Հայաստանը պատրաստ է շարունակել համագործակցությունը ԵՄ հետ
INTERNATIONAL NEWSՀայաստանը պատրաստ է շարունակել և խորացնել ԵՄ հետ համագործակցությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ արտաքինգործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Մենք հայտարարեցինք Եվրամիության հետ բանակցությունները մեկնարկելու մասին, ինչից հետո կայացավ բանակցությունների առաջին փուլը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել մինչև այս տարվա վերջ հետագա փուլերի ժամանակացույցի վերաբերյալ: Նախապատրաստվում են նոր բարձրաստիճան այցելություններ, որոնք կլինեն թե՛ Հայաստան, թե՛ Բրյուսել: Դրանց արդյունքում կարող ենք նոր պայամանավորվածություններ ձեռք բերել և մեր հարաբերություններն առաջ մղել տարբեր ուղղություններով»,- նշեց Նալբանդյանը:
ՀՀ արտգործնախարարը հերթական անգամ հիշեցրեց Եվրամիության հետ համագործակցությունը շարունակելու Հայաստանի պատրաստակամությունը: «Մեկ բան ակնհայտ է. Հայաստանը բազմիցս ասել է և մնում է այն դիրքորոշմանը, որ մենք ԵՄ հետ պատրաստ ենք շարունակել ընթանալ առաջ, ամրապնդել, խորացնել համագործակցությունը բոլոր հնարավոր ուղղություններով և ձևաչափերով, որով ԵՄ պատրաստ կլինի` հաշվի առնելով մեր հանձնառություններն այլ ինտեգրացիոն գործընթացներում»,- ասաց նա:



