«Ինձ որոշակի ժամանակ է պետք, որից հետո հանդես կգամ հայտարարությամբ». Գրիգոր Խաչատրյանը՝ Դրամատիկական թատրոնի տնօրենի պաշտոնում նշանակվելու մասին
CULTUREՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ինչպես արդեն հայտնել էինք, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի փետրվարի 24-ի որոշմամբ՝ Արտաշես Մխիթարյանը 2025 թվականի փետրվարի 28-ից ազատվել է Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրենի պաշտոնից։
Տիգրան Ավինյանի մեկ այլ որոշմամբ այդ պաշտոնին նշանակվել է նույն թատրոնի գլխավոր ռեժիսոր, դերասան Գրիգոր Խաչատրյանը։
«Արտասովոր ոչինչ տեղի չի ունեցել, ոչ մի սենսացիա չկա, ուղղակի Քաղաքապետարանն է նման որոշում կայացրել»,- Tert.am Life-ի հետ զրույցում ասաց Գրիգոր Խաչատրյանն, ով Դրամատիկական թատրոնում աշխատում է 1998 թվականից: Նա մի շարք բեմադրությունների հեղինակ է և տարիներ շարունակ դրամատիկական թատրոնի խաղացանկային ներկայացումներում մարմնավորել է գլխավոր հերոսների:
«Վստահ եմ՝ եղել է քննարկում, հապճեպ որոշում չի կայացվել»,- մեզ հետ զրույցում ասաց Խաչատրյանն ու հավելեց, որ Արտաշես Մխիթարյանը շարունակում է աշխատել թատրոնում որպես դերասան: «Մարտ ամսվա խաղացանկում Արտաշեսն ընդգրկված է, բնականաբար, ինքը խաղալու է իր ներկայացումները»,- նշեց նոր տնօրենը:
Խոսելով իր առաջիկա պլաններից՝ Գրիգոր Խաչատրյանը նշեց, որ նոր ծրագրեր կան, որոնք դեռ մշակման կարիք ունեն:
«Ինձ որոշակի մի ժամանակ է պետք, որից հետո ես հանդես կգամ հայտարարությամբ, կասեմ սպասվող նոր անելիքների մասին»,- Tert.am Life-ի հետ զրույցում նշեց Գրիգորն ու ընդգծեց, որ առաջնահերթ պետք է վերականգնի «Գանգսթեր Մաքը» ներկայացումը, որը որոշ խնդիրների պատճառով խաղացանկից դուրս է մնացել: «Հիմա մենք ներկայացումը վերաթողարկում ենք նոր ձևով, ամենաթարմ նորությունը դա է: Իսկ աշնանը կսկսեմ նոր ներկայացման փորձեր»,- նշեց ռեժիսորը:
Իսկ հարցին, թե որքանո՞վ տնօրենի պաշտոնը կխանգարի Գրիգոր Խաչատրյան ստեղծագործողին՝ ռեժիսորին ու դերասանին, մեր զրուցակիցն արձագանքեց. «Պիտի համատեղեմ, և դրա փորձերն ու օրինակներն էլ կան: Մեր ժամանակներում կան մասնագետներ, որոնք կարողանում են համատել, լինեն և՛ թատրոնի տնօրեն, և՛ զբաղվեն ռեժիսուրայով, քանի որ ռեժիսորի մասնագիտությունն իր մեջ պարունակում է նաև մարդկանց ընդհանուր գաղափարի շուրջ միավորելու հատկանիշը»,- ամփոփեց Գրիգոր Խաչատրյանը:
Հեղինակ՝ Անի Մնացականյան
Հետևեք մեզ՝ այստեղ