Սանդուն երկրորդ անգամ ստանձնեց Մոլդովայի նախագահի պաշտոնը
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մայա Սանդուն երդում տվեց և երկրորդ անգամ ստանձնեց Մոլդովայի նախագահի պաշտոնը։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
Արարողությունը դեկտեմբերի 24-ին անցկացվել է Մոլդովայի խորհրդարանի և Սահմանադրական դատարանի հանդիսավոր նիստում. դրան ներկա են եղել պատգամավորներ, կառավարության անդամներ և պատվավոր հյուրեր։ Օտարերկրյա հյուրեր չեն հրավիրվել:
«Ես երդվում եմ իմ ողջ ուժերն ու կարողությունը տալ հանուն Մոլդովայի Հանրապետության բարգավաճման, պահպանել սահմանադրությունը և երկրի օրենքները, պաշտպանել ժողովրդավարությունը, մարդու հիմնարար իրավունքները, ինքնիշխանությունը, անկախությունն ու պետության տարածքային ամբողջականությունը», - երդմնակալության ժամանակ հայտարարել է Սանդուն՝ ձեռքը պահելով հանրապետության Սահմանադրության վրա։
Մայա Սանդուն հաղթանակ է տարել նոյեմբերի 3-ին կայացած Մոլդովայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, որում ստացել է ընտրողների ձայների 55,35%-ը։ Սանդուն առաջադրվել է «Գործողություն և համերաշխություն» կուսակցության կողմից:
Առաջին անգամ քաղաքական գործիչը նախագահ է դարձել 2020 թվականին՝ ընտրությունների երկրորդ փուլում հաղթելով Մոլդովայի նախկին ղեկավար Իգոր Դոդոնին։