«Միկա»-ն ոչ ոքի խաղաց «Ցխինվալ»-ի հետ
SPORT«Միկա»-ն թբիլիսյան ուսումնամարզական հավաքի շրջանակում փետրվարի 3-ին ստուգողական երկրորդ հանդիպումն անցկացրեց Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ակադեմիայի խաղադաշտում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, երեւանյան թիմի մրցակիցը Վրաստանի բարձրագույն խմբի առաջնության 3-րդ հորիզոնականում ընթացող «Ցխինվալ» թիմն էր: Հանդիպումն ավարտվեց ոչ -ոքի՝ 1-1 հաշվով:
Առաջին կեսի վերջին րոպեների հաշիվը բացեցին «Միկա»-ի ֆուտբոլիստները, Աշոտ Կարապետյանի փոխանցումից հետո աչքի ընկավ Սերգեյ Շումիլինը: Երկրորդ կեսում «Միկա»-ի օգտին նշանակվեց 11-մետրանոց հարված, սակայն Ալեքսեյ Կիսելյովը չկարողացավ անվրեպ իրացնել այն:
Հանդիպման 82-րդ րոպեին վրացի ֆուտբոլիստներին հաջողվեց հավասարեցնել հաշիվը:
«Միկա»-ն խաղադաշտ էր դուրս եկել հետեւյալ կազմով. Արսեն Բեգլարյան, Դմիտրի Կուդինով, Աշոտ Կարապետյան, Դմիտրի Չիստյակով, Միլոշ Կովաչեւիչ, Դմիտրի Լուշնիկով, Ալեքսեյ Կիսելյով, Յարոսլավ Պուզանով, Նիկիտա Դուբչակ, Ալեքսանդր Զայիկին, Սերգեյ Շումիլին:
Ընդմիջումից հետո փոխարինման դուրս եկան Վարդան Մովսիսյանը, Արթուր Գրիգորյանը, Անտոն Ալտունինը:
Հաջորդ հանդիպումը երևանյան թիմը կանցկացնի փետրվարի 6-ին, որով էլ կավարտի իր առաջին ուսումնամարզական հավաքը Վրաստանի մայրաքաղաքում: