Վալերի Սահարյանը Պուտինի մասին նկարահանվելիք գեղարվեստական ֆիլմի 4 պրոդյուսերներից մեկն է (լուսանկարներ)
LIFE1in.am-ը գրում է.
Այս գարնանը Knights bridge Entertainment կինոընկերությունը ծրագրում է սկսել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին կենսագրական ֆիլմի նկարահանումները։ Այս մասին RIA Novosti-ին հայտնել է ընկերության թոփ մենեջերներից մեկը՝ Վալերի Սահարյանը, ով ֆիլմի 4 պրոդյուսերներից մեկն է։
Սահարյանի խոսքով՝ ֆիլմը կնկարահանի երկու «Օսկարի» արժանացած ռեժիսոր, սակայն գլխավոր դերակատարի վերաբերյալ հստակ տեղեկություն չկա։ Սահարյանը ոչ հաստատել, ոչ էլ հերքել է որոշ ԶԼՄ-ների տեղեկություններն այն մասին, որ Պուտինին կմարմնավորի հոլիվուդյան դերասան Լեոնարդո Դի Կապրիոն, ով վերջերս հայտարարել էր, որ դա իր երազանքն է։
«Մենք ոչ մի հայտարարություն չենք արել, չգիտեմ, թե որտեղից է հայտնվել Դի Կապրիոյի համաձայնության մասին տեղեկությունը։ Հավանաբար աղմուկը բարձրացել է գերմանական պարբերականին արված նրա հայտարարությունից։ Կարող եմ ասել, որ քասթինգին մասնակցում են առաջին մեծության 4 դերասաններ»,- ասել է Սահարյանը։
Նա նշել է, որ սցենարը անձամբ Պուտինի հետ չի համաձայնեցվել։ Նախագծի մասին ծանոթագրական տեղեկությունը տեղադրված է կինոարտադրողի կայքում։ «Պետանվտանգության կոմիտեի սպայից, վարչապետից՝ նախագահ։ Մարդ-առեղծված։ Հայացք աշխարհի ամենաազդեցիկ մարդկանցից մեկի անձնական կյանքին ու կարիերային»,- ասվում է այնտեղ։






