Ես կլինեմ անկախ պատգամավոր, խմբակցությունից ինձ չեն հեռացրել, եղել է համատեղ քննարկում. Գեղամ Նազարյան
INTERVIEWՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ինձ խմբակցությունից չեն հեռացրել, տեղի է ունեցել համատեղ քննարկում և դրա արդյունքում որոշում է կայացվել, որ շատ ավելի արդյունավետ կլինի մեր աշխատանքը, եթե ես աշխատեմ իմ աշխատանքը որպես անկախ պատգամավոր:
Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է պատգամավոր Գեղամ Նազարյանը:
Նա ասել է, որ հանդիպել է նաեւ Ռոբերտ Քոչարյանի հետ. «Մենք եկել ենք այն եզրահանգման, որ ավելորդ խոսակցություններից, մեկնաբանություններից խուսափելու համար ես շարունակեմ աշխատանքը որպես անկախ պատգամավոր:
Ես մի խնդրանք, կոչ կանեի՝ չփորձեք խմբակցությունից դուրս գալը և անկախ պատգամավորի աշխատանքը ներկայացնել որպես Գեղամ Նազարյանն անցում է կատարում ՔՊ: Ընդհակառակը, Գեղամ Նազարյանը լինելու է ավելի արմատական ընդդիմադիր պատգամավոր»,- հայտարարել է նա:
Հարցին՝ Ռոբերտ Քոչարյանը թույլ չէ՞ր տալիս խմբակցությունում ավելի արմատական լինել, նա պատասխանել է. «Ոչ, թույլ էր տալիս, ուղղակի մեկնաբանությունները, որ Գեղամ Նազարյանը դուրս է գալիս խմբակցությունից, որովհետև նիկոլական է դարձել, և այդպիսի տարատեսակ կեղտոտ մեկնաբանություններ, դրա համար ես հատուկ շեշտում եմ, որ իմ գործունեությունն աչքի է ընկնելու ավելի ընդդիմադիր գործունեությամբ»:
Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցությունը հայտարարություն էր տարածել, որում ասվում էր, որ Գեղամ Նազարյանին առաջարկել են դուրս գալ խմբակցությունից, վերջինիս որոշմանը թողնելով որպես անկախ պատգամավոր գործելու ընտրությունը: