Yerevan, 02.November.2026,
00
:
00
BREAKING

«Ապրում եմ, բայց սա ապրել չէ, սա ավելի շատ մահ է, քան ապրել». Եղբայրներ Արսեն և Սամվել Ստեփանյաններն անմահացել են Արցախի համար վերջին մարտում. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արսենը ու Սամվելը ծնվել են Արցախում՝ Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղում։ Նրանց տարիքային տարբերությունը մեկ տարի և ինն ամիս է։ Ավագը Սամվելն է։ Տղաների մայրիկը՝ տիկին Ալլան, ասում է՝ որդիները հրաշալի մանկություն են ունեցել, նա փորձել է ամեն ինչ անել նրանց համար, որպեսզի հանկարծ կյանքից չհիասթափվեն։ «Արսենը բնավորությամբ անկարգ էր, կռվարար։ Սամվելը նրա հակապատկերն էր՝ հանգիստ էր բնավորությամբ, խաղաղասեր։ Սամվելը սիրում էր երկար բացատրել, խոսել, իսկ Արսենը զրույցի հենց սկզբից բորբոքվում էր»։

Տղաները սովորել են Մատաղիսի Ռադիկ Մարտիրոսյանի անվան դպրոցում։ «Սամվելս շատ լավ էր սովորում, մինչև 5-րդ դասարանը գերազանցիկ էր, դրանից հետո՝ հարվածային։ Նա նեղսրտում էր, երբ զրույցի ժամանակ կարող էր այս կամ այն թեմայի մասին չիմանալ, ձգտում էր ամեն ինչի մասին գիտելիքներ ունենալ։ Արսենս հենց սկզբից էլ հարվածային էր։ Երկուսն էլ շատ լավ վարք են ունեցել։ Բայց Արսենն, օրինակ՝ շատ անհանգիստ բնավորություն ուներ, 45 րոպե չէր կարողանում նստել, պետք է այդ ընթացքում ոտքի կանգներ, պտտվեր։ Ուսուցիչներին դա մի քիչ բարկացնում էր, բայց հետո իրենք էլ ընդունեցին, որ ընդամենը պետք է մի երկու րոպե քայլի, չի կարողանում այդքան ժամանակ անշարժ նստել»։

Արսենն իններորդ դասարանն ավարտելուց հետո ընդունվել է Ստեփանակերտի պետական քոլեջի ռադիոտեխնիկայի բաժին, իսկ Սամվելը՝ Շուշիի տեխնոլոգիական համալսարանի էներգետիկայի բաժին։ 2020 թվականի հուլիսի 27-ին Սամվելը զորակոչվել է բանակ, ծառայել է Մարտակերտում։ Պատերազմի ժամանակ եղել է ամենաթեժ կետերում։ Առաջին հարվածներից մեկը եղել է նրանց ավտոպարկի վրա։ Սամվելն այրվող ավտոպարկից 5-6 մեքենա է դուրս բերել, որի համար արժանացել է «Քաջարի մարտիկ» կրծքանշանի։ Արսենը 2022 թվականի հունվարի 24-ին է զորակոչվել պարտադիր զինվորական ծառայության։ Ծառայել է Ասկերանում։ Ձեռք բերելով տանկիստի մասնագիտություն՝ տեղափոխվել «Դրմբոն» կոչվող զորամաս։

2022 թվականին Սամվելն անցնում է պայմանագրային զինծառայության։ «Մեր գյուղում ՀԷԿ-եր կային, նպատակն այն էր, որ Սամվելը պետք է դրանցից մեկում աշխատանքի ընդունվի։ 2020 թվականի պատերազմից հետո, երբ Արցախում ինչքան ՀԷԿ կար, տվեցին Ադրբեջանին, Սամվելն ասաց՝ ի՞նչ իմաստ ունի էներգետիկի մասնագիտությունը սովորելը, որ էլ ՀԷԿ-եր չունենք։ Իրենց համալսարանը տեղափոխել էին Ստեփանակերտ։ Ասացի՝ ոչինչ, սովորիր, դիպլոմդ վերցրու, ամեն տեղ էլ կարող ես աշխատել։ Քանի որ նորմալ աշխատատեղեր չկային, տղաներից շատերն էին պայմանագրային ծառայության անցնում։ Երբ Սամվելս ասաց, որ ուզում է պայմանագիր կապել, ընդդիմացա, բայց նա իր ցանկությամբ առաջնորդվեց։ Դեմ էի նաև, երբ տեղափոխվեց «Եղնիկներ»։ Ասաց. «Մա՛մ, 21 տարի քո ուզածով եմ արել, հիմա ուզում եմ իմ կյանքի համար մի որոշում կայացնել»»։

