Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր և պարտադիր հայտարարագրման հետևանքների մասին
ECONOMICSԱռաջիկա 2025թ.-ին մեր հարյուր հազարավոր համաքաղաքացիներ օրենքով սահմանված կարգով, իրենց եկամուտների մասով դառնում են պարտադիր հայտարարատուներ, որի հետ կապված ստորև մենք ներկայացնում ենք մեր մոտեցումները: Մինչև այս մանրամասներին անդրադառնալը պետք է ասել, որ ակնհայտ է, որ այդ հայտարարագրման գործընթացին մենք գնալու ենք բավականին անպատրաստ: Այն ունի և՛ տեխնիկական խնդիր, և՛ սոցիալական կոնտեքստ: Այսինքն խնդիրը կայանում է նրանում, որ շատերը էլեկտրոնային հաղորդակցման միջոցներին չեն տիրապետելու, սա մեկ: Եվ երկրորդ, դա առաջացնելու է որոշակի կոնկրետ ծառայություններից օգտվելու պահանջ, և դա բերելու է նաև լրացուցիչ ֆինանսական ծախսերի: Այս ամենով հանդերձ բնականաբար կա նաև իրազեկվածության կամ մեթոդական աջակցության խնդիր, թե որն է կոչվում եկամուտ: Կարծում եմ հազարավոր մարդիկ ունենալու են խիստ դժվարություններ: Դրա մասին է վկայում նաև այն, որ տասնյակ հազարավոր մարդիկ, որոնք հայտարարատու էին արդեն 2024թ.-ին ըստ էության մինչ օրս չեն ներկայացրել իրենց հայտարարգրերը, և դրա հետևանքով առաջանալու են լրացուցիչ տուգանքներ:
Հասկանալի է, որ տարբեր փուլերում տարբեր երկրներ անցել են ֆիզիկական անձանց եկամուտների պարտադիր հայտարարագրման ռեժիմի, սակայն դա իրականացվել է բավականին երկար ժամանակահատվածում նախապատրաստվելու դեպքում: Պետական մակարդակով մեր բնակչությանը հասու չէ նաև, թե ինչը պետք է հայտարարագրվի, օրինակ եթե դրանք եկամուտներն են, ապա, թե որոնք են համարվում եկամուտներ: Փաստորեն այս հայտարարագրման գործընթացը վերաբերվելու է առնվազն 700,000 վարձու աշխատողներին և 100,000 հարկ վճարողներին: Այսպես ՀՀ-ում 2023-2025թթ.-ի ընթացքում ներդրվող ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի շրջանակներում ՝ բացառապես ՀՀ ռեզիդենտ հանդիսացող ՀՀ քաղաքացիները (բացառությամբ անչափահասների) պարտավոր են հայտարարագրել իրենց կողմից ստացված բոլոր եկամուտները ներկայացնելով հայտարարագիր:
Համաձայն ՊԵԿ-ի պաշտոնական կայքում զետեղված հայտարարագրման ուղեցույցի հայտարարագիր ներկայացվում է նաև այն դեպքում, երբ ֆիզիկական անձը տվյալ տարում որևէ եկամուտ չի ստացել։
Բացի եկամուտների հայտարարագրումից, հայտարարագրի ներկայացումը հնարավորություն է տալու ֆիզիկական անձանց որոշակի դեպքերում ստանալ սոցիալական կրեդիտներ (հարկի վերադարձ) կրթության և առողջության ապահովագրության գծով կատարված ծախսերի (սոցիալական ծախսերի) մասով: Ֆիզիկական անձի կողմից հայտարարագիրը հարկային մարմին է ներկայացվում էլեկտրոնային եղանակով և ինքնուրույն լրացվում ֆիզիկական անձի կողմից:
Եկամուտ է համարվում ՝
→ Աշխատավարձը:
→ Քաղաքացիաիրավական պայմանագրի շրջանակներում ծառայության մատուցումից կամ աշխատանքի կատարումից ստացվող եկամուտը:
→ Ռոյալթին:
→ Շահաբաժինը:
→ Տոկոսը:
→ Վարձակալական վճարը:
ՈՎՔԵՐ ԵՎ ԵՐԲ ՊԵՏՔ Է ՆԵՐԿԱՅԱՑՆԵՆ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՆԵՐ (ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ) ԵՎ ՎՃԱՐԵՆ ՀԱՐԿԸ
ՊԱՐԶԵՑՎԱԾ ՀԱՇՎԱՐԿ
Հայտարարագրեր կարող են ներկայացվել նաև պարզեցված հաշվարկով: Այս դեպքում ֆիզիկական անձը (անչափահաս ֆիզիկական անձի դեպքում ՝ ծնողը, խնամակալը կամ հոգաբարձուն) հայտարարագիրը հարկային մարմին է ներկայացնում, եթե ՀՀ անունից կնքված և վավերացված պայմանագրերի դրույթների համաձայն՝ հարկային գործակալը ազատված է եկամտային հարկի հաշվարկման (վճարման) պարտավորությունից և այն ֆիզիկական անձին վճարում է՝
→ աշխատավարձ,
→ քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում կատարված աշխատանքների և մատուցված ծառայությունների դիմաց եկամուտներ:
Ներկայացման ժամկետներ
Ֆիզիկական անձը պարզեցված հաշվարկը հարկային մարմին է ներկայացնում մինչև յուրաքանչյուր հաշվետու ամսվա հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:
ՀԱՇՎԱՐԿ (ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ)
1. Ֆիզիկական անձն եկամտային հարկի հաշվարկը (հայտարարագիրը) հարկային մարմին է ներկայացնում, եթե .
→ Վճարվել են այլ եկամուտներ, որոնք չեն ներառվում (չեն լրացվում) պարզեցված հաշվարկում.
→ Ֆիզիկական անձին եկամուտ վճարող հարկային գործակալը օրենսդրությանը համապատասխան ազատված է հարկի հաշվարկման (պահման), պետական բյուջե վճարման պարտավորությունից: Նշվածը վերաբերում է այն դեպքերին, երբ՝
ֆիզիկական անձին վճարվող եկամուտը՝ մրցույթում ստացվող իրային մրցանակ է:
ֆիզիկական անձին վճարվում է կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում շենքի, բնակարանի, առանձնատան կամ այլ շինության ձևով մասնակցության (բաժնետոմսի, բաժնեմասի, փայաբաժնի) կամ ներդրում վկայող այլ արժեթղթերի օտարումից ստացվող եկամուտ:
→ ֆիզիկական անձը եկամուտը ստացել է հարկային գործակալ չհանդիսացող անձի կողմից։
ԺԱՄԿԵՏՆԵՐ
Ֆիզիկական անձը հաշվարկ (հայտարարագիրը) հարկային մարմին է ներկայացնում մինչև յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող հարկային տարվա մայիսի 1-ը ներառյալ , ընդ որում 2024 թվականի հաշվետու տարվա համար, եթե՝
2024թ.-ի ընթացքում համարվել է վարձու աշխատող.
2024թ.-ի ընթացքում ստացել է քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում հարկվող եկամուտ.
2024թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ զբաղեցրել է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված պետական ծառայության, համայնքային ծառայության և (կամ) հանրային պաշտոն.
2024թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ հանդիսացել է 2023թ.-ի արդյունքներով 1.0 մլրդ. դրամ և ավելի համախառն եկամուտ հայտարարագրած ՀՀ ռեզիդենտ առևտրային կազմակերպության մասնակից (բաժնետեր, փայատեր, անդամ).
2024թ.ի ընթացքում «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով համարվել է իրավաբանական անձի իրական շահառու.
2024 թվականի ընթացքում ստացել է 20 մլն.դրամի չափով կամ ավելի փոխառություն./չի վերաբերվում բանկային վարկերին/
2023թ.ի համար հանդիսացել է հաշվարկ (հայտարարագիր) ներկայացնող:
2025 թվականի հաշվետու տարվա և դրան հաջորդող տարիների համար՝ բոլոր ՀՀ ռեզիդենտ հանդիսացող ՀՀ քաղաքացիները:
Չներկայացնելու դեպքում առաջացող հետևանքները
Այսպես պարզեցված պաշվարկը հարկային մարմին սահմանված ժամկետում չներկայացնելու դեպքում, ֆիզիկական անձի նկատմամբ կիրառվում է տուգանք՝ 10.000 դրամից մինչև 20.000. դրամի չափով:
Հաշվարկը (Հայտարարագիրի) դեպքում կիրառվում է նախազգուշացում, որի կիրառումից հետո՝ 30 օրվա ընթացքում չներկայացնելը առաջացնում է տուգանքի նշանակում`
→ 50.000 դրամի չափով, եթե ֆիզիկական անձը՝
հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ հանդիսացել է դրան նախորդող տարվա արդյունքներով 1 մլրդ. դրամ և ավելի համախառն եկամուտ հայտարարագրած ՀՀ ռեզիդենտ առևտրային կազմակերպության մասնակից (բաժնետեր փայատեր, անդամ).
«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով հանդիսացել է իրական շահառու.
հաշվետու տարվա ընթացքում ստացել է 20 մլն. դրամի չափով կամ ավելի փոխառություն.
→ 5000 դրամ ՝ այլ ֆիզիկական անձանց համար, եթե ֆիզիկական անձը ներառված է վերը նշված կետերով սահմանված մեկից ավելի դեպքերում, ապա նրա նկատմամբ կիրառվում է այդ դեպքերի համար նախատեսված առավելագույն չափի տուգանքի մեծությունը: Եթե տուգանքների նշանակումից հետո` 30 օրվա ընթացքում ֆիզիկական անձը չի ներկայացնում հաշվարկը (հայտարարագիրը), ապա այդ անձի նկատմամբ նշանակած տուգանքը կրկնապատկվում է:
Եկամտային հարկի ինքնուրույն հաշվարկման (վճարման) պարտավորություն կրող անձի կողմից եկամտային հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետնանց յուրաքանչյուր օրվա համար հաշվարկում է տույժ` 0.04%-ի չափով: Տույժը հաշվարկվում է ժամանակին չմուծված հարկի գումարի նկատմամբ` հարկի վճարման ժամկետից անցած ամբողջ ժամանակաշրջանի՝ բայց ոչ ավելի, քան 730 օրվա համար: Միաժամանակ, չկատարված եկամտային հարկի պարտավորության չափը , ներառյալ` տույժերը) 1,5 մլն. դրամ կամ ավելի կազմելու դեպքում, հարկային մարմնի կողմից, օրենսգրքով սահմանված կարգով, հարկ վճարողի գույքի վրա կարող է կիրառվել արգելանք:
Այսպիսով, եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը բնակչության տարբեր շերտերի և տասնյակ հազարավոր, հատկապես մարզերում բնակվող մեր համաքաղաքացիների մոտ առաջացնելու է ընդհանուր, ֆինանսական, տեխնիկական և այլ բնույթի ամենատարբեր դժվարություններ: Այսպես միայն էլեկտրոնային ստորագրության համար գրանցվելը և դրա կիրառությունը, հատկապես բարձր տարիք ունեցող մեր հայրենակիցների համար լուրջ դժվարություն կարող է առաջացնել: