ՄԱԿ-ը հույս ունի 9 մլրդ դոլար հանգանակել Սիրիային նվիրված լոնդոնյան խորհրդաժողովում
ECONOMICSՄԱԿ-ը հորդորել է Սիրիայի օգնության հարցերին նվիրված միջազգային խորհրդաժողովի մասնակիցներին, որը փետրվարի 4-ին բացվելու է Լոնդոնում, 9 մլրդ դոլար հատկացնել հումանիտար գործողությունների համար, չնայած մի շարք երկրներում տիրող բարդ տնտեսական իրադրությանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրե ս»-ը, լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հակը:
«Մենք կոչ ենք անում հատկացնել 9 մլրդ դոլար: Մենք գիտենք, որ դա շատ է: Մենք հասկանում ենք՝ ինչ ֆինանսական պայմաններում են գտնվում մեր կազմակերպության անդամները, բայցեւ շատ մեծ են կարիքները»,- ասել է նա: Հակի խոսքով՝ միջազգային հանրությունը պետք է լրջորեն զբաղվի այն «բազմաթիվ տարատեսակ խնդիրների» լուծմամբ, որոնք կապված են Սիրիայի հակամարտության հետ:
ՄԱԿ-ի գնահատումների համաձայն՝ Սիրիայի բնակիչներին, այդ երկրից փախստականներին եւ նրանց ընդունող համայնքներին օգնություն ցուցաբերելու համար 2016 թվականին կպահանջվի առնվազն 8,4 մլրդ դոլար: Այսօրվա դրությամբ համաշխարհային կազմակերպությունն ստացել է միայն 3,4 մլրդ դոլար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: