Վրաստանի էներգետիկայի նախարարը հանկարծակի այցելել է Բաքու
INTERNATIONAL NEWSՎրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հանկարծակի ժամանել է Բաքու, որտեղ այցի շրջանակում բանակցութուններ է վարում Ադրբեջանի պետական նավթային ընկերության` SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլլաեւի հետ:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Վրաստանի էներգետիկայի նախարարության մամուլի ծառայությունը:
Գերատեսչության համաձայն` հանդիպման ժամանակ կքննարկվեն ընթացիկ հարցեր եւ ապագայում հարաբերությունների հեռանկարները:
Հայտնի է, որ Վրաստանը, որտեղ գազի հիմնական հոսքը գալիս է Ադրբեջանից, ցանկանում է վերացնել ադրբեջանական գազից իր կախվածությունը եւ բնական գազի իր կարիքները բավարարել նաեւ Ռուսաստանից եւ Իրանից հնարավոր մատակարարումների հաշվին:
Կախա Կալաձեն ավելի վաղ հայտարարել էր, որ Վրաստան գազ մատակարարող միակ SOCAR ընկերությունը տեխնիկապես ի զորու չէ վրացական կողմին ավելի շատ գազ մատակարարել, քանի որ Ադրբեջանից եկող խողովակաշարը ֆիզիկապես դա թույլ չի տալիս:



