Yerevan, 12.September.2026,
00
:
00
BREAKING


Երևանցիներն ու նոր «տոմսային իրականությունը»

SOCIETY

Ինչպե՞ս են քաղաքացիները հարմարվում նոր իրողություններին

Մամուլում և սոցիալական ցանցերի հայկական տիրույթում պարբերաբար ակտիվանում են հանրային տրանսպորտի գների թանկացման, վճարման նոր համակարգերի ներդրման և դրանց հետ կապված դժվարությունների թեմաները։ Հանրային տրամադրությունները երկու մասի են կիսվել՝ շատերը պահանջում էին, որպեսզի տրանսպորտի գինը շարունակեր նախկինը մնալ, նրանց ընդդիմացողներն էլ հակառակը՝ պնդում էին, որ գնից ավելի կարևոր մատուցվող ծառայությունների որակն ու անվտանգությունն են, ուստի դեմ չէին, որպեսզի ուղեվարձերը թանկանան։

Մեր թղթակիցը խոսել է Երևանի տրանսպորտից օգտվող քաղաքացիներից՝ փորձելով հասկանալ, թե որքանո՞վ են երևանցիները գոհ տրանսպորտի աշխատանքից այսօր։

- Ես շատ գոհ եմ։ Ամենակարևորն այն է, որ ավտոբուսների մեջ կոնդիցիոներ կա։ Էս շոգին առանց դրա հնարավոր չէր լինի։ Նստում ենք ու սիրուն գործի հասնում, հետո տուն, - մեզ հետ զրույցում ասաց ավտոբուսի՝ մոտ 60 տարեկան կին ուղևորներից մեկը։

Զարգացնելով միտքը նա ասաց, որ իր համար չափազանց հարմար է ավտոբուսի երթուղին։ Կանգառը գտնվում է անմիջապես տան մոտակայքում։ Աշխատավայրին նույնպես մոտ կանգառ կա։ Ասում է՝ եթե խցանումներ չկան, մոտ 35 րոպեում տեղ է հասնում։ Հիմնականում նստած է գնում, որովհետև մինչ իր կանգառ հասնելը, ավտոբուսի ուղևորների թիվը դեռևս շատ չի լինում։ Կինն աշխատում է հրուշակեղենի արտադրամասում և ամեն օր օգտվում է ավտոբուսից։

- Իսկ ինչպե՞ս եք վճարում հանրային տրանսպորտի համար։ Օգտվո՞ւմ եք արդյով տրանսպորտային քարտերից կամ QR տոմս ձեռքբերելու էլեկտրոնային ծրագրերից։

- Ոչ, վճարում եմ բանկային քարտով։ Ես էլ ունեմ, տղաս էլ է իր քարտերից մեկն ինձ տվել։ Իմ աշխատավարձը հիմնականում տան հոգսերի համար եմ ծախսում։ Բայց տղայիս քարտում միշտ փող լինում է։ Ինքն է քցում, որ կարողանամ պետք եղած ժամանակ օգտագործել։

- Իսկ ինչո՞ւ չեք օգտվում ամսական կամ տարեկան սակագնային պլաններից։ Այդպես ավելի էժան չի՞ ստացվում։

- Ճիշտն ասած, չգիտեմ։ Էդքան գլուխ չեմ հանում։ Սենց քարտը ճտցնում, անցնում եմ։ Ճիշտ ա՝ նախկին 100 դրամի փոխարեն 150 եմ վճարում, բայց էլի փառք Աստծո, հասցնում ենք։ Առաջ լավ էր։ Փողը տալիս իջնում էինք։ Բայց սենց էլ ա լավ։ Չգիտեմ, - ասում է կինը։

Երևանի հասարակական տրանսպորտում ուղեվարձի միասնական 100 դրամ սակագինը 2023-ից հետո վերանայվել է և փոխարինվել նոր բազմափաթեթ համակարգով։ 2024 թվականի ընթացքում երկար քննարկումների և հանրային քննադատության արդյունքում ձևավորվեց տոմսային նոր սակագնային համակարգ, որը հաստատվեց Երևանի ավագանու կողմից և ուժի մեջ մտավ 2025 թվականի հունվարից։ Համաձայն այս փոփոխությունների՝ այլևս չի գործում մեկ ուղևորության 100 դրամ վճարը. քաղաքացիները կարող են օգտվել տարբեր տևողության և պայմանների տոմսային փաթեթներից։ Մասնավորապես, սահմանվել են ինչպես կարճաժամկետ ուղևորությունների տոմսեր (օրինակ՝ 90 րոպե մինչև 3 փոխադրումով, 1 օր մինչև 8 փոխադրումով, 7 օր մինչև 30 փոխադրումով), այնպես էլ երկարաժամկետ անսահմանափակ տոմսեր (օրինակ՝ 30 օր – 8,800 դրամ, 90 օր – 23,600 դրամ, 365 օր – 88,000 դրամ էլեկտրոնային տարբերակով)։ Նոր համակարգով նախատեսվել են նաև բազմակի օգտագործման տարբերակներ (օրինակ՝ 10 ուղևորություն 30 օրվա ընթացքում) և արտոնություններ՝ ուսանողների, դպրոցականների, թոշակառուների ու այլ խմբերի համար (զեղչեր համապատասխանաբար 15%, 20%, 30% և այլն)։ Այսպիսով, 2025 թվականից Երևանում հասարակական տրանսպորտի սակագները բարձրացան, սակայն ապահովվեց տոմսերի ճկուն համակարգ՝ տարբեր կարիքներին համապատասխան։

Մենք փորձեցինք հասկանալ, թե որքանով են տեղյակ երևանցիները ներդրված բազմափաթեթ սակագնային փաթեթների մասին և այդ հարցով մոտեցաք Երևան Հարավ-արևմտյան թաղամասի կանգառներից մեկում տրանսպորտի սպասող քաղաքացիներին։ Կանգառում կանգնած 7 ուղևորներից միայն մեկն էր օգտվում արտոնություններից։ Թոշակառու կին էր։

- Չգիտեմ, տղա ջան։ Այ սենց քարտ են տվել։ Երեխեքն են զբաղվել։ Գնացել են քաղաքապետարան, թե կառավարություն, չգիտեմ, թղթերը լրացրել են, քարտը ստացել։ Ես շատ չեմ օգտվում տրանսպորտից։ Հիմնականում տանն եմ լինում։ Բայց մեկ-մեկ գնում եմ աղջկաս տուն։ Թոռնիկներիս եմ տեսնում։ Ավտոբուսով եմ գնում, - ասում է կինը։

Նրա հետ միասին կանգառում տրանսպորտի սպասող քաղաքացիներից մեկն ասաց, որ ծանոթ է բոլոր փաթեթներին, սակայն չի օգտվում դրանցից. ավելի հեշտ է տեղում բանկային քարտով վճարելը։ Նա նաև հավելեց, որ նախկինում Telcell-ից թղթի վրա տպված QR կոդեր էր գնում, սակայն քանի օր է այդ տարբերակն այլևս հասանելի չէ։

- Մի պրոբլեմ էլ կա, - ասաց մոտ 30 տարեկան այդ տղամարդը, - հաճախ QR կոդերը չեն սկանավորվում։ Մի երկու անգամ փորձում էի, չէր ստացվում։ Հետո պարզվում էր, որ էդ կոդն արդեն սպառված է։ Առնում էի QR կոդը, ցույց էր տալիս, թե արդեն օգտագործված է։ Մի խոսքով, մեկ-մեկ համակարգը չի աշխատում ու ամեն ինչ խառնվում է իրար։ Հիմա նախընտրում եմ բանկային քարտը։ Համ էլ ավել-պակաս կոդեր առնելու կամ հեռախոսիդ մեջ ծրագրեր դնելու կարիք չկա։

2023 թվականից հետո, երբ գործնական փուլ մտավ միասնական տոմսային համակարգը, Երևանի հանրային տրանսպորտում կատարվեց վճարման մեթոդների արմատական բարեփոխում՝ կանխիկից անցում կատարելով անկանխիկ, էլեկտրոնային համակարգի։ Մինչ տարեվերջ բոլոր ավտոբուսներում և մետրոպոլիտենի կայարաններում տեղադրվեցին հատուկ վավերացման սարքեր։ Սկզբնական փուլում քաղաքացիներին առաջարկվեց QR կոդով ուղեվարձի վճարման մեթոդը՝ Telcell Wallet բջջային հավելվածի կամ վճարային տերմինալների միջոցով ձեռքբերվող QR տոմսերը սկանավորվում էին ավտոբուսների և մետրոյի անցագրերի վրա տեղադրված սարքերով։ Միևնույն ժամանակ անցումային փուլում կանխիկ վճարումը խիստ սահմանափակվեց, ինչն առաջ բերեց որոշակի անորոշություն և դժգոհություն։ Մասնավորապես, 2024-ի նոյեմբերից Երևանի քաղաքապետարանը պարտադիր դարձրեց կա՛մ 100 դրամանոց մետաղադրամով, կա՛մ QR կոդով վճարումը։ Սա հանգեցրեց քաղաքաբնակների շրջանում 100 դրամանոցով «զինվելու» մարտավարությանը. մարդիկ ամբողջ քաղաքով մեկ փորձում էին 100 դրամանոց մետաղադրամներ գտնել, ինչն առաջացրեց համապատասխան մետաղադրամների կրիզիս։ Քաղաքացիները նույնիսկ կատակում էին՝ սոցկայքերում գրելով, որ պատրաստ են 200 դրամով 100 դրամանոց մետաղադրամ գնել։

- 100 դրամանոցի կրիզիս էր, - այն օրերի իրողությունն է հիշում մեր զրուցակից ուղևորներից մեկը։ - Կոֆեի ապարատներից, բանկերից, որտեղից պատահեր կոպեկ էինք հավաքում։ Բայց տրանսպորտի գինը շարունակում էր 100 դրամ մնալ։ Իսկ հիմա 150 է։ Չնայած, արդար լինելու համար պետք է ասել, որ երկրում ամեն ինչը վաղուց թանկացել է ու միայն տրանսպորտի գինն էր 100 դրամ մնացել։

Սկզբնական փուլում էլեկտրոնային վճարման ընդունումը բավական խնդրահարույց էր։ 2024-ի աշնանն ավանդական կանխիկով վճարելու սովորությունը դեռ գերիշխում էր: Համաձայն քաղաքապետարանի հրապարակած տվյալների՝ անցած տարվա հոկտեմբերին ավտոբուսներում կատարված վճարումների միայն մոտ 2.4%-ն էր անկանխիկ (QR միջոցով), տրոլեյբուսներում՝ 8%-ը, մինչդեռ մետրոյում՝ 21.5%-ը, որովհետև մետրոյում այդ ժամանակ արդեն ներդրվել էր QR համակարգը և փուլային անցումն ընթացքի մեջ էր։

Երևանի մետրոպոլիտենը 2024 սեպտեմբերին հրաժարվեց ժետոնների համակարգից՝ փոխարինելով այն QR կոդերով տոմսերով։ Մետրոյում միջանկյալ տարբերակներ առաջարկվեցին՝ QR կոդով տոմս գնել Telcell տերմինալներից կամ պարզապես ձեռք բերել այն դրամարկղից։ Մի քանի ամսվա ընթացքում քաղաքացիների մեծ մասը հարմարվեց մետրոյում էլեկտրոնային վճարմանը, և կայարաններում հերթերն էականորեն կրճատվեցին։

2025 թվականի սկիզբից միասնական տոմսային համակարգի լիարժեք գործարկմանը զուգահեռ էապես ընդլայնվեցին վճարման տարբերակներ։ Վճարման նոր համակարգի ներդրումը սկզբնական շրջանում հարուցեց ինչպես տեխնիկական, այնպես էլ սոցիալական բարդություններ։ Շատ տարեց քաղաքացիների համար բջջային հավելվածով QR տոմս գնելը բարդ գործընթաց էր. հավելվածը պահանջում է որոշակի նույնականացում, ինչը նույնիսկ տեխնիկական գիտելիքներ ունեցող օգտատերերի համար էր անհարմարություն ստեղծում։ Բայց այսօր քաղաքացիները հիմնականում հարմարվել են նոր համակարգին և տոմս ձեռքբերելու հետ խնդիրներ այլևս հիմնականում չեն ունենում։

- Լինում են դեպքեր, երբ քաղաքացիներն ավտոբուս են նստում և հարցնում, թե ինչպես պետք է տոմս գնեն, - մեզ հետ զրույցում ասում է N10 ավտոբուսային երթուղու վարորդներից մեկը։ - Բայց հիմա դա այլևս հազվադեպ երևույթ է։ Ամեն մեկն իր գլխի ճարը տեսել է՝ մեկը բանկային քարտով է վճարում, մյուսը բջջային հավելավածով, երրորդը՝ տրանսպորտային քարտով։ Քաղաքային տրանսպորտից մշտապես օգտվողները բոլոր ձևերը գիտեն։ Մի երկու կանգառ եկեք մեզ հետ ավտոբուսում և կտեսնեք, թե ինչ հարթ է անցնում տոմս գնելու կամ եղած տոմսերը սկանավորելու գործընթացը, - ասում է վարորդը։

Նրա խոսքերի համաձայն, ուղևորների հետ խնդիրները հիմա արդեն այլ բնույթի են.

- Մարդիկ կան, կոնկրետ հրաժարվում են վճարելուց։ Բոյկոտում են։ Ժամանակին, երբ տրանսպորտի գների բարձրացման հետ դժգոհությունը մեծ էր, էլի հասկանում էինք։ Վարորդները բոյկոտողներին բան չէին ասում։ Բայց հիմա այդ ալիքը մարել է։ Ու երբ մի ամբողջ ավտոբուս ուղևորներ վճարում են տոմսը, բայց ինչ-որ մեկը հրաժարվում է դա անել, արդեն անհասկանալի է։ Ուզես նկատողություն անել, միանգամից հեռախոսները հանում են ու սկսում նկարել… Դժվար աշխատանք է, մի խոսքով, ինչ ձևի մարդ ասես՝ կհանդիպես։

Վարորդի խոսքերով` ուժեղացել է նաև վերահսկողությունը։ Հետևում են թե՛ ուղևորներին, թե՛ վարորդներին։

- Իսկ հիմա արդեն հանրային տրանսպորտից օգտվելու դիմաց չվճարելու դեպքում քաղաքացիները տուգանվում են։ Առանց տոմս երթևեկելու համար ուղևորները կտուգանվեն 15 հազար դրամ։ Ուղեվարձն անհրաժեշտ է վճարել ավտոբուս բարձրանալուց անմիջապես հետո՝ մեկ րոպեի ընթացքում, - ասում է N10 երթուղու վարորդը։

Տուգանքները կիրառվում են սույն թվականի հուլիսի 1-ից սկսած։ Մեր զրուցակից քաղաքացիներից որևէ մեկը մինչ օրս հանրային տրանսպորտում հսկիչ չի տեսել։ Նրանք նույնիսկ չգիտեն, թե ինչ է պետք անել, եթե քաղաքապետարանի աշխատակիցը որոշի ստուգել՝ արդյո՞ք վճարել են տոմսի համար, թե ոչ։

- Ո՞նց պետք է ապացուցեմ։ Մտնում եմ ավտոբուս, բանկային քարտով վճարում ու նստում։ Վկան՝ վարորդն է։ Եթե մեկը գա ինձ հարցնի վճարել եմ, թե՞ ոչ, ոնց պիտի ցույց տամ, որ վճարել եմ։ 150 դրամ վճարի համար SMS չի ուղարկում բանկը։ Չգիտեմ, կարող ա ինչ-որ սարքեր ունե՞ն, - տարակուսում է մեր զրուցակից ուղևորը։

Չնայած բոլոր այս խնդիրներին և հատկապես տրանսպորտի ուղևվարձի գնի բարձրացմանը, Երևանի քաղաքապետարանում վստահ են՝ միասնական տոմսերի համակարգի ներդրումն անհրաժեշտություն էր։ Առանց ոլորտում զգալի փոփոխությունների՝ ուղևորափոխադրումը մայրաքաղաքում գնալով ավելի խնդրահարույց էր դառնալու։

Մինչդեռ քաղաքացիները շարունակում են բողոքել հանրային տրանսպորտի ծանրաբեռնվածությունից և ավտոբուսների սակավությունից: Եվ իսկապես, մեր դիտարկումները ցույց են տալիս, որ թե՛ ավտոբուսները, թե՛ տրոլեյբուսները և թե՛ մետրոյի վագոնները հաճախ գերբեռնված են։ Մարդիկ կանգնած են երթևեկում՝ հաճախ գոհ լինելով զուտ այն փաստից, որ ինչ-որ կերպ հնարավոր է եղել «խցկվել» ավտոբուս։

Unibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution