Անվճար ուսման հնարավորություն միջազգային հեղինակավոր դպրոցում (տեսանյութ)
ECONOMICSՀունվարի 25-ին «Էրեբունի պլազայում» տեղի ունեցավ «Միջազգային առաջատար ուսումնական հաստատություններում ուսանելու հնարավորությունները, խնդիրները և կրթաթոշակների տրամադրման պայմանները հանրակրթական դպրոցների աշակերտների համար» թեմայով ասուլիս, որի շրջանակում ներկայացվեց «Գլոբալ բրիջ» ուսումնական կենտրոնի և Regent's միջազգային դպրոցի կողմից համատեղ իրականացվող միջազգային կրթաթոշակային ծրագիրը՝ նախատեսված դպրոցականների համար: Վերջինս հնարավորություն է տալիս 13-17 տարեկան հայ աշակերտներին 20-100% կրթաթոշակով ուսանել Թաիլանդի Regent's դպրոցում:
Դպրոցը հիմնադրվել է 2000թ. և Հարավարևելյան Ասիայում անգլիական միջազգային ֆեդերացիայի, ինչպես նաև Բրիտանական գիշերօթիկ դպրոցների ասոցիացիայի անդամ է: Դասախոսական կազմը բաղկացած է բարձրակարգ մասնագետներից, ովքեր ժամանել են աշխարհի տարբեր երկրներից: Ծրագիրը ներկայացնելու և միջազգային դպրոցը հայ հանրությանը ծանոթացնելու նպատակով Հայաստան էր ժամանել Regent's դպրոցի տնօրեն Փիթեր Հոգանը: Վերջինիս խոսքով՝ սա եզակի հնարավորություն է հայ աշակերտի համար ստանալ կրթություն միջազգային չափանիշներով:
Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է հանձնել անգլերեն լեզվի և մաթեմատիկայի քննություն և անցնել հարցազրույց դպրոցի տնօրենի հետ: «Գլոբալ Բրիջ» ուսումնական կենտրոնի տնօրեն Աննա Հարությունյանի խոսքով՝ ՀՀ ԿԳՆ հետ կնքած համաձայնագրի շրջանակներում 2006 թվականից մինչ օրս ավելի քան 120 հայ աշակերտ է ուսանել Regent's դպրոցում, որոնցից շատերն իրենց ուսումը շարունակում են աշխարհի լավագույն համալսարաններում: Հատկանշական է, որ սա Հայաստանում միակ նմանատիպ նախագիծն է, իսկ մեր երկիրը տարածաշրջանում միակն է, որ համագործակցում է դպրոցի հետ: