ԱՄՆ-ի ֆիննախը «Մագնիտսկու ցուցակ» է մտցրել եւս հինգ ռուսաստանցիների
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել Է այն անձանց անունները, որոնք համալրել են պատժամիջոցների «Մագնիտսկու ցուցակը», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Անհատական պատժամիջոցներ են սահմանվել հինգ մարդու դեմ: Նրանց թվում են. Ալեքսեյ Անիչինը, Եվգենի Անտոնովը, Բորիս Կիբիսը, Պավել Լապշովը եւ Օլեգ Ուրժումցեւը: Բաց աղբյուրների տվյալների համաձայն՝ Անիչինը Ռուսաստանի ներքին գործերի նախարարի նախկին տեղակալն Է, ՌԴ-ի ներքգործնախարարությանը կից Քննչական կոմիտեի նախկին պետը: Կիբիսը եւ Ուրժումցեւը ՆԳ նախարարության քննիչներ են, իսկ Լապշովը՝ ՆԳՆ-ի Քննչական դեպարտամենտի վարչության նախկին պետը:
2012 թվականին ԱՄՆ-ն ընդունել Է օրենք, ըստ որի անհատական պատժամիջոցներ են սահմանվում այն անձանց դեմ, որոնք, Միացյալ Նահանգների իշխանությունների կարծիքով՝ մեղսակից են Hermitage Capital հիմնադրամի հաշվեստուգիչ Սերգեյ Մագնիտսկու մահվանը:
Մագնիտսկին կալանավորվել Է 2008 թվականին հարկերի վճարումից խուսափելու մեղադրանքով եւ մահացել Է քննչական մեկուսարանում: Մագնիտսկու կողմնակիցները գտնում են, որ նրա մահը դարձել Է իրավապահ մարմինների թողտվության հետեւանքը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