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա։ Արսենը ժամկետային զինծառայող էր, Սամվելը՝ պայմանագրային։ «Սամվելի դիրքը «Եղնիկների» հատվածում էր, Արսենինը՝ Մարտակերտի։ Սամվելը սեպտեմբերի 1-ին դիրքեր բարձրացավ, 14-ին պետք է իջներ։ Մի քիչ միս ունեի տանը, տոլմա էի պատրաստել։ Զանգեց, հարցրեցի՝ Սա՛մ, իջնո՞ւմ ես, տոլմա եմ եփել։ «Մա՛մ, ինձ էդքան բախտ որտեղի՞ց, չեն իջեցնում»։ Արսենին էլ սեպտեմբերի 15-ին տագնապով դիրքեր էին բարձրացրել։ Սեպտեմբերի 17-ին նա Ճանկաթաղ գյուղի դիրքում է լինում։ Քույրս այդ գյուղում հարս էր, իրենից իմացա, որ այդ գյուղի դիրքում է։ Նա այդտեղ պետք է չլիներ։ Դա ամենասարսափելի դիրքերից մեկն էր։ Սեպտեմբերի 18-ին Արսենիս հետ խոսելիս ասացի՝ այդ դիրքից վախենում եմ, վտանգավոր է, և սկսեցի լաց լինել։ Նա էլ հանգստացրեց ինձ, որ իրեն հաջորդ օրն իջեցնելու են, տուն է գալու։ Դա մեր վերջին զրույցն է եղել, անգամ մեկ բառ ինձ չի գրել։ Որքան վատ է եղել վիճակը, որ ինձ հետ կապ չի հաստատել։ Շատ հետո Սամվելի հեռախոսի հաղորդագրությունները նայեցի։ Ժամը տասներկուսն անց քսան նամակներով են փոխանակվել։ Սամվելս ձայների մասին է հարցրել, Արսենն էլ արձագանքել է, որ իր մոտ չի, Ասկերանին են խփում, «մենք խրամատներում ենք»։ Սամվելն ասել է, որ դիրքերում է։ «Ախպե՛ր, ուշադիր կլինես»: «Դու էլ»։ Դա իրենց վերջին խոսակցությունն է եղել»։

Սեպտեմբերի 19-ին, երբ սկսվում է պատերազմը, տիկին Ալլան շտապում է զորամաս։ «Ներքին կապով կարողացա կապ հաստատել Սամվելի դիրքի հետ։ Մի տղա պատասխանեց՝ Սամվելն իր գործն է անում, չի կարող պատասխանել։ Տղաներս ПК զենքին էին տիրապետում։ Որոշ ժամանակ հետո Սամվելս հետ զանգեց ու միանգամից ասաց՝ չեմ ասել՝ այս հեռախոսին չզանգես։ «Սամո՛, սիրտս տրաքում է, չէի կարող չզանգել»։ Արսենի դիրքերից ներքին կապի համարներ տվեց, որ փորձեմ կապվել նրա հետ։ Բայց ոչ ոք չպատասխանեց իմ զանգերին»։

Ժամանակ առ ժամանակ Սամվելի հետ հնարավոր է լինում կապ պահպանել։ «Ժամը ութն անց քսան էր, խոսում էինք, հարցրեց՝ Արսենից լուր կա՞։ Խնդրում էի իրեն, որ իջնի, գնանք, Արսենին գտնենք։ Երբ լաց եղա, արձագանքեց. «Մա՛մ, մի լացի, ինքը կորողը չի, կգտնվի: Մա՛մ, չեմ կարող թողնել ու իջնել, լավ է լինելու, չլացես»։ Այդ ժամանակ նաև կիսաժպիտով ասաց. «Դու միշտ ասել ես, որ Ղարաբաղը քո երրորդ երեխան է, մենք հիմա քո երեխուն ենք պահում»։ Զորամասում կապի վրա էի աշխատում։ Հաղորդագրություն ստացանք, որ դիրքերի վրա ինքնաթիռներ են բարձրանում։ Զանգեցի Սամվելի դիրք՝ կմտնեք թաքստոց, ասաց՝ բա ես թաքնվո՞ղ տղա եմ։ Սամվելենց դիրքերի վրա հինգ րոպեում հինգ ինքնաթիռ է բարձրացել, երկու դիրքի ամբողջ անձնակազմը զոհվել է։ Զանգում էի, կապ չկար։ Գնացի հրամանատարական բունկեր, հարցրեցի՝ «Եղնիկներից» լուր ունե՞ք, ասացին՝ լավ են, կապերը կտրվել են։ Բոլորն ամեն ինչ գիտեին, բայց ինձ ոչինչ չէին ասում»։

Մայրիկը հույսով սպասում էր, որ Սամվելը պետք է իջնի դիրքերից։ Բայց, ավաղ, Սամվելը տուն չի վերադառնում այնպես, ինչպես նա կցանկանար։ Սեպտեմբերի 21-ի առավոտյան ժամը վեցն անց կես տիկին Ալլային սկզբում հայտնում են, որ որդին վիրավոր է, նա շտապում է նրա մոտ, բայց քրոջ բարձր գոռոցը հուշում է, որ, ցավոք, լավ լուրի սպասել չի կարելի։ Հետո արդեն հիվանդանոցում զոհվածների ցուցակում գտնում են Սամվելի անունը։ Սամվելը նույն հիվանդանոցի դիահերձարանում է լինում։

Տիկին Ալլան այդ ընթացքում սոցցանցի իր էջում տեղադրել էր Արսենի նկարը՝ հույս ունենալով լուր ստանալ նրա մասին։ «Սեպտեմբերի 22-ին ժամը վեց անց կես՝ նույն ժամին, երբ Սամվելի լուրը ստացա, զանգ եմ ստանում։ Ասում են, որ Արսենը զոհվել է, բայց չենք կարողանում մարմինը դուրս բերել։ Հետո կրկին զանգ՝ Արսենը վիրավոր է եղել, տեղափոխել ենք մի ծառի տակ, էլ չենք կարողացել դուրս բերել, եթե կարող եք, գնացեք հետևից»։

