«Արարատ»-ը հավաք կանցկացնի ԱՄՆ-ում
SPORTԵրեւանի «Արարատ» ֆուտբոլային ակումբը փետրվարի 14-24-ը հավաք կանցկացնի ԱՄՆ-ում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ակումբի պաշտոնական կայքի տեղեկատվության համաձայն, փետրվարի 20-ին մեր թիմը ուժերը կչափի լեգենդար «Նյու Յորք Կոսմոս» թիմի հետ:
Մինչ այդ «Արարատ»-ի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը ամփոփել է Սոչիում կայացած ուսումնամարզական հավաքի արդյունքները: «Հավաքը ծառայեց իր նպատակին: 3 ստուգողական հանդիպում անցկացրեցինք բավականին ուժեղ թիմերի հետ: Տղաների աշխատանքից ընդհանուր առմամբ գոհ եմ: Կրկին որոշակի խնդիրներ ի հայտ եկան հարձակման գծում, որոնք, կարծում եմ, շուտով կկարողանանք լուծել», -ասել է գլխավոր մարզիչը:
Վ. Սուքիասյանը նաեւ նշել է, որ լավ տպավորություն են թողել թիմի նորեկները, եւ տեղեկացրել, որ թիմում դեռ համալրումներ լինելու են: Նոր ֆուտբոլիստներ կմիանան «Արարատ»-ին ինչպես Երևանում, այնպես էլ` ԱՄՆ-ում:
ԱՄՆ-ում կայանալիք ստուգողական խաղերի ընթացքում մարզիչը վերջնականապես կկողմնորոշվի մեկնարկային կազմի հարցում, որով հանդես կգան նոր մրցաշրջանի երկրորդ կեսին:
Հիշեցնենք, որ Սոչիում «Արարատը» 3 ստուգողական հանդիպում անցկացրեց` մրցելով ռուսական «ԲՄԱ-Էներգիա» (0:1), «Բալթիկա» (0:2) և «Տորպեդո» (Արմավիր) (1:1) թիմերի հետ: