Yerevan, 14.October.2026,
00
:
00
BREAKING


Դիանա Շատվերյանը` իր նորաձևության տան և հայ դիզայներների հետ ունեցած հարաբերությունների մասին

LIFE

Blognews.am-ը գրում է.

BlogNews.am-ը շարունակում է հարցազրույցներ վարել հայ դիզայներների հետ, և այս անգամ այցելեցինք գեղեցկուհի Դիանա Շատվերյանին: Երբ մտա նրա նորաձևության տուն, տաք շոկոլադի հոտ էր գալիս, հարմար տեղավորվեցի, մի բաժակ ջուր խնդրեցի, և սկսեցինք: Ի դեպ, Դիանայի հետ շփվելը բավականին հեշտ էր, հաճելի և ոչ պաշտոնական:  

- Դիանա, երբ նախապատրաստվում էի հարցազրույցին, պարզեցի, որ ցուցադրություն չես ունեցել: Կարծում ես` հայ դիզայների համար դա շռայլություն է և անիմա՞ստ ես համարում:

- Հավաքածուների ցուցադրությունն ինքնանպատակ լինել չի կարող և կազմակերպվում է, որպեսզի դրան մասնակցեն փոքրաքանակ ու մեծաքանակ սպառողները, գնորդները: Չի կարելի ժխտել նաև, որ լավ կազմակերպված ցուցադրությունը բարձրացնում է նորաձևության տան հեղինակությունը և ունի նաև գովազդային նշանակություն: Պատշաճ որակով նորաձևության ցուցադրություն կազմակերպելու համար մեծ գումարներ են անհրաժեշտ: Նորաձևությունը բիզնես է, իսկ բիզնեսում ցանկացած ներդրում քննարկվում է դրանից ակնկալվող արդյունքների համատեքստում: Իմ հավաքածուների ֆոտոշարքերը պարբերաբար հրապարակվում են Ֆեյսբուքում և Ինստագրամում: Սոցիալական կայքերը ոչ միայն օգնում են աշխատել ուժերի գերլարումով և արտադրական ամբողջ հզորությամբ, այլև օգնում են սպառողներ գտնել արտերկրում և նվաճել նոր շուկաներ: Հայաստանում մեծաքանակ գնորդներ չկան, որոնց գրավելու և արտադրանք ներկայացնելու համար նպատակահարմար կլինի մեծ միջոցներ ներդնել, իսկ արտաքին շուկաներ նվաճելու համար ավելի նպատակահարմար է ցուցադրություններ կազմակերպել համաշխարհային նորաձևության կենտրոններում (Paris, New York, Milan, London և այլն) անցկացվող նորաձևության շաբաթների ընթացքում, որտեղ առկա են մեծաքանակ սպառողներ ներգրավելու լայն հնարավորություններ:

Ներկայումս պլանավորում եմ ավելացնել արտադրական հնարավորությունները և դրան զուգընթաց նաև նախատեսում եմ ցուցադրությունների կազմակերպումներ, իսկ Հայաստանում միայն գովազդային նպատակով ցուցադրության կազմակերպումը ներկայումս նպատակահարմար չեմ համարում, քանի որ գոյություն ունեն գովազդի ավելի արդյունավետ մեթոդներ: 

Ինչ վերաբերում է այլ ընկերությունների կողմից կազմակերպված կամ այսպես կոչված «հովանավորվող», ուրիշի հովանու տակ կազմակերպվող նորաձևության ցուցադրություններին, կարող եմ նշել, որ թեև բազմիցս ստացել եմ նման ցուցադրություններին մասնակցելու հրավերներ, սակայն երբևէ չեմ մասնակցել: Նշված ընկերությունների կողմից ցուցադրություններ կազմակերպելու հիմնական նպատակը դիզայներների միջոցով իրենց արտադրանքը (հաճախ վատորակ) գովազդելն է, որի դիմաց դիզայներները չեն վճարվում: Իսկ իմ հավաքածուն հիշյալ ցուցադրությունների միջոցով գովազդելն ինձ համար ցանկալի արդյունք չի կարող ապահովել:

- Դիանա, քո հագուստներն ինքդ ես գովազդում, արդյո՞ք չկա մոդել, ում կվստահեիր:

- Հայկական նորաձևության շուկայում մենք փորձել ենք տարբերվել, ինչը, կարծում եմ, ստացվել է, և մարդկանց կողմից այդ քայլը սիրվել է: Իհարկե, իմ նորաձևության տանն աշխատում են գեղեցիկ մոդելներ, ովքեր ունեն հագուստ ցուցադրելու համապատասխան կազմվածք, բայց մեր միտքն այլ էր: Մենք փոխառել ենք համաշխարհային նորաձևության ինդուստրիայում առկա լավագույն փորձը. հանճարեղ Դոնաթելա Վերսաչեն ինքն է իր հագուստները ցուցադրում, համաշխարհային նորաձևությունում դա բավականին ընդունված երևույթ է, էլ չեմ խոսում այն մասին, որ նա վերջերս դարձավ «Ջիվենշիի» պաշտոնական դեմքը: Հայաստանում նման քայլ չեմ նկատել այլ դիզայներների կամ դիզայներական տների մոտ:  

- Հաճախ եմ լսում, որ մենք նորաձևության ինդուստրիա չունենք, դու է՞լ ես այդպես կարծում:  

- Այն փաստը, որ Հայաստանում կան ազգությամբ հայ դիզայներներ, ովքեր ստեղծում և վաճառում են հայկական արտադրության հագուստ և կարող են ճաշակ թելադրել, արդեն խոսում է այն մասին, որ Հայաստանում կա նորաձևության ինդուստրիա, որը գտնվում է զարգացման փուլում: Երևանում առկա են բավականին շատ բրենդային և ոչ մատչելի խանութներ: Դրանց առկայության պայմաններում հայ սպառողն այսօր հաճախ նախընտրում է օգտվել հայ դիզայների, ի դեպ` հաճախ ոչ մատչելի ծառայություններից: 

- Բայց մատների վրա կարող ենք հաշվել հայ աշխատող դիզայներներին։

- Այո, ստեղծագործող հայ դիզայներներն իրոք քիչ են: Ստեղծագործող դիզայների կողմից ստեղծված հագուստը տարբերվում է մասսայական արտադրության, խանութից գնված հագուստից իր յուրօրինակությամբ: Կրկնում եմ «ստեղծագործող դիզայներ» բառերը, քանի որ միայն նրա կողմից ստեղծված հագուստը կրելիս կարող ես հաստատապես վստահ լինել, որ ցանկացած վայրում, երեկույթների և տարատեսակ միջոցառումների ընթացքում հագուստիդ նմանակին չես հանդիպի, իսկ միայն այդ զգացողության համար կարելի է թանկ վճարել:

- Դիանա, այս հարցը տվել եմ նաև մյուս դիզայներներին, Դուք որտեղի՞ց եք ձեռք բերում գործվածքները: Արդյո՞ք գնում եք դրանք Շրջանայինի գործվածքների խանութներից։

- Շրջանայինի խանութներում այնպես չէ, որ գործվածքները վատն են: Հագուստի գինը նվազեցնելու նպատակով կան հաճախորդներ, որոնք խնդրում են, որ իրենց հագուստի գործվածքները գնվեն այդ խանութներից, կամ իրենք են իրենց հետ բերում նման գործվածքներ: Բացի այդ, երբ երգիչ-երգչուհիների տեսահոլովակների համար հագուստ է պատրաստվում, պարտադիր չէ, որ այն լինի թանկարժեք գործվածքից, քանի որ գործվածքի որակը կադրով դժվար է տարբերակել: Այլ հարց է, երբ իրականացնում ենք բեմական հագուստի պատվերներ:

Հիմնականում աշխատում եմ արտերկրից պատվիրված գործվածքներով և այլ նյութերով: Լինում են դեպքեր, երբ ինչ-որ գործվածքի ստիպված եմ լինում մեկ ամիս և ավել սպասել, դա սովորաբար լինում է հարսանյաց զգեստների անհատական պատվերների իրականացման դեպքում: Ուզում եմ նշել, որ նորաձևության տանն իմ մտահղացմամբ մշակվում են նաև գործվածքների բոլորովին նոր նախշեր, ինչն աշխատատար և միաժամանակ ժամանակատար է:

 - Ինչպե՞ս են ստեղծվում քո հագուստները. իրականացնում ես այն, ինչ մտածո՞ւմ ես, թե՞ այն, ինչ այսօր պահանջարկ ունի: Օրինակ՝ նեոպրեն կտորը լայն տարածում գտավ, և կապ չունի` մարդիկ գեր են, թե՝ նիհար, բոլորը սկսեցին կրել դրանից կարված հագուստներ։

 - Հայաստանում երևի առաջիններից եմ եղել, որ սկսել եմ աշխատել նեոպրեն գործվածքներով այն ժամանակ, երբ այդ գործվածքներն այդքան էլ լայն տարածում չունեին: Երբ սկսեցի աշխատել այդ տեսակի գործվածքներով, բոլորը կասկածում էին` արդյոք հնարավո՞ր է այդ գործվածքներով նորաձև հագուստ իրականացնել: Իմ ծանոթները պարզապես գալիս էին տեսնելու, թե ինչ հագուստ է ստացվում այդ գործվածքներից: Բոլորին հետաքրքիր էր` ինչպես են դա կրում: Ես չվախեցա այդ էքսպերիմենտից: Արդեն երկու տարի շարունակ աշխատում եմ այդ տեսակի գործվածքներով: Հասկացել եմ, որ դրանցով հայ կանանց կազմվածքներին համապատասխան կարելի է գեղեցիկ և նորաձև հագուստ ստանալ:

Ստեղծագործ դիզայների առաքելությունը ճաշակ թելադրելը և սեփական արտադրանքի նկատմամբ պահանջարկ ստեղծելն է, և նա չպետք է ունենա կարծատիպեր, որ եթե մի բանը մասսայականություն չի վայելում, ուրեմն չպետք է դա անել: Իհարկե, յուրաքանչյուր ռիսկ չպետք է անցնի խելամտության սահմանը:

 - Հիշում եմ` կար ժամանակ, երբ նորաձև դարձան հայկական էլեմենտները, և բոլոր դիզայներներն ինչ-որ ձև այն օգտագործեցին իրենց հավաքածուներում: Դու չարեցիր, ինչո՞ւ։

- Կարևոր եմ համարում հայկական էլեմենտների օգտագործումը հավաքածուներում, սակայն եթե ինչ-որ բան արդեն արված է, կարծում եմ՝ դա կրկնօրինակելը բացարձակապես սխալ է: Միևնույն է` բոլորը գիտեն, որ մտահղացումը Սիրուշոյինն է: Եթե անգամ նույն միտքն ավելի վաղ քեզ մոտ եղել է, կարելի է մոռանալ այն, քանի որ կան բազմաթիվ այլ մտքեր, որոնցով կարելի է տարբերվել: Ձեր նշած ժամանակահատվածում վառ գույներով հավաքածու ստեղծեցի, որում գերակշռում էին ձեռքի աշխատանքը, գեղեցիկ նախշերը, որոնք ինձ ավելի հաճելի էին: 

 - Դու ազգայինը չարեցիր, բայց փոխարենն արեցիր «երեխա-մամա» հավաքածու, կարծում եմ` դա քեզանից հետո սկսեց տարածվել Հայաստանում, քանի որ մեկ ուրիշի մոտ դա չեմ հիշում:

- Գիտե՞ք՝ ամեաակարևորը ստեղծագործելն է և մնացածից տարբերվելը: Պետք է անել այն, ինչ սիրտդ է ուզում: Այդ պահին մտածեցի, որ հաճելի կլինի, երբ ես և աղջիկս նույնանման հագնվենք, ես դա իրականացրեցի և սկսեցի այդ գաղափարը զարգացնել՝ բացարձակապես չկենտրոնանալով այն մտքի վրա, թե ով է իրականացրել դա մինչ այդ, ով կանի հիմա, կընդօրինակեն կամ չեն ընդօրինակի: Շատ հաճելի էր, որ մտահղացումն ընդունվեց:

- Դիանա, այսինքն՝ ուզում ես ասել, որ բացարձակ չե՞ս հետևում հայ մյուս դիզայներների ստեղծած հագուստներին:

- Մյուս դիզայներների գործունեությանը հետևելու համար կամ պիտի այցելեմ նրանց, կամ էլ վերջիններիս էլեկտրոնային կայքերը, որի ժամանակը, անկեղծ ասած չունեմ: Անգամ իմ էջով մենակ ես չեմ զբաղվում, քանի որ դա ֆիզիկապես անհնար է: Իհարկե, լինում են միջոցառումներ, որոնց ժամանակ նկատում եմ, որ երգիչը կամ երգչուհին կրում է այս կամ այն դիզայների հագուստը, բայց որ ասեմ՝ նրանց ամբողջական գործունեությանը հասցնում եմ հետևել, սխալ կլինի: Կարծում եմ, որ կոլեգաների գործունեությանը չհետևելը սխալ է, սակայն ժամանակի սղությունը թույլ չի տալիս:

- Լավ, իսկ եթե տեսնում ես հայ դիզայների արած աշխատանքը, զանգո՞ւմ ես, կարծիքդ ասում: 

- Ես միշտ լավ փոխհարաբերությունների կողմնակից եմ: Երբ ինձ հրավիրում են ցուցադրությունների, երբեք չեմ մերժում և գնում եմ, նայում, գնահատում, իմ կարծիքը հայտնում հենց դիզայներին և միշտ անկեղծ եմ լինում: Օրինակ` ինձ շատ է դուր եկել վերջերս Լիլիթ Մարգարյանի կողմից կազմակերպված ցուցադրությունը: Առողջ մրցակցության կողմնակից եմ, որն ինձ ոգևորում է: Ցանկանում եմ, որ դիզայներների մոտ միշտ լինեն լավ փոխհարաբերություններ, քանի որ ամեն մեկն աշխատում է իր ոճում և ունի իր հաճախորդը:

 - Դիանա, գիտեմ, որ քո հագուստները նաև մինչև ցուցադրելն են վաճառվում, այսինքն՝ ստացվում է` ունես այնպիսինները, որոնք այդպես էլ չես ցուցադրում:

- Ոչ, իհարկե հավաքածուն ամբողջությամբ ցուցադրվում է ֆոտոշարքերում: Պարզապես իմ հաճախորդներին խնդրում եմ, որ մի քանի օրով վերադարձնեն գնված հագուստները, որպեսզի լուսանկարեմ: Այն հաճախորդները, ովքեր տեսնում են հավաքածուն և դրանից որոշ նմուշներ գնում մինչև դրա պաշտոնական հրապարակումը, իմ երկարամյա և հարազատ դարձած հաճախորդներն են, ովքեր հաճախ անհամբեր են:

 - Գիտեմ, որ ոչ ոք չի սիրում խոսել գնային քաղաքականությունից, բայց, համենայն դեպս, հետաքրքիր է՝ քեզ մոտ հագուստ պատվիրելը թա՞նկ է:

 - Դիզայներական հագուստը մատչելի չի կարող լինել, քանի որ այն իրականացվում է բարձրորակ գործվածքներով և այլ նյութերով, հմուտ մասնագետների կողմից, որոնց գումարվում է դիզայների մտահղացումը: Այն հագուստը, որը մենք ստեղծում ենք, իսկապես տարբերվում է Հայաստանում վաճառվող հագուստներից, և հաճախորդները հասկանում են, որ որակյալ հագուստ ձեռք բերելուց բացի՝ նրանք վճարում են նաև տարբերվելու համար: Իհարկե, գնային քաղաքականության մեջ երբեք խելամտության սահմանները չեմ անցնում:

 - Դիանա, քո ատելիեն փաստորեն նաև «շոու-ռում» է, այսինքն` չունես առանձին խանութ, որտեղ ներկայացված կլինեն քո հավաքածուները:

 - Ընդհանրապես դիզայներական տունը հենց այդտեղից էլ սկսվում է: Այսինքն` ունենում ես նորաձևության տուն, որտեղ, հագուստների անհատական պատվերների իրականացմանը զուգահեռ, վաճառում ես նաև պատրաստի հագուստ: Իհարկե, երբ արտադրության ծավալներն ընդլայնվում են, բացի նորաձևության տնից՝ անհրաժեշտություն է առաջանում նաև խանութներ ունենալ: Խանութ բացելու մտահղացում ունեմ, բայց ոչ Հայաստանում, հիմա դեռ ոչինչ չեմ ասի:

 - Այսքանից հետո հասցնո՞ւմ ես քեզ համար հագուստ կարել։

 - Այս հարցն ինձ համար ամենացավոտն է: Իհարկե հասցնում եմ, բայց իմ դեպքում դա տևում է կես օր: Օրինակ` Ամանորի գիշերը ես համարյա առանց զգեստ էի մնացել, քանի որ մինչև դետկեմբերի 31-ը զգեստ էի հանձնում: Ազդվել էի այն մտքից, որ կարող է այնպես ստացվել, որ հին զգեստով դիմավորեմ Ամանորը, սակայն վերջում հասցրեցի նաև ինձ համար հագուստ կարել: 

 - Դիանա, գարնանն ի՞նչ հագուստներով ես զարմացնելու։

 - Արդեն ընթանում են գարուն-ամառ հավաքածուի իրականացման նախապատրաստական աշխատանքները: Մտահղացումն արդեն կա, և որոշված է, թե ինչ մոդելներ են լինելու: Չեմ կարող ասել, որ զարմացնելու եմ որևէ բանով: Միայն կարող եմ ասել, որ լինելու եմ իմ ոճի մեջ` վառ, տարօրինակ գործվածքներ, հետաքրքիր և թրենդային համադրություններ և այլն:

Նյութը` Սիրանուշ Գրիգորյանի

Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School Year