան տարվա լավագույնները. կայացավ «Տարվա երգ» 2024 մրցանակաբաշխությունը: Tert.am Life-ը ներկա է եղել մրցանակաբաշխությանն ու ետնաբեմում զրուցել արտիստների հետ:
Տարվա հիթերն ընտրվում են յութուբում բազմաթիվ կամ գոնե մի քանի միլիոն դիտումների արդյունքում, ինչպես նաև սահմանվում են հատուկ մրցանակներ և հրավիրվում հատուկ հյուրեր:
Այս տարի համերգի բացման հատուկ հյուրն էր երգիչ Վարդան Բադալյանը՝ պարային խմբով: Հատուկ հյուրերի շարքում էին Միխայիլ Գալստյանը՝ Սուպեր Ժորիկի կերպարով, Արտո Թունջբոյաջյանը՝ «Արարատ» երգով: Երեկոն վարում էին Նազենի Հովհաննիսյանն ու Պոնչը՝ Տարոն Իսպիրյանը:
«Իմ երգերից ներկայացված է «Մատանի» ստեղծագործությունը, երաժշտության հեղինակը Նիկ Եգիբյանն է, խոսքերի հեղինակը Ավետ Բարսեյանն է: Գեղեցիկ ստեղծագործություն է, որը դեռ 1 ամիս չկա, որ թողարկվել է, պարզապես համացանցում այն շատ արագ տարածում գտավ ու սիրվեց: Արտիստների համար նման համերգն իսկապես երջանկություն է: Վերջին տարիներին պակասել էին նման միջոցառումները, հանդիսատես ու արտիստ հանդիպումները: Արտիստի համար սա, իսկապես, տոն է»,- Tert.am Life-ի հետ զրույցում, համերգից առաջ ասաց երգչուհի Սոֆի Մխեյանը:
«Այս մրցանակաբաշխությունը կարևոր է այնքանով, որ տարվա վերջում գնահատվում է կատարած աշխատանքներիցդ լավագույնը, չնայած ինձ համար ամեն աշխատանք իր ուրույն տեղն ունի: Այսօր մասնակցում եմ իմ և Սարգիս Եղիազարյանի «Շատ-շատ» երգով»,- մեզ հետ զրույցում նշեց երգիչ Սարգիս Ավետիսյանը:
Վարդան Բադալյանն էլ նշեց, որ իր համար առհասարակ մրցանակները հաճելի են, բայց դա չի նշանակում, որ միայն մրցանակի համար է աշխատում: «Հաճելի է, երբ գնահատում են: Ամփոփում ենք տարի ու շատ ընկերների, երաժիշտների տեսնելու առիթ ենք ունենում, գեղեցիկ ու կարևոր համերգ է»,- ասաց երգիչը:
«Ամբողջ տարվա ընթացքում աշխատում ենք, ներկայացնում ենք ստեղծագործություններ, և շատ հաճելի զգացողություն է, երբ գնահատվում է: Բացի այդ, հաճելի է, երբ կոլեգաներիդ հետ մեկ բեմում ներկայանում ես, նման միջոցառումները շատ հարստացնում են քեզ որպես երգիչ»,- նշեց երգչուհի Սոնա Ռուբենյանն, ում «Փաթիլներ» ստեղծագործությունը ստացավ «Տարվա երգ» մրցանակը:
Երիտասրադ երգչուհի LEAH-ն Tert.am Life-ի հետ զրույցում համեգից առաջ անկեղծացավ, որ սա իր կյանքում առաջին մեծ բեմն է, որտեղ ներկայանալու է և մրցանակ է ստանալու, անչափ հուզված է ու երջանիկ:
«Այս օրը պետք է բոլորի համար միշտ տոն լինի, քանի որ Հայաստանում նման միջոցառումներ շատ քիչ են լինում: Կուզեմ ավելի հաճախակի կազմակերպվեն»,- հավելեց երգչուհին:
«Տարվա երգ» 2024 մրցանակին արժանացան Իվետա Մուկուչյանի «Սեր անի», Արամ MP3-ի «Երևի», Սոնա Ռուբենյանի «Փաթիլներ», Արաբո Իսպիրյան և Արցախի ձայներ «Կարոտում եմ», Արամե «Երազանք», Նունե Եսայան «Վայ լե լե», Նանուլ «Տու» և այլ ստեղծագործություններ: