Yerevan, 10.March.2026,
00
:
00
BREAKING


Ինչո՞ւ է «միջազգային հանրությունն» այսքան տարբեր մոտեցումներ ցուցաբերում. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

Աշխարհաքաղաքական ակտիվ զարգացումների ֆոնին միջազգային հանրությունն ավելի ու ավելի շատ է քննարկում Գազայի հակամարտության կարգավորման այնպիսի բազմաչափ պլանների անհրաժեշտությունը, որոնք հնարավորություն կտան հաղթահարել տարիների խոր հակամարտությունը, վերականգնել նվազագույն մարդասիրական և կենսագործունեության պայմանները պաղեստինցիների համար, իսկ երկարաժամկետ կտրվածքով՝ շարժվել դեպի կայուն խաղաղության ու համակեցության հնարավոր մոդել։

Իսրայելա-պաղեստինյան հակամարտության ներկա փուլում ամերիկյան կողմից շրջանառության մեջ է դրվել 20 կետից բաղկացած համապարփակ պլան, որի նպատակն է ստեղծել գործուն մեխանիզմներ Գազայի բնակչության կենսագործունեության համար, վերականգնել կենսական ենթակառուցվածքները, ապահովել բնակչության վերադարձն ու բարեկեցությունը, միջազգային վերահսկողության և մարդասիրական աջակցության ուղիներ ձևավորել։ Այս պլանն ընդգրկում է ոչ միայն անմիջական զինադադարի, գերիների փոխանակման, հումանիտար միջանցքների բացման և միջազգային կազմակերպությունների դերի ընդլայնման հարցեր, այլև երկարաժամկետ ինստիտուցիոնալ փոփոխություններ՝ ներառյալ տեղական ինքնակառավարման մարմինների ստեղծում, հիմնական ծառայությունների վերահսկողության միջազգային մեխանիզմների ներդրում, տնտեսական վերականգնման ծրագրերի մեկնարկ, ինչպես նաև իրավական ու անվտանգության երաշխիքներ բոլոր կողմերի համար։

Այդպիսի պլանների ձևակերպումը, թեկուզ տեսական մակարդակում, ինքնին արտացոլում է միջազգային հանրության, գլխավոր դերակատարների ու տարածաշրջանային ուժերի գիտակցումը, որ առանց ինստիտուցիոնալ լուծումների, առանց միջազգային միջնորդության ու երաշխիքների, առանց մարդասիրական և քաղաքական բաղադրիչների համադրման հնարավոր չէ գտնել կայուն և ընդունելի լուծում՝ հատկապես այնպիսի կոնֆլիկտներում, որտեղ կողմերը փոխադարձաբար չեն վստահում միմյանց, որտեղ առկա են խոր պատմական, ազգային, կրոնական և անվտանգային հակասություններ, և որտեղ վերջին ռազմական գործողությունները ուղեկցվել են զանգվածային զոհերով, քաղաքացիական բնակչության տառապանքով ու ատելության դինամիկայի խորացմամբ։

Գազայի պարագայում 20 կետից բաղկացած այս պլանը, եթե անգամ իրատեսական չէ ամբողջությամբ, գոնե հնարավորություն է տալիս կողմերին քննարկելու կոնկրետ քայլեր, առարկայական մեխանիզմներ, ճկունություն ցուցաբերելու ուղիներ՝ հանուն նվազագույն մարդասիրական պայմանների վերականգնման և հետագա քաղաքական երկխոսության հիմքերի ստեղծման։ Սակայն նույն միջազգային հանրության մոտեցումը, գործիքակազմը և միջնորդական ջանքերը ակնհայտորեն բացակայում էին Արցախի հարցում, որտեղ վերջին տարիների զարգացումները հանգեցրին ամբողջական էթնիկ զտման, հայրենազրկման ու արցախահայության գոյության իրավունքի վերացման։

Հարց է առաջանում՝ ինչո՞ւ այն, ինչ այժմ քննարկվում է Գազայի դեպքում՝ փուլային կարգավորման, միջազգային երաշխիքների, մարդասիրական միջանցքների, տեղում կյանքի վերականգնման, անվտանգային ու ինքնակառավարման մոդելների տեսքով, հնարավոր չեղավ անգամ տեսական մակարդակում առաջադրել Արցախի համար։ Առաջին հայացքից կարող է թվալ, որ Գազայի պարագայում միջազգային ակտիվությունը պայմանավորված է տարածաշրջանի աշխարհաքաղաքական ծանրակշիռ դերով, Իսրայելի դաշնակիցներով ու պաղեստինյան հարցի համաշխարհային արձագանքով։ Բայց խորքային վերլուծությունը բացահայտում է, որ գործ ունենք ոչ միայն աշխարհաքաղաքական, այլև արժեքային ու նորմատիվային մոտեցումների տարբերության հետ։

Գազայի հակամարտության սրացումը՝ սկսած 2023 թվականի հոկտեմբերի 7-ի ՀԱՄԱՍ-ի հարձակմամբ, որին հաջորդեցին Իսրայելի կողմից լայնածավալ ռազմական գործողություններ, ցույց տվեց, որ անգամ ծայրահեղ բռնության և ոճրագործությունների պարագայում միջազգային հանրությունը չի հրաժարվում մարդասիրական օրակարգից, չի վերացնում բնակչության կենսագործունեության իրավունքը, չի լեգիտիմացնում զանգվածային պատժիչ գործողությունները։ ՀԱՄԱՍ-ի կողմից իրականացված հարձակումները, որոնք ուղեկցվեցին ոչ միայն ռազմական, այլև քաղաքացիական բնակչության դեմ ուղղված բռնություններով, դատապարտվեցին միջազգային մակարդակում՝ որպես ահաբեկչական գործողություններ և պատերազմական հանցագործություններ։ Իսրայելի պատասխանը նույնպես քննադատության ենթարկվեց՝ կապված քաղաքացիական բնակչության զանգվածային զոհերի, ենթակառուցվածքների թիրախավորման և հումանիտար ճգնաժամի խորացման հետ։

Սակայն, անկախ այս ամենից, միջազգային հանրությունը՝ ՄԱԿ-ը, ԵՄ-ն, արաբական պետությունները, ԱՄՆ-ն ու մյուս միջազգային խաղացողները, շարունակեցին առաջադրել քաղաքական և մարդասիրական կարգավորման օրակարգ՝ պահանջելով նվազագույն երաշխիքներ Գազայի բնակչության համար, հումանիտար միջանցքների բացում, հրադադարի հաստատում, գերիների փոխանակում և ապագա ինստիտուցիոնալ լուծումների մշակում։ Այս մոտեցումն ինքնին վկայում է, որ նույնիսկ ամենադժվար ու էմոցիոնալ հակամարտություններում միջազգային դերակատարները գիտակցում են բնակչության անվտանգության, վերադարձի ու զարգացման իրավունքի անքակտելիությունը։

Արցախի պարագայում, սակայն, միջազգային հանրության մոտեցումը որակապես այլ էր։ Չնայած 2020 թվականի պատերազմին, ապա և շրջափակմանն ու ագրեսիային, Արցախի հայ բնակչության համար երբեք չձևավորվեց այնպիսի փուլային, համապարփակ կարգավորման պլան, որն իր մեջ ներառեր արցախահայության ապրելու, ինքնակառավարման, անվտանգության, զարգացման և միջազգային երաշխիքների ապահովման կոնկրետ մեխանիզմներ։ Միջազգային հանրությունը սահմանափակվեց առավելապես հորդորներով, ոչ պարտադրող հայտարարություններով, իսկ միջնորդական ջանքերը հիմնականում ձևական էին՝ առանց Ադրբեջանի վրա իրական ճնշման գործադրման, առանց հումանիտար միջամտության կամ անվտանգության երաշխիքների։ Արդյունքում Ադրբեջանը հնարավորություն ստացավ ոչ միայն ռազմական ճանապարհով լուծել հարցը, այլև ցեղասպանական գործողություններ իրականացրեց էթնիկ զտման տեսքով՝ առանց որևէ իրական պատժի կամ միջազգային արձագանքի։ Արցախահայությունը հայտնվեց հայրենազրկման, իրավական անորոշության ու ապագայի բացարձակ անտեսման վիճակում՝ ի տարբերություն Գազայի բնակչության, որի համար անգամ հիմա՝ ամենածանր իրավիճակում, օրակարգում է մնացել վերադարձի, կենսագործունեության և ինստիտուցիոնալ երաշխիքների հարցը։

Իսկ խորքային պատճառները, թե ինչու հնարավոր չեղավ Արցախի պարագայում կիրառել Գազայի համար առաջարկվող կարգավորման տրամաբանությունը, բազմապիսի են։ Նախ՝ Արցախի հարցը միջազգային հանրության կողմից երբեք չձևակերպվեց իբրև լիարժեք մարդասիրական և ինքնորոշման իրավունքների խնդիր։ Հակառակ դրան, գերիշխող մոտեցումն այն էր, որ միջազգային իրավունքի շրջանակում առաջնահերթությունը տրվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը։ Այս դիրքորոշումը թույլ տվեց Բաքվին անարգել գործի դնել ուժային լուծման տարբերակը՝ զրկելով արցախահայությանն իր ունեցած անօտարելի իրավունքներից։ Մյուս կողմից՝ միջազգային դերակատարների՝ հատկապես արևմտյան պետությունների ու Ռուսաստանի միջև շահերի բախումը, ինչպես նաև տարածաշրջանի աշխարհաքաղաքական նշանակության համեմատաբար ցածր մակարդակը թույլ չտվեցին ապահովել այնպիսի ճնշում, որն անհրաժեշտ էր մարդասիրական միջամտության համար։

Այստեղ պետք է հատուկ շեշտել Ադրբեջանի և Իսրայելի գործելակերպի որոշակի տարբերությունը։ Իսրայելը՝ որպես իրավական պետություն, նույնիսկ ամենակոշտ ռազմական գործողությունների պայմաններում գործում է որոշակի սահմանների ներքո՝ միջազգային դաշնակիցների, սեփական հանրության և մեդիայի մշտական վերահսկողության տակ։ Իսկ Ադրբեջանի դեպքում հակառակ պատկերը կա. Բաքվի իշխանությունները գործում են ոչ թե միջազգային իրավունքի, այլ ահաբեկչական կազմակերպություններին բնորոշ մոտեցումներով՝ ցեղասպանություն, մշակութային ժառանգության ոչնչացում, բանտարկվածների խոշտանգումներ, խաղաղ բնակչության բռնի տեղահանություն, պատմական ժառանգության ջնջում։ Մշակութային ավերումները, եկեղեցիների ձևափոխումը կան քանդումը, գերեզմանների պղծումները և մարդկանց գլխատումը դարձել են Ադրբեջանում պետական քաղաքականության կարևոր մաս՝ առանց որևէ իրավական կամ մարդասիրական արգել քի գիտակցման։ Եվ այս իրավիճակում միջազգային հանրության անտարբերությունը ոչ միայն զարմանալի, այլև առավել քան ողբերգական է, քանի որ բացակայում է ոչ միայն քաղաքական կամքը, այլև նվազագույն արժեքային մոտեցումները, որոնք Գազայի դեպքում գոնե տեսական մակարդակում պահպանվում են։

Այս համատեքստում Արցախի համար որևէ կարգավորման պլանի բացակայությունը փաստացիորեն պայմանավորված է ոչ միայն աշխարհաքաղաքական շահերի բախմամբ, այլ նաև միջազգային նորմերի երկակի կիրառմամբ, արժեքային դեգրադացիայով և Ադրբեջանի կողմից քաղաքակրթական ու մարդասիրական բոլոր նորմերի բացարձակ ոտնահարմամբ։ Այն, ինչ հնարավոր է կամ գոնե քննարկելի է Գազայի համար՝ փուլային կարգավորում, միջազգային երաշխիքներ, բնակչության գոյության իրավունքի պաշտպանություն, այն էլ՝ ՀԱՄԱՍ-ի ոճրագործություններից հետո, Արցախի դեպքում անգամ որպես քննարկման առարկա չհայտնվեց։ Սա վկայում է ինչպես երկակի ստանդարտների, այնպես է միջազգային համակարգի խորը ճգնաժամի մասին, որն էլ առավել մեծ վնաս կարող է հասցնել մարդկությանը։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

AraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton Participants