Թուրքամետ ուժերը հայտնել են Սիրիայի Մանբիջ քաղաքի վերահսկողությունը վերցնելու մասին, քրդերը հերքում են այդ տեղեկությունը
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայի աջակցությունը վայելող սիրիացի ապստամբները մտել են Սիրիայի հյուսիսային Մանբիջ քաղաք՝ ԱՄՆ դաշնակից քրդական ուժերից իրենց վերահսկողության տակ վերցնելով շրջակա տարածքի մեծ մասը, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով թուրքական անվտանգության ծառայության աղբյուրին։
«PKK-ի (Քրդստանի աշխատավորական կուսակցության - խմբ.) դեմ պայքարը շատ մոտ է հաղթանակին։ Թե՛ օդային, թե՛ ցամաքային գործողությունները շարունակվում են Մանբիջը PKK-ի ձեռքից վերցնելու համար»,- ասել է աղբյուրը՝ նկատի ունենալով քրդական աշխարհազորայիններին, որոնք արդեն երկար ժամանակ վերահսկում են Մանբիջը:
Աղբյուրը նշում է, որ Թուրքիայի կողմից աջակցվող ուժերը վերահսկում են Մանբիջի 80%-ը, որը զբաղեցնում է մոտ մի քանի հարյուր քառակուսի կիլոմետր տարածք և մտել են հենց քաղաք։
Սակայն, ԱՄՆ-ի աջակցությունը վայելող սիրիական քրդական ուժերը, որոնք վերահսկում են Սիրիայի հյուսիս-արևելքը և նախկինում եղել են թուրքական մի քանի ներխուժումների թիրախ, ասել են, որ դեռևս պայքարում են թուրքամետ խմբավորումների դեմ:
«Մեր ուժերը շարունակում են իրականացնել Մանբիջը պաշտպանելու իրենց առաքելությունը՝ օգտագործելով համապատասխան ռազմական մեթոդներ...Մանբիջի և Ալ-Բաբայի ռազմական խորհուրդների մարտիկներն ակտիվորեն դիմադրում են Մանբիջ քաղաքի և նրա շրջակայքի վրա թուրքական վարձկան զավթիչների հարձակումներին: Այս բախումների ընթացքում տասնյակ վարձկաններ են սպանվել ու վիրավորվել։
Իրենց ձախողումները քողարկելու համար վարձկանների հետ կապված լրատվամիջոցները հայտարարել են, որ վերահսկում են Մանբիջի մեծ մասը: Այս տեղեկությունը կեղծ է, և մեր ուժերը շարունակում են իրենց ջանքերը՝ տարբեր ռազմական միջոցներով պաշտպանելու այս տարածքը և նրա բնակչությանը։ Անհաջող հարձակումներից հետո թուրք զավթիչները դիմել են քաղաքի օդային ռմբակոծմանը՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքները և վարչական շենքերը»,- ասվում է քրդական ուժերի հայտարարության մեջ։
Մանբիջ քաղաքը գտնվում է Թուրքիայի սահմանից մոտավորապես 30 կմ հարավ և Եփրատ գետից արևմուտք։