Հաջորդող մի քանի օրերի մասին, մինչ տիկին Ալլան կարողանում է գտնել Արսենի մարմինը, կարելի է սարսափ ժանրի ֆիլմ նկարահանել. որևէ այլ ժանրում հնարավոր չէ նկարագրել տեսարան, երբ մայրը փնտրում է որդու մարմինը, որ հողին հանձնի։ «Ռուսական բազայում ասացին՝ մեզ թույլ չեն տալիս խառնվել, մենք էլ զոհեր ունենք, չենք կարողանում դուրս բերել։ Հետո գնացի Հոռաթաղի հրետանային բրիգադի հրամանատարի մոտ, այդ տարածքում զորք ուներ, խնդրեցի գտնել Արսենին։ Չկարողացան, հետո էլ հայտնեցին, որ Արսենի դիրքն այրվում է, այդ տարածքում զինվոր չի երևում։ Հետո գնացի Մարտակերտի հոսպիտալ, զոհվածների մեջ էի փնտրում, էլի ապարդյուն։ Սեպտեմբերի 23-ին հայտարարեցին՝ զոհվածներին տանում են Ստեփանակերտ, ծնողներից մեկը գա հուղարկավորելու համար։ Մարտակերտը շրջափակման մեջ էր, կտրված էինք Ստեփանակերտից։ Թուրքերը թույլ չէին տալիս Մարտակերտից դուրս բերել մարմինները, հիվանդանոցի տնօրենը որոշել էր բոլորին հուղարկավորել հիվանդանոցի մոտ, բայց կարողացանք հասնել նրան, որ Կարմիր խաչի մեքենաները դուրս բերեցին տղաների մարմինները։ Մեքենաները ճանապարհեցինք Ստեփանակերտ։ Սեպտեմբերի 24-ի առավոտյան դուրս եկանք Մարտակերտից։ Երկու օր ճանապարհ անցանք, հասանք Ստեփանակերտ։ Դիահերձարանում խնդրեցի՝ Սամվելիս մի քիչ էլ պահեք ձեզ մոտ, փոքրիս չեմ գտնում։ Բացառություն արեցին։ Սեպտեմբերի 25-ին Հայաստանից եկած սառնարաններով Սամվելին ուղարկեցի Գորիս, նրա ընկերները դիմավորեցին, սպասում էին, որ Արսենին գտնեմ։ Գնացի փրկարար ծառայություն, ծառայողները տղաների մարմինները դուրս էին բերում, բայց այդ հատված թույլ չէին տալիս մտնել։ ՄԻՊ գրասենյակ գնացի, հետո դիահերձարան, հետո հիվանդանոց։ Ամբողջ օրը նույն ճանապարհներին էի։ Արսենիս հետ զոհված տղաներից Սամվելի եղբայրը զանգահարեց հայրիկիս՝ ռուսների միջոցով կապ են հաստատել, ասել, որ այստեղ դիեր կան, թող գան, տանեն, փրկարարների հետ գնում ենք այդ դիրքը։ Որոշ ժամանակ հետո կրկին զանգեց հայրիկիս՝ երեք մարմին եմ բերում, մեկն Արսենն է։ Նա հենց տեղում՝ խրամատում է զոհվել՝ ПК-ն ձեռքին։ Հարվածը սրտի հատվածում է եղել, բայց դատաբժշկական փորձաքննության մեջ գրված է, որ 4,5 ժամ արյունահոսել է։ Չգիտեմ, թե ինչու էին ինձ խաբել, գուցե այն պատճառով, որ թողել էին Արսենին ու դիրքը լքել։ Սեպտեմբերի 28-ին Երևանից եկած սառնարաններով ճանապարհեցինք բոլոր տղաներին, այնքան շատ էին զոհերը, մենք էլ իրենց հետևից դուրս եկանք։ Սեպտեմբերի 30-ին հասանք Գորիս, գնացի դիահերձարան, բայց Արսենս այնտեղ չէր, ասացին՝ երրորդ մեքենան ուղարկել ենք Երևան, մեզ մոտ տեղ չկար։ Եկա Երևան՝ Հերացի, նա այնտեղ չէր։ Յոթ օր փնտրել եմ Արսենիս։ Ի վերջո, գտա նրան ու գնացի Աբովյանի դիահերձարան ճանաչելու»։

Արսենը զոհվել է սեպտեմբերի 19-ին, Սամվելը՝ սեպտեմբերի 20-ին։

Ապրելու ուժի մասին։ «Սկզբում ինքնասպանության փորձեր արեցի։ Հետո մի անծանոթ աղջիկ երազում Արսենիս է տեսնում, տղաս ասում է. «Չեմ կարողանում մեր տուն գնալ, խնդրում եմ, գնա մեր տուն, մամայիս ասա՝ սիրտս ցավում է, նման բաներ չանի»։ Այդ աղջիկը եկավ մեր տուն, երկար զրուցեցինք։ 44-օրյա պատերազմում զոհված զույգ եղբայրների՝ Արմենի և Ռուբենի մայրիկն ինձ գրեց՝ այդ վշտի մեջ եմ, սխալ բան չանես, երեխեքիդ չնեղացնես։ Սամվելն էր երազումս գալիս՝ մա՛մ, նման բաներ մի արա, իմ պատվի հետ ես խաղում։ Երբ ասում էի, որ մենակ եմ առանց իրենց, չեմ կարողանում այդպես, արձագանքում էր՝ մենք տանն ենք, որ ցանկանաս, մեզ կտեսնես։ Ապրում եմ, բայց սա ապրել չէ, սա ավելի շատ մահ է, քան ապրել։ Գոյատևում եմ, ոտքի վրա մնում, որ կարողանամ իմ երեխեքի մոտ գնալ»։

Հ. Գ.- Արսեն և Սամվել Ստեփանյանները հետմահու պարգևատրվել են «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի մեդալներով։ Հուղարկավորված են Եռաբլուրում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice