Yerevan, 25.May.2026,
00
:
00
BREAKING


Մինչ ՀԷՑ-ը պետականացվում է, պետական ԲԷՑ-ում միլիարդների չարաշահումներ են՝ առանց մեղադրյալի

SOCIETY

Գևորգ Թոսունյան

Մինչ կառավարությունը նպատակադրված գնում է «Հայաստանի էլեկտրական ցանցերի» (ՀԷՑ) պետականացման ճանապարհով, էներգետիկ մեկ այլ ռազմավարական ընկերությունում՝ «Բարձրավոլտ էլեկտրական ցանցերում» (ԲԷՑ), միլիարդավոր դրամների չարաշահումներ են արձանագրվել, սակայն փոքր մասն է վերադարձվել: ԲԷՑ-ում մեկ տարում վեց քրեական վարույթ է նախաձեռնվել գողություններ կատարելու առիթով։

ԲԷՑ պատկանում է կառավարությանը և հանդիսանում է փոխանցող ցանց (220 կՎ և ավելի), իսկ ՀԷՑ-ը պատկանում է «Տաշիր» խմբին և հանդիսանում է բաշխիչ ցանց (110 կՎ և ցածր), որն էլեկտրաէներգիան հասցնում է արդեն վերջնական սպառողներին։

Ավելի քան 2,6 մլրդ դրամ․ սա՝ պետական կամ ազգային ԲԷՑ-ում վերջին յոթ տարիների ընթացքում արձանագրված վնասի չափն է։ Այս գումարը երեք քրեական վարույթի հանրագումարն է։ 2019-ից սկսած ԲԷՑ-ում կատարված հանցագործությունների վերաբերյալ երեք խումբ քրեական վարույթներ են հարուցվել։ Դրանցից ամենախոշորը պետական վնասի երկու վարույթներն են՝ մեկը 1,1 մլրդ դրամի չափով, մյուսը՝ 1,4 մլրդ դրամի։ Երկու վարույթներն էլ ներառում են մի քանի այլ գործեր և քննվում են յուրացման, խարդախության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և փաստաթղթերի կեղծման հոդվածներով։ Բացի այդ, կան նաև վեց դրվագից կազմված վարույթներ գողությունների վերաբերյալ՝ շուրջ 6 մլն դրամի չափով։ Համեմատության համար նշենք, որ «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալը 24,25 մլրդ դրամ է, այսինքն՝ քրեական վարույթներով արձանագրված վնասը կազմում է ընկերության ամբողջ կանոնադրական կապիտալի շուրջ 10 տոկոսը։

Ընդհանուր առմամբ ԲԷՑ-ում կատարված հանցագործությունների արդյունքում պետության 2,6 մլրդ դրամի վնասից վերադարձվել է ընդամենը 8 տոկոսը՝ 207 մլն դրամ։

Այս ընթացքում ԲԷՑ-ի ղեկավար կազմի աշխատավարձերի ու պարգևատրումների տարեկան ֆոնդը գնալով աճել է։ Եթե 2019-ին այս ֆոնդը տարեկան կազմում էր մոտ 86 մլն դրամ, 2024-ին այն հասել է 114 մլն դրամի (աճը կազմել է մոտ 33 տոկոս)։

1,1 մլրդ դրամի վնասը

Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում են քննվում երկու հիմնական վարույթները՝ Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ), Հաշվեքննիչ պալատի և այլ իրավապահ մարմինների ուսումնասիրությունների հիման վրա։

Առաջին վարույթը սկսվել է 2019-ի փետրվարին, ամիսներ անց այս վարույթին միացել են նաև 2019-ի մայիսին Հաշվեքննիչ պալատի ուսումնասիրության արդյունքները։

Ըստ այդ ուսումնասիրության՝ ԲԷՑ-ի աշխատակիցները, չարաշահելով պաշտոնեական դիրքը, տարբեր դրդապատճառներից ելնելով, բազմաթիվ կոպիտ խախտումներ են կատարել՝ անտեսելով «Գնումների մասին» ՀՀ օրենքը: Պալատը պարզել էր, որ ԲԷՑ-ին այդ գործողությունների հետևանքով պատճառվել է ավելի քան 867 մլն դրամի վնաս։

Սրան գումարվել են ՊՎԾ-ի ուսումնասիրության տվյալները, և վնասը հասել է 1,1 մլրդ դրամի։ Այս գումարից վերականգնվել է 207 մլն դրամը (պատճառված վնասի 17 տոկոսը)։ Նախաքննությունն ընթանում է արդեն վեց տարի, իսկ մեղադրյալ չկա։

Հինը չփակած՝ նոր վարույթ ԲԷՑ-ում

Պետությունը դեռ չէր հասցրել ամբողջական բացահայտել 2019-ի չարաշահումներն ու վերադարձնել գումարները, երբ ՊՎԾ-ի ուսումնասիրությունը հայտնաբերում է նոր և ավելի խոշոր չարաշահումներ։ Այս անգամ վարույթը վերաբերում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման, փաստաթղթեր կեղծելու և այլնի։

Հետագայում այս վարույթին է միացվում ոստիկանության օպերատիվ տվյալների հիման վրա 2023-ի մարտին նախաձեռնված գործը։

Քրեական վարույթով պատճառված վնասը, ըստ ՊՎԾ-ի, կազմում է շուրջ 1,4 մլրդ ՀՀ դրամ, որը չի վերականգնվել։ Այս գործով չկա մեղադրյալ։

Գլխավոր դատախազությունն իր պատասխանում ևս հաստատել է, որ ՊՎԾ-ի և Հաշվեքննիչ պալատի ուսումնասիրությունների արդյունքում ԲԷՑ-ի վերաբերյալ նախաքննության փուլում է երկու քրեական վարույթ։ Ըստ պատասխանի՝ նշանակված են համալիր փորձաքննություններ։

Խոշոր հափշտակություններ և 0 դրամի վերականգնում

Ամենօրյա ռեժիմով ՀԷՑ-ի կառավարման թերացումներից խոսող իշխանության պաշտոնավարման ընթացքում ԲԷՑ-ում տասնյակ գողություններ են կատարվել, որոնց մեծ մասն առ այսօր բացահայտված չէ, և վնասը չի փոխհատուցվել։

Ըստ Քննչական կոմիտեի գրավոր պատասխանի՝ 2024-2025 թվականների ընթացքում ԲԷՑ-ից հափշտակություններ կատարելու դեպքերի վերաբերյալ վեց քրեական վարույթ է քննվում։

Դրանք վերաբերում են Երևանի «Մարաշ» ենթակայանից էլեկտրաէներգիայի հափշտակությանը, Սյունիքի մարզի «Գորիս» տեղամասից մետաղական անկյունակների գողությանը, Շիրակի մարզի «Արևմտյան» տեղամասից պղնձյա փաթույթների և սեղմիչների գողությանը և Վայոց ձորի մարզի «Վայքի» օդային գծից անկյունակների հափշտակությանը։ Այս վեց վարույթով պատճառված վնասը կազմում է շուրջ 6 մլն դրամ, որը չի վերականգնվել, չկա մեղադրյալ։

Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ 2021-2024 թվականներին Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է 19 քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի հատկանիշներով՝ գողություն:

«17 քրեական վարույթ նախաքննության փուլում է, երկու քրեական վարույթ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան»,- ասված է գրավոր պատասխանում։

Քրեական գործերից անդին

«Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերությունը հիմնադրվել է 1997-ին։ Այն ունի 10 մասնաճյուղ Հայաստանում։

2017-ից ՀՀ կառավարության առաջարկով բանակցություններ էին սկսվել գործադիրի ու «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ միջև՝ ԲԷՑ-ի կառավարումը «Տաշիր Կապիտալ»-ին հանձնելու նպատակով: 2018-ի մայիսին «Տաշիր Կապիտալը» հայտարարեց, որ հրաժարվում է կառավարումից։ «Տաշիր Կապիտալը», մասնավորապես, արձանագրել էր, որ «ԲԷՑ-ը ՀՀ պետական պարտքի ամենածանր դերակատարում ունեցող կառույցներից մեկն է, որը 15 տարվա «գերարդյունավետ» կառավարման արդյունքում 520 մլն ԱՄՆ դոլարի պայմանագրային պարտավորություն է կուտակել: Սա հավասար է այսօրվա պետական պարտքի շուրջ 7%-ին»։

ԲԷՑ-ի տնօրենի խորհրդական Սարգիս Թևոսյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում «Տաշիր Կապիտալ»-ի 2018-ի հայտարարության թիվն «անհասկանալի» համարեց։

«ԲԷՑ-ը բազմաթիվ ներդրումային ծրագրեր ունի՝ և՛ ընթացիկ, և՛ արդեն իսկ իրականացված, որոնց մասով կան ձևավորված և՛ վարկային պարտավորություններ, և՛ պայմանագրային փոխադարձ պարտավորություններ, այսինքն՝ անհասկանալի է, թե ինչ թվի մասին է խոսքը»,- ասաց նա։

Թևոսյանի կարծիքով՝ 2018-ի հայտարարությունը «կամ ինչ-որ թյուրիմացություն է, կամ իրականությանը չհամապատասխանող բան»։ Նա վստահեցրեց, որ ընկերությունն այս պահին չկատարված ժամկետանց պարտավորություններ չունի․ «Նման խնդիր առնվազն այս պահին գոյություն չունի»։

Ըստ Թևոսյանի՝ ԲԷՑ-ը գտնվում է «կայուն ֆինանսական վիճակում», անցնում է ամենամյա արտաքին աուդիտ և «բնականոն ձևով իրականացնում է իր վրա դրած բոլոր պարտավորությունները»։

Անդրադառնալով Հաշվեքննիչ պալատի 2019-ի ուսումնասիրություններին, որոնց հիման վրա հարուցվել են վարույթները, Թևոսյանը նշեց, որ ԲԷՑ-ն այն ժամանակ տրամադրել է պարզաբանումներ։ Ըստ նրա՝ «այդ հաշվարկներն ամբողջությամբ այնքան էլ հիմնավոր չեն, և այն երևույթները, ինչի հիման վրա, որ իրականացվել են, ունեն օրինական բացատրություն»։

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ հիմնադիր նախագահ Բաբկեն Պիպոյանի գնահատմամբ՝ ԲԷՑ-ի կառավարման արդյունքում ընկերությունում հետընթաց է գրանցվել՝ ի տարբերություն ՀԷՑ-ի։

«Եթե ՀԷՑ-ում դրական տեղաշարժը քիչ է, որից կարելի է դժգոհել, ապա ԲԷՑ-ում որոշ դեպքերում կա հետընթաց»,- ասաց Պիպոյանը։

Նրա կարծիքով՝ ԲԷՑ-ի խնդիրները հանրությանը տեսանելի չեն եղել, քանի որ ՀԷՑ-ը տարիներ շարունակ դրանք վերցրել է իր վրա՝ խուսափելով քաղաքական լարվածությունից։

«Ես այն քիչ մարդկանցից եմ այս երկրում, որը շատ լավ նկատում է, որ տարիներ շարունակ, երբ որ ԲԷՑ-ը խնդիրներ էր ստեղծում, ՀԷՑ-ը դրանք վերցնում էր իր վրա։ Եթե ԲԷՑ-ի ամեն մի խնդիր ՀԷՑ-ը իր վրա չվերցներ, միգուցե այսօր հասարակությունը իրական ընկալումներ և իրական պատկերացում ունենար, թե ինչ է նշանակում էլեկտրաէներգիայի անջատում»,- նշեց փորձագետը։ Ըստ նրա՝ այն, որ հասարակությունը հստակ չի ընկալում, թե որ ընկերությունից է գալիս խնդիրը, պակաս մեղավոր չէ նաև ՀԷՑ-ը։

Ինչ են բացահայտում ԲԷՑ-ի աուդիտորական զեկույցները

ԲԷՑ-ի շուրջ քրեական վարույթներից բացի, ընկերության ֆինանսական վիճակը տարիներ շարունակ մտահոգիչ է եղել նաև անկախ աուդիտորների համար։ 2016-2024 թվականների աուդիտորական զեկույցները (աուդիտորներ՝ BDO և Grant Thornton) հինգ տարի անընդմեջ՝ 2017-ից մինչև 2021, ընկերության ֆինանսական հաշվետվություններին տվել են ոչ թե դրական, այլ «վերապահումով կարծիք»։ Սա նշանակում է, որ աուդիտորները չեն կարողացել բավարար ապացույցներ ձեռք բերել՝ հաստատելու, որ հաշվետվությունները լիովին ճշմարիտ են, կամ համաձայն չեն եղել ղեկավարության կիրառած հաշվապահական քաղաքականության հետ։

Վերապահումների հիմքում երկու խոշոր խնդիր է եղել։ Առաջինը դեռ 2012-2014-ին արձանագրված ավելի քան 924 մլն դրամի պարտավորությանն է՝ կապված Իրան-Հայաստան գազատարի հաշվառման հետ։ Այս ակտի կիրառումը կասեցվել էր ՀՀ վարչապետի հանձնարարականով, մինչև գազատարի վաճառքը։ Խնդիրը լուծվել է միայն 2021-ին ակտիվի վաճառքից հետո։

Վերապահումների երկրորդ և առավել խոշոր պատճառը Շինուհայր և Ագարակ-2 ենթակայանների վերակառուցման ձախողված ծրագիրն էր։ 2016-ի մայիսին պայմանագիր էր կնքվել չինական Liaoning-Efacec Electrical Equipment Co. LTD-ի հետ, սակայն 2019-ի դեկտեմբերին ԲԷՑ-ը միակողմանի լուծել էր պայմանագիրը՝ պատճառաբանելով կապալառուի կողմից պարտականությունների շարունակական չկատարումը և շինարարության ավարտման ժամկետների խախտումը։ Խզման պահին, սակայն, ԲԷՑ-ն արդեն իսկ 6,4 մլրդ դրամ էր ծախսել (կապիտալացրել) այդ անավարտ շինարարության վրա։ 2020-ին և 2021-ին աուդիտորական զեկույցներում նշվում է, որ «Ընկերության ղեկավարությունը վստահ չէ» այդ 6,4 մլրդ դրամի վերականգնելիության հարցում, այնուամենայնիվ այն «արժեզրկման գծով պահուստ չի ճանաչվել»։ 2024-ի եզրակացությունում էլ նշվում է, որ անավարտ շինարարությունները ներառում է 6,7 մլրդ դրամ, որը վերաբերում է Շինուհայր և Ագարակ-2 ենթակայանների վերակառուցմանը:

Հոդվածի հիմնական լուսանկարը, ինչպես նաև ինֆոգրաֆիկաները պատրաստվել են ԱԲ գործիքի` Google Gemini-ի միջոցով

“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest