Ձյուդոիստ Հովհաննես Դավթյանը իրավունք է նվաճել մասնակցելու Ռիո-2016 Օլիմպիական խաղերին
SPORTՓարիզում կայացած ձյուդոյի Մեծ սաղավարտի խաղարկությունում 5-րդ տեղը զբաղեցրած Հովհաննես Դավթյանը իրավունք է նվաճել մասնակցելու Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք Օլիմպիական խաղերին:
Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի ձյուդոյիհավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանը, մարզիկը Ճապոնացիների եւ կորեացիների հետ գոտեմարտերում դեռեւս փոքր-ինչ դժվարությունների է հանդիպում: Այս ուղղությամբ դեռ պետք է աշխատել:
Հովհաննես Դավթյանն այլեւս չի մասնակցի մրցաշարերի, նա կպատրաստվի Եվրոպայի առաջնությանը, որը տեղի կունենա ապրիլի 27-ին՝ Ռուսաստանի Կազան քաղաքում: Առաջիկայում նա ուսումնամարզական հավաքների է մասնակցելու: Մասնավորապես, մարտի 5-17-ը կմասնակցի Չեխիայում կայանալիք ուսումնամարզական հավաքին: Եվրոպայի առաջնությունից հետո նա կշարունակի նախապատրաստվել օլիմպիական խաղերին:
Ա. Նազարյանը դրական գնահատեց նաեւ ձյուդոիստ Ֆերդինանտ Կարապետյանի՝ Փարիզում ցուցադրած գոտեմարտերը: Կարապետյանը Փարիզում գոտեմարտել է աշխարհի եռակի չեմպիոն ճապոնացի մարզիկի հետ: «Թեեւ ճապոնացին հաղթեց եւ դարձավ չեմպիոն, այդուհանդերձ, Կարապետյանի նկատմամբ նրա առավելությունը չնչին էր»,- նշեց հավաքականի գլխավոր մարզիչը:
Ֆերդինանտ Կարապետյանը եւ Ժաննա Ստանկևիչը կշարունակեն մրցումները եւ փետրվարի 17-ին կմասնակցեն Գերմանիայում կայանալիք Գրան Պրիին, որը եւս վարկանիշային է:
«Մինչեւ օլիմպիական խաղերը դեռ վարկանիշային մրցաշարեր լինելու են: Հույս ունենք, որ Ֆերդինանտն ու Ժաննան եւս կկարողանան վաստակել վարկանիշ: Արդյունքում 3 օլիմպիական ուղեգիր կունենանք»,- ասաց Ա. Նազարյանը:
Մինչ օրս Հայաստանից Օլիմպիական վարկանիշ են նվաճել 7 ծանրորդ, 3 ըմբիշ եւ 1 մարմնամարզիկ: Հովհաննես Դավթյանի նվաճած ուղեգիրը 12-րդն է: