Մեծ Բրիտանիայի իշխանությունները կպայքարեն կրթության ոլորտում եւ դատական համակարգում, ինչպես նաեւ զինված ուժերում եւ գործարար հասարակությունում ռասայական խտրականության տարրերի դեմ: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին The Sunday Times-ում հրապարակած հոդվածում գրել է Միացյալ Թագավորության վարչապետ Դեւիդ Քեմերոնը:
«Եթե դուք սեւամորթ եք, ապա ավելի շուտ բանտում կհայտնվեք, քան կսովորեք լավագույն համալսարաններից մեկում: Ավելին, եթե սեւամորթ եք, ապա ազատազրկման դատապարտվելու հավանականությունն ավելի մեծ է, քան եթե սպիտակամորթ լինեիք»,- գրել է Քեմերոնը:
Այս հանգամանքի առիթով վարչապետը լեյբորիստ պատգամավոր Դեւիդ Լեմիին նշանակել է հատուկ հանձնաժողովի ղեկավար, որը հետաքննում է դատարաններում եւ բանտերում տիրող պրակտիկայի պատճառները, որոնց դեպքում սեւամորթների եւ էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչներն ավելի հաճախ են հայտնվում ճաղերի հետեւում, քան սպիտակամորթ մեղադրյալները: Քեմերոնը նաեւ մտադիր է բուհերին պարտադրել տեղեկություններ հրապարակել այն մասին, թե տարբեր ռասաների եւ էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչ դիմորդներից քանիսն են ընդունվել համալսարաններ:
Այս պահանջի պատճառ են դարձել տեղեկություններն այն մասին, որ 2014 թվականին Օքսֆորդի համալսարանի 2.500 նոր ուսանողներից միայն 27-ն են սեւամորթ:



