Երևանի 2015թ. բյուջեի ու զարգացման ծրագրի հաշվետվությունների նախագծերը կներկայացվեն հանրային քննարկման
ECONOMICSԵրևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել Երևանի քաղաքապետին կից, Երևանի քաղաքային համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստը, որը վարել է Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, խորհրդի անդամներին են ներկայացվել «Երևանի զարգացման 2015 թվականի ծրագրի իրականացման հաշվետվության մասին» և «Երևան քաղաքի 2015 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին» ավագանու որոշումների նախագծերը սահմանված կարգով հանրային քննարկմանը ներկայացնելու վերաբերյալ հարցերը:
Նիստի ընթացքում քաղաքապետի տեղակալը մանրամասն պատասխանել է խորհրդի անդամների կողմից բարձրացված բոլոր հարցերին:
Երևանի քաղաքապետին կից, Երևանի քաղաքային համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի անդամները միաձայն քվեարկությամբ որոշել են հաշվետվության նախագծերը սահմանված կարգով ներկայացնել հանրային քննարկման: