18-ամյա այս աղջիկն 8 ամիս օրական միայն 3 խնձոր էր ուտում․ մոդել դառնալու դժոխային ճանապարհը
LIFEՎիկտուար Մասոն Դոկտսերն ապրում էր Ֆրանսիայում, 18 տարեկանում երջանիկ կյանք ուներ՝ սովորում էր, ընկերներ ուներ։ Մի օր մայրը որոշեց դստեր հետ գնումների գնալ, սակայն նրանք չէին էլ կարող պատկերացնել, որ հենց այդ օրը նրանց կյանքը սարսափի կվերածվի։
Առեւտրի կենտրոնում գեղեցիկ աղջկան նկատեցին մոդելային գործակալության ներկայացուցիչները։ Վիկտուարը երազում էր քաղաքական գործիչ դառնալ, սակայն այս հնարավորությունը չցանկացավ բաց թողնել։ Ու հենց դրանից նրա կյանքը սկսեց վերածվել դժոխքի։ Այս աշխարհում հիվանդագին նիհարությունն էր տիրում։ «Ինձ ոչ ոք չէր ասում, որ պետք է նիհարեմ, ինձ ասացին՝ սեպտեմբերին ցուցադրոթյուն ունենք, դու պետք է կարողանաս հագնել 32-34 չափսի հագուստ»,- պատմում է նա։

2 ամսում նա պետք է 10 կիլոգրամ նիհարեր։ Սկսեց օրական միայն 3 խնձոր ուտել ու վերջ։ Արդյունքն իհարկե սպասեցնել չտվեց։ 178 սմ հասակ ունեցող աղջիկը կշռում էր 47 կիլոգրամ ու փայլում պոդիումի վրա։ Կամաց-կամաց նա հայտնի դարձավ ու մտավ տարվա 20 լավագույն մոդելների ցանկ։ Սակայն այդ ամենի հետեւում դաժան իրականությունն էր։ Վիկտուարի մոտ անորեքսիա սկսվեց։

«Ես այլեւս չկայի։ Մազերս թափվում էին, ամսականներս էլ չէին լինում, անընդհատ ուշաթափվում էի։ Մոդելներին ստիպում են սովամահ լինել։ Լրագրողների ներկայությամբ նրանք ասում են, որ նորմալ սնվում են, բայց դա սուտ է»,- ասում է աղջիկը։ Մոդելային կարիերան 8 ամիս տեւեց, դրանից հետո նա փորձեց ինքնասպան լինել։ Այնինչ կողքից ասում էին՝ քո կյանքը երազանք է։ «Բայց ես այնքան դժբախտ էի, որ չէի ուզում ապրել»,- ասում է Վիկտուարը։

Ի վերջո նա հրաժարվեց կարիերայից։ Վերջերս՝ այդ ամենից 5 տարի անց, նա գիրք է հրապարակել՝ «Միշտ ոչ բավարար նիհար․ մոդելի օրագիրը» վերնագրով, որտեղ մանրամասն պատմել է, թե ինչի միջով են անցնում մոդելները եւ ինչպիսի դժոխային կյանքով ապրում։ Աղջիկն ասում է՝ պարզապես ոչ բոլորն են խոստովանում, թե ինչ կյանքով են ապրում։